Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Հասակ առնելու հետ պատանուն տալիս էին նաև քաղաքական դաստիարակություն: Նրան հարգանք էր ներշնչվում ազնվականական տան գլխավորի՝ հոր նկատմամբ: Այնուհետև նրա մեջ ամրագրվում էր ընտանեսիրության զգացումը: Այս երկուսը անհրաժեշտ էին տոհմիկ հոգևոր ժառանգությունը սերունդներին փոխանցելու և գերդաստանական պատիվը բարձր պահելու համար:

Ֆիզիկական պատրաստվածությանը հին և միջին դարերում առանձնահատուկ տեղ էր տրվում արու զավակների դաստիարակության համակարգում, հատկապես՝ ազնվականների երեխաների մեջ: Այն սկսվում էր մանկությունից և ուղղված էր մի կողմից սերնդի ֆիզիկական ամրության նպատակին, մյուս կողմից՝ զուտ զինվորական դաստիարակությանը:

Զինվորական դաստիարակությունը, որը հետևողականորեն իրականացվում էր հին Հայաստանում, երկրի պաշտպանական համակարգի կարևորագույն երաշխիքներից էր: Այն ապահովում էր զորքերի մշտական մարտական պատրաստությունը:

Զուր չէր, որ հայկական բանակն իր մարտունակությամբ հռչակված էր Հին աշխարհում: Ուշագրավ է այն փաստը, որ հետագա դարերում` անկախության և պետականության կորստից հետո անգամ, այն պահպանեց իր դերը և համարումը` սկզբում Սասանյան Պարսկաստանի, այնուհետև Արաբական խալիֆաթի շրջանում: Այն զարգացում ապրեց նաև հաջորդ դարերում և 9-րդ դարում Բագրատունիների գլխավորությամբ մեծապես օժանդակեց Հայոց պետականության վերականգնմանը: 11-րդ դարում` Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, հայկական զինված ստորաբաժանումները պահպանեցին իրենց գոյությունը` պայքարելով օտար զավթիչների դեմ, օգտվելով ամեն նպաստավոր պահից` վերականգնելու հայրենիքի անկախությունը: Այդպիսի նպաստավոր պահ էր ստեղծվել18-րդ դարի քսանական թվականներին, երբ ազգային ազատագրական շարժման գլուխ կանգնեց հայրենիքի նկատմամբ իր անդավաճան սիրով և հրամանատարական բարձր որակներով օժտված հայ մեծանուն հերոսներից Դավիթ Բեկը:

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Պետրոս Առաջինի` դեպի Անդրկովկաս իր տիրապետությունը ծավալելու հետ հայերի մեջ վերջապես պարսկական ծանր լուծը թոթափելու հույս հայտնվեց: Նույն հեռանկարը հատկապես հնարավոր դիտվեց Սյունիքում և Ղարաբաղում, որտեղ համեմատաբար ավելի թույլ էին բռնապետության դիրքերը, ինչը պայմանավորված էր նաև տեղանքի աշխարհագրական բարդ, լեռնային դիրքով:

Այս ժամանակաշրջանում Հայաստանի ինքնապաշտպանության և ազգային ինքնորոշման կռիվներում երևան եկան մի ամբողջ խումբ հայազգի փառապանծ հրամանատարներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունեցավ հայկական բանակի, ռազմարվեստի զարգացման և հրամանատարական կադրերի պատրաստման գործում:

Դավիթ Բեկը, որ Վրաստանում էր, գալով Սյունիք` արագորեն իր շուրջը համախմբեց տեղի հայ զինվորականությանը, նրանցից կարգեց զորապետներ, որոնց շարքում էին Մխիթար Սպարապետը, Թորոս իշխանը և այլ փառապանծ անուններ, որոնք իրենց հրամանատարական և կազմակերպչական ունակություններով փայլեցին ազատագրական մարտերի ժամանակ: Դավիթ Բեկի անձնական և հրամանատարի բնածին որակները, հայրենիքի նկատմամբ նվիրվածության հետ մեկտեղ, իր ղեկավարած զորքերում դաստիարակչական հսկայական ազդեցություն էին թողնում: Նրա անձնական օրինակը վարակիչ էր ենթակաների համար:

«Զինվորական կարգապահությունը չափազանց խիստ էր: Զորավարն անողոք էր թերացողների նկատմամբ, թեև այդ խստությունը շատ քիչ էր պետք լինում գործադրել: Թե՛ զորապետները և թե՛ զորքերը զարմանալի նվիրված էին իրենց գործին, գիտակցում էին իրենց վրա դրված պարտականությունը: Դավիթ Բեկը վերին աստիճանի համարձակ էր և անվախ, նա չէր սարսափում թշնամու թվական գերազանցությունից և այդ ոգով էլ դաստիարակում էր իր զորքերին ու զորապետներին: Կռիվների ամբողջ ընթացքում հայկական զորքերը միշտ էլ մարտեր են մղել թվով գերազանց թշնամու դեմ, բայց երբեք կռնակ չեն ցույց տվել նրան» (Հյուսյան Մ., «Դավիթ Բեկ»): Դավիթ Բեկի զորքերի տարած հաղթանակները արդյունք էին նաև վերջինիս արագ կողմնորոշվելու, իրավիճակը իր օգտին շրջելու, թշնամուն հանկարծակիի բերելու ընդունակության, որի շնորհիվ էլ, ինչպես հայտնի է, նա ոչ մի պարտություն չի կրել:

Ցավոք, Դավիթ Բեկի անժամանակ մահից հետո Սյունիքում հայկական զինված ուժերը կազմալուծվեցին և պարտություն կրեցին: Սակայն հայկական զինվորականությունը պահպանվեց Արցախում և շարունակեց իր անհավասար պայքարը օտար նվաճողների դեմ` մինչև Անդրկովկասի միացումը Ռուսաստանին:

Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացումից հետո հայկական զինված ստորաբաժանումները՝ որպես ինքնուրույն միավորներ, դադարեցին գոյություն ունենալ, բայց հայկական զինվորականությունը շարունակեց ծառայել հայրենիքին` այս անգամ արդեն ցարական բանակին տալով այնպիսի հռչակավոր հրամանատարներ, ինչպիսիք էին Բեհբութովը, Մադաթովը, Տեր-Ղուկասովը, Լորիս-Մելիքովը և այլք:

Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի 70-ական թվականների վերջում առաջ եկավ ֆիդայական շարժումը, որն իր մեծ ազդեցությունը թողեց հայկական սպայական կորպուսի ձևավորման վրա:

Շարունակելի

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Պատմության էջերից


20/08/2015