Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ



Օգոստոսի 18-ին զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվեց 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Ուսումնական փուլի մեկնարկի օրը կրկնակի տոնական ու նշանակալից էր 3-րդ բանակային զորամիավորման հրետանային զորամասերից մեկի անձնակազմի համար: Զորամասին հանձնվում էր մարտական դրոշ: Զինվորական փառքի, պատվի և արիության խորհրդանիշը՝ մարտական դրոշը, հրամկազմին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով սպաներին և զինվորներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարտական դրոշը յուրաքանչյուր զինծառայողի համար հայրենիքին անմնացորդ ծառայելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը արիաբար պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցում է:

Նախարար Սեյրան Օհանյանը հույս հայտնեց նաև, որ նոր կիսամյակը՝ իբրև նախորդների շարունակություն, հաջողություններով լի կլինի, և ԶՈւ ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն: Ըստ այդմ՝ լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև զորամասի հրամանատար Ռուբեն Գասպարյանը: Նա հավաստիացրեց, որ հավատարիմ մնալով զինվորական երդմանը և մարտական դրոշին՝ այսուհետ ևս արվելու է առավելագույնը՝ զորամասի մարտական պատրաստականությունն ու մարտունակության մակարդակը մշտապես բարձրացնելու համար:

Ելույթներով հանդես եկան Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, վետերանների միության նախագահ Լևոն Վարանյանը և այլք:

***

Խորհրդանշական օրը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Այստեղ էլ ուսումնական փուլի մեկնարկի օրը համընկել էր ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի կազմավորման տարեդարձի հետ: Տոնական օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին և խոսելով ռազմական ավիացիայի ներուժի մասին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակաշինության և ազգային բանակի մարտունակության բարձրացման համատեքստում կարևորեց ռազմական և քաղավիացիայի օդաչուների, օդային ճանապարհով ռազմական նշանակության բեռների փոխադրումներ իրականացնող ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի դերակատարությունը:

Հանդիսավոր միտինգի ավարտին բեռների և սպառազինության տեղափոխման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու, միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցություն ունենալու, ինչպես նաև բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի համար զինվորական և քաղավիացիայի մի շարք ծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով:

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/08/2015