Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԳԵՑԱԾ ԱՌՕՐՅԱ՝ ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ



«Ծաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական հայրենասիրական հավաքի շրջանակներում մասնակից երկրների դրոշների բարձրացման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեցին առաջին միջոցառումները:

Հավաքի մասնակիցների առօրյան հագեցած է առաջին իսկ օրվանից, օգոստոսի 16-ի առավոտյան հավաքի բոլոր մասնակիցներին բաժանեցին 10 դասակների՝ յուրաքանչյուր դասակում մեկական ներկայացուցիչ բոլոր երկրներից: Նման կերպ կազմակերպիչները ձգտում են բարձրացնել թիմերի անդամների միջև ընկերության ոգին, փոխօգնության մղումը և փոխվստահությունը՝ վերականգնելով Հայրենական Մեծ պատերազմի տարիների հոգեբանական մթնոլորտը: Դասակի հրամանատարներն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտները, որոնք ներկայումս ուսանում են ՌԴ ռազմական հաստատություններում:

Նույն օրը կայացավ մրցույթ դանակի նետումից: Մրցակիցները պետք է խոցեին թիրախը՝ երեքական փորձով երեք մետր հեռավորությունից և վաստակելով թիմային միավորներ: Առաջին տեղերը թե՛ տղաների և թե՛ աղջիկների միջև մրցույթներում վաստակեցին Ռուսաստանի Իվդելա քաղաքի «Շանս» ռազմահայրենասիրական ակումբի սաները: Թիմային վարկանիշով դաշույնի նետում մրցույթում հաղթեց «Տիգրան Մեծ» հավաքականը:

Նույն օրը կայացավ նաև «Իմ ապուպապը՝ հաղթող» լուսանկարների մրցույթը: Յուրաքանչյուր թիմ պետք է ներկայացներ լուսանկարներով ցուցատախտակ՝ 2×1.5 չափսերով, որին կփակցվեին իրենց երկրի, քաղաքի, երկրամասի Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների լուսանկարները: Ցուցադրությունները կազմակերպեցին ստեղծագործական տարաբնույթ և հետաքրքիր հնարքներով, մտահղացումներով: Մի քանի թիմ ներկայացման ժամանակ հանդես եկան ազգային տարազով կամ պատերազմի տարիների հագուստով: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը հանդես եկավ երկու պաստառներով: Օդեսայից ուկրաինացի մասնակիցները, բացի լուսանկարների ցուցադրությունից, հանդես եկան նաև «Нам нужна одна победа» երգի կատարմամբ: Թատերական ներկայացմամբ հանդես եկան Ռուսաստանի Նոգինսկու կադետական կորպուսի սաները:

Օգոստոսի 17-ից մեկնարկեցին մրցումները լողից, սուսերամարտից, ծանրության բարձրացումից և «Պատնեշ պատնեշի» խաղից: Յուրաքանչյուր թիմ կուտակում է մրցութային միավորներ, որոնք կամփոփվեն հավաքի ավարտին:

Բացի մրցույթներից՝ հավաքի մարզիչների և հյուրերի համար կազմակերպվում են նաև դասընթացներ, ցուցադրական վարժություններ: Գեղարվեստական մարմնամարզությունից ցուցադրական ելույթով հանդես եկան հայկական հավաքականի 4 մարզիկները՝ մարզիչ Զառա Գրիգորյանի ղեկավարությամբ: Մոնթե Մելքոնյանի վարժարանի ֆիզպատրաստության ամբիոնի մարզիչները հանդես եկան լողի դասավանդման մեթոդիկայի ներկայացմամբ: Արտակարգ իրավիճակներում ճիշտ վարվելակերպի, առաջին բուժօգնություն ցուցաբերելու դասընթացներով և ցուցադրական ելույթներով հանդես եկան նաև ՏԿԱԻՆ փորձագետները: Կազմակերպվեցին նաև զենքի, զինամթերքի, ռազմամթերքի ցուցադրություններ, ինչպես նաև հետախուզական և կրակային վարժությունների դասընթացներ: Կրթական ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև բժշկագիտության և լրագրության դասընթացներ:

Հագեցած է նաև մշակութային ծրագիրը: Հավաքի առաջին օրն արդեն երեկոյան կազմակերպվեց տոնական համերգ՝ հայ երգիչների մասնակցությամբ (Ալլա Լևոնյան, Մհեր, Նարեկ Մակարյան, Լիլու և ուրիշներ): Իսկ օգոստոսի 17-ից ամեն երեկո նվիրված է լինելու մասնակից անդամ երկրին: Բացման իրավունքը տրվեց Հայաստանին: Հայկական մշակույթը, հայոց պատմության ընդհանուր ուղին ներկայացրին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, ԵԿՄ «Պատանի երկրապահ», «Փոքր Մհեր», «Տիգրան Մեծ» կրթահամալիրների սաները: Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ներկայացրին Արցախյան գոյամարտի պատմությունը, հանդես եկան պարային կատարմամբ: Հաջորդ օրը իրենց ազգային մշակույթը ներկայացրին հավաքի մասնակիցները Մերձբալթյան երկրներից: Մշակութային բոլոր ներկայացումները ևս գնահատվում են:

Մշակութային մասի շրջանակներում հավաքի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել Հայաստանի հետ ծանոթանալու անմիջապես. օգոստոսի 19-ին նրանք այցելեցին «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Էջմիածնի Մայր տաճար, Գեղարդի վանական համալիր, Գառնիի հեթանոսական տաճար, ինչպես նաև հայաստանյան մի քանի այլ նշանավոր վայրեր:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լուսանկարները՝
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Սուրեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Ռազմական


20/08/2015