Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻՈՒԹՅՈՒՆ 2015-ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ». ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է



«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվեց հավաքի մեկնարկը: Միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո` ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, բարձրաստիճան այլ հյուրեր:

Ուղիղ ժամը 11:00-ին «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» կազմկոմիտեի համանախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց հանդիսավոր արարողության առթիվ անձնակազմի շարված լինելու մասին: Ընդունելով զեկույցը` նախարարը ողջունեց անձնակազմին: Պատասխան ողջույնից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց ռազմաուսումնական հավաքի մասնակիցներին հանդիսավոր արարողության կապակցությամբ, որին ի պատասխան թնդաց հաղթական «հուռան», ապա հնչեց հանրապետության օրհներգը:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը արժևորեց հավաքի նշանակությունը եւ կարեւորեց՝ հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի 70-ամյակին, որը պատմական նշանակություն ունի ժողովուրդների համար, քանի որ այսօր էլ հոգեւոր առումով բոլորին միավորելու հոգեւոր հզոր ներուժ ունի իր մեջ, ինչպես նաև բարոյական ուղղորդիչ է, որ համախմբում է հետպատերազմյան սերունդներին՝ դաստիարակելով նրանց ընկերության և եղբայրության ոգով: «ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծ կարևորություն է տալիս «Միություն 2015-Հաղթանակի ժառանգներ» հավաքին, քանի որ այն իրապես գործող հայրենասիրական ուղղվածությամբ միջազգային ծրագիր է եւ հզոր գաղափար ու լիցք է պարունակում, միավորում է անցյալն ու ներկան: Հենց այդ պատճառով է, որ այսօր կարող ենք վստահորեն ասել՝ 2007 թ.-ին մեկնարկած ծրագիրը խոստումնալից ապագա ունի»,-նշեց պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հավաքի յուրահատկությունն այն է, որ դասակները ձեւավորված են խառը սկզբունքով. յուրաքանչյուր դասակում ընդգրկված է հավաքին մասնակցող պետություններից մեկ ներկայացուցիչ. «Սա խորհրդանշում է բոլոր ազգությունների ամբողջականությունը, ինչպես 70 տարի առաջ, երբ մեր պապերն ու հայրերը իրենց միասնության շնորհիվ կարողացան ընդհանուր ուժերով համաշխարհային չարիքի դեմն առնել եւ հաստատել ազատ ապրելու իրենց իրավունքը: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, բարդ խնդիրների հմուտ կատարում: Վստահ եմ, որ հավաքի ժամանակ ձեռք բերված կարողությունները կսովորեցնեն ձեզ ինքնուրույնություն, կդաստիարակեն թիմային որակներ, առաջնորդի բնավորություն եւ կաջակցեն ձեր կայացմանը որպես անհատի՝ պատրաստ դժվար պահերին օգնելու միմյանց»:

Մասնակիցներին ողջունեց նաեւ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին՝ նշելով, որ ԱՊՀ երկրների ռազմական համագործակցությունը մշտապես խորհրդի ուշադրության կենտրոնում է, և տարվա ընթացքում կազմակերպվում են թե՛ զորավարժություններ եւ թե՛ հավաքներ ու մրցումներ՝ ուղղված կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանը և հետագա կապերի ամրապնդմանը. «Սիրելի՛ մասնակիցներ, հավանաբար ձեզնից շատերին առաջին անգամ է բախտ վիճակվում ներկայացնելու ձեր պետության շահերը: Հավաքի ընթացքում դուք հնարավորություն կունենաք դրսեւորելու ինչպես ձեր ֆիզիկական պատրաստությունը, այնպես էլ ինտելեկտուալ կարողությունները, ստեղծագործական վարպետությունը, եւ որ ամենակարեւորն է, մարդկային որակները»:

Ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման ղեկավար Օլեգ Բականաչն իր հերթին նշեց. «Ձեզնից շատերը բազում դժվարություններ են հաղթահարել մինչեւ Հայաստան գալը: Ոմանք դժվարությամբ սահմանն են անցել, ոմանք էլ դժվարին պայքարում երկիր ներկայացնելու իրավունք վաստակել: Հիշեք, որ ընկերականությունից սուրբ ոչինչ չկա, հատկապես, երբ գտնվում եք ընկերությունը գնահատող հնամենի հողի վրա»,- իր ելույթում մասնակիցներին դիմեց Բականաչը:

Ավանդույթի համաձայն՝ միջոցառմանը ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերանները գեորգիևյան ժապավեններ հանձնեցին դասակների հրամանատարներին՝ հայկական բանակի ապագա սպաներին: Իսկ Հերոս քաղաք Մինսկից և Վելիկիյե Լուկից Հայաստան ժամանած մասնակիցները վետերաններին հանձնեցին սափորներ, որոնցում ամփոփված մի բուռ հողի համար արյուն էին թափել Մեծ հայրենականի հայազգի զինվորները:

Միջոցառումն ուղեկցվեց «Զորական», «Սարդարապատ» համույթների, էստրադային արվեստի երգիչ-երգչուհիների երաժշտական կատարումներով: Ցուցադրական ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ ԶՈՒ ավիացիոն և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


20/08/2015