Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԿՈՎԿԱՍԸ



Մի անգամ իր ելույթներից մեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով արևմտյան երկրների՝ միջազգային ահաբեկչությանն աջակցելու մասին, ասել է. «Ժամանակին նրանք հովանավորում էին իսլամական ծայրահեղական շարժումները Խորհրդային Միության դեմ պայքարում, որոնք թրծվեցին Աֆղանստանում: Եվ հենց նրանցից էլ աճեցին Թալիբանն ու Ալ-Քաիդան»:

«Իսլամական Պետություն» խմբավորման ակտիվացման հետ Մարոկկոյից ու Ալժիրից մինչև Կենտրոնական Ասիա ու Չինաստան ընկած երկրների նկատմամբ սպառնալիքներն ավելի հստակ ուրվագծեր են ստանում: Հատուկ ուշադրության է արժանի Կովկասը: Նշենք այն հետաքրքիր փաստը, որ 2014թ. հոկտեմբերի 12-ին Բաքվում ադրբեջանցի ընդդիմադիրների ցույցի ժամանակ բարձրացվել էր ԻՊ դրոշը: Իսկ վերջերս էլ ամերիկյան Foreign Policy հրատարակությունը հաղորդել է Վրաստանի տարածքում սիրիական զինյալների վարժաճամբարների տեղակայման ծրագրերի մասին:

Անընդհատ տեղեկություններ են հաղորդվում Սիրիայում մարտական գործողություններին մասնակցած կամ զոհված Ադրբեջանի ու Վրաստանի քաղաքացիների մասին: Իսկ վերջերս էլ ԻՊ դիրքերի ռմբակոծման արդյունքում սպանվել է Ադրբեջանի Տերտերյան շրջանի բնակիչ Ռովշան Բադալովը: Սիրիայի տարածքում նա ստեղծել էր «Տաբուկ» խումբը, որի կազմում կային նաև ադրբեջանցիներ, իսկ շուտով էլ նշանակվել էր Կովկասում «Իսլամական Պետության» էմիր: Ըստ տեղեկությունների, նոր «խալիֆի» խմբում կռվում էին Եվրոպայի, ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մոտ 3000 քաղաքացիներ:

Նշենք, որ արևմտյան լրատվամիջոցներում նախկին խորհրդային քաղաքացի զինյալներին անվանում են «կովկասցիներ» կամ «չեչեններ»՝ առանց ճշտելու նրանց ազգությունը: Ընդգծում են նաև, որ Հյուսիսային Կովկասում անկայունության օջախի առաջացումը կհանգեցնի վերջինիս տարածմանը Ռուսաստանի այլ շրջաններում: Նրանք իրենց ընթերցողներին ներշնչում են, որ զգալի էներգապաշարներ ունեցող Ռուսաստանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում կայունության հաստատմամբ, քանի որ Մոսկվան պաշտպանում է «Բաշար Ասադի դիկտատորական ռեժիմը»: Մի խոսքով, ամեն ինչ արվում է Ռուսաստանը թշնամի երկիր ներկայացնելու համար:

ԻՊ-ը, որի մասին մեկ տարի առաջ դեռ քչերը գիտեին, աստիճանաբար մի լուրջ տրանսազգային ծրագիր է դառնում իր հզոր ժամանակակից տեղեկատվական բազայով և սպառազինությամբ: Միայն 2013թ. մի քանի ամսվա ընթացքում սիրիական Ազատ բանակը նրանց է փոխանցել 2000 ավտոմատ AK-47, մոտ 1000 միավոր այլ կարգի ավտոմատ զենք, հակատանկային և ռեակտիվ նռնականետներ, 14,5 մմ տրամաչափի ծանր թնդանոթներ, 200 հազար տոննա զինամթերք և 100 ռազմական մեքենա: Ո՞վ է նրանց այս ամենը մատակարարում…

Վերջերս ԻՊ-ի գործողություններին գնահատական է տվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը. «Ես կխնդրեի դրանց «Իսլամական Պետություն» չանվանել: Նրանք շեյթաններ են, որոնց նպատակն է ինչքան կարելի է շատ փող վաստակել: Նրանք կատարում են Արևմուտքի հանձնարարությունները և նպատակաուղղված սպանում են մահմեդականներին: Նրանց օգնել և գնում են արևմտյան հատուկ ծառայությունները: Այդ ավազակներին որտեղի՞ց այդքան ինքնաթիռ՝ տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջությամբ զինելու համար միջոցներ… Աբու Բաքր ալ-Բաղդադին էլ հավաքագրվել էր կենտրոնական հետախուզական վարչության կողմից: Եթե նա իրեն իրոք իսկական մահմեդական է համարում, ապա թող բացեիբաց ընդունի, որ սպանում է իր դավանակից եղբայրներին, ներողություն խնդրի իր դավանակիցներից և ցրի իր ավազակախումբը: Հակառակ դեպքում՝ նրանց պետք է միայն ոչնչացնել»:

Սիրիայում և Իրաքում իրադարձությունները ավելի հաճախ են ստիպում խոսելու նոր սերնդի պատերազմների մասին: Դեռ 1989թ. ԱՄՆ «Ծովային ուժերի թերթը» հետեւյալ ենթադրությունն էր արել. «Չորրորդ սերնդի ռազմական գործողությունները կլինեն վերին աստիճանի տարածված և մեծ մասամբ անորոշ, խաղաղության ու պատերազմի միջև բաժանարար գիծը համարյա կանհետանա: Պատերազմն այն աստիճանի ոչ գծային կլինի, որ, ամենայն հավանականությամբ, կբացակայեն մարտադաշտը և ճակատային գիծը: Հավանաբար «քաղաքացիականի» և «ռազմականի» միջև տարբերությունները կանհետանան: Գործողությունները միաժամանակ ուղղված կլինեն դեպի մասնակից կողմերի ողջ «խորությունը»՝ ներառյալ նրանց ամբողջ հասարակությունը, որի տակ հասկանում ենք ոչ միայն ֆիզիկական, այլև մշակութային բաղկացուցիչը»:

Հենց այս ենք մենք այժմ տեսնում Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Եվ արդյոք ապահովագրվա՞ծ ենք, թե շուտով «չորրորդ սերնդի ռազմական գործողությունները» չեն տեղափոխվի Եվրոպա, որտեղ վերջերս բախումներ տեղի ունեցան եզդիների և կովկասցիների միջև:

Հատուկ շեշտադրվում է այն, որ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին մասնակցող զինյալները Հյուսիսային Կովկասից են, իսկ սա կարող է «Հյուսիսային Կովկասում անկայունության նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու» նախերգանք հանդիսանալ: Հետեւաբար, դա թույլ չտալու համար հարկավոր է հստակ հասկանալ եւ չեզոքացնել նոր սպառնալիքների աղբյուրները դեռեւս ծագման պահին:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Տարածաշրջան


27/08/2015