Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԵՐԱՐԴ ԳԱՖԵՍՃՅԱՆ



Հայտնի բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանը (1925-2013) ծնվել է ապրիլի 26-ին, Նյու Յորքում: Նրա ծնողները ներգաղթել էին Միացյալ Նահանգներ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:

1952թ. Ջերարդ Գաֆեսճյանն սկսել է իր մասնագիտական գործունեությունը Նյու Յորքի West Publishing ընկերությունում՝ որպես իրավական հարցերով խմբագիր: Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, որ մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոթա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ` ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ:

1996թ.-ին Ջ. Լ. Գաֆեսճյանը հիմնադրեց «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը, որի միջոցով միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանին՝ բարեգործական ծրագրերի իրականացման համար: Հիմնադրամի նպատակն է աջակցել հայ ժողովրդի առաջխաղացմանը և բարգավաճմանը:

Այժմ «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը նախագահում է Գաֆեսճյանի դուստրը՝ տիկին Քեթրին Գաֆեսճյան Բարադարանը:

***

Հայ մեծահարուստներից շատերն են աչքի ընկել բարեգործությամբ` Մանթաշով, Նուբար Փաշա, Ալեք Մանուկյան… Նրանց նյութական օժանդակությամբ բացվել են բազմաթիվ դպրոցներ, մատենադարաններ, հիվանդանոցներ, նորոգվել են ճանապարհներ…

«Հայ զինվորի» վերջին համարներից մեկում կարդացի հայտնի բարերար Քըրք Քըրքորյանի մասին:

Կցանկանայի ձեր թերթի առաջիկա համարներից մեկում էլ պատմեիք բարերար Ջերարդ Գաֆեսճյանի եւ Երեւանում նրա անունը կրող կենտրոնի մասին:

ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
սերժանտ

ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԸ ԵՎ ԳԱՖԵՍՃՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է հայերին, հատկապես` երևանցիներին, իբրև «Կասկադ»: «Կասկադ» համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները:

Կասկադի նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին, խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988թ., Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ` Հայաստանը թևակոխեց տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք: 2002թ. ամերիկահայ մեծ գործարար և բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանը նախաձեռնեց Կասկադի վերականգնումը: Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի անունը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր երեխաների և մեծահասակների համար: Արվեստի կենտրոնն այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային վայրերից մեկը. տարեկան ընդունում է ավելի քան մեկ միլիոն այցելու:

Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


27/08/2015