ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԵՐՍԻԱ
Օրեր առաջ ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման դիվերսիոն գործողության հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել տվյալ զորամասում իր հոգեւոր ծառայությունն իրականացնող Հովհաննես սարկավագ Գալստյանը եւ վարորդը՝ շարքային զինծառայող Արթուր Բալայանը: Վիրավորները տեղափոխվել են Մարտակերտի, ապա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալներ, որտեղ ստացել են առաջին բուժօգնությունը. կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, այնուհետեւ նրանց տեղափոխել են Երեւան՝ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Զրուցելով ՊՆ ԿԿԶՀ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Լևոն Ժամագործյանի հետ՝ տեղեկացանք, որ Արթուր Բալայանն ստացել է ձախ ուսագոտու փափուկ հյուսվածքների հրազենային վիրավորում և ազդրոսկրի եզրային կոտրվածք. վիրավորն ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը կայուն է, մոտակա օրերին կարերը կհեռացվեն, ձախ ուսագոտու վերքը կփակվի, և հնարավոր կլինի նրան դուրս գրել՝ ուղարկելով մեկամսյա բուժական արձակուրդ:
Բաժանմունքի բուժքույրը մեզ ուղեկցեց 28-րդ հիվանդասենյակ, որտեղ պառկած էր Արթուր Բալայանը: Երիտասարդը ժպիտով դիմավորեց մեզ (կարծում էի՝ լրագրողներից, վերջին օրերի անվերջանալի ու միանման հարցաշարերից հոգնած կլինի…) և պատմեց.
-Ամեն առավոտ մեքենայով հաց ենք տանում զինվորներին, երեկոյան իջնում ենք: Այդ օրն էլ… Ես մեքենայի ղեկին էի, սարկավագը նստած էր իմ կողքին, մեքենայի մեջ ևս երկու զինծառայող կար: Հանկարծ կրակոցներ լսվեցին. գնդակները սուրում էին մեր ուղղությամբ: Առաջին գնդակը ուսիս կպավ, հետո ոտքիս… Հաջորդը… չգիտեմ… և կյանքը ժապավենի նման անցավ աչքիս առաջ, հարազատ մարդիկ՝ ծնողներս, քույրերս, իմ սիրած աղջիկը… Շրջվեցի դեպի սարկավագը: Արյունը հոսում էր նրա ճակատից, երկու ձեռքով գլուխը բռնած՝ աղոթում էր…
…Ադրբեջանցիները փորձում էին շրջապատել, կանգնեցնել մեքենան: Սկսեցին կրակել մեքենայի անիվներին, շուտով չորս անիվներն էլ ծակվեցին, և մեքենան վարելը դժվարացավ: Ես ավելի ամուր բռնեցի ղեկը՝ մոռանալով ցավը, և ամբողջ ուժով սեղմեցի գազի ոտնակը: Ես հասկանում էի, որ չի կարելի կանգնել… Եվ գնդակներից պատառոտված անիվներով մեքենան շարունակեց առաջ գնալ: Անցնելով մոտ մեկ կիլոմետր և հասնելով մեր դիրքերին՝ մեքենան կանգնեց, արագ բացեցի դուռը, բոլորս ողջ էինք, իսկ զինվորները՝ անվնաս:
…Ավելի ուշ իմացանք, որ այն ճանապարհը, որով վերադարձել էինք, հակառակորդի կողմից նախապես ականապատված է եղել… Հրաշք էր, որ մեր մեքենան ականի վրա չէր բարձրացել: Աստծո աներևույթ ձեռքը մեզ ուղղորդել ու պաշտպանել էր:
Էդիտա ՄԵԼՔՈՆՅԱՆ
***
Հիվանդասենյակի մահճակալին պառկած տղան ավելի շատ հայդուկի է նման, քան հոգևորականի, մորուքը` թավ, գլուխն ու թևը` վիրակապված, հայացքը` հաղթական: Հանկարծ եմ հասկանում, որ արդեն մի քանի րոպե մտել եմ ներս, ժպտալով նայում եմ երիտասարդ սարկավագին ու մոռացել եմ բարևել: Բարև` ասում է պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանն ու ձեռքով ցույց է տալիս մոտակա աթոռը:
-Կարո՞ղ եք խոսել,-հարցնում եմ մի բան ասած լինելու համար, որովհետև հիվանդասենյակը լիքն է այցելուներով: Հանդիսատես ունես` փսփսում է մեր լուսանկարիչը ականջիս, հարցազրույցի զանգվածային դիտում` ուղիղ միացումով:
-Իհարկե, կխոսեմ,- պատասխանում է սարկավագը,-Դուք միայն ասեք` ինչի՞ մասին խոսեմ: Գլուխս էր մի քիչ ցավում, անցավ: Արդեն լավ եմ:
Ես նայում եմ շուրջս. չգիտեմ` ովքեր են, բայց հետաքրքրությամբ սևեռվել են մեզ վրա, ուզում են լսել պաշտպանության նախարարությունից եկած լրագրողի ու օրեր առաջ ադրբեջանցու հերթական դիվերսիայից ողջ մնացած սարկավագի զրույցը:
-Էդ տխմարները կրակել էլ չգիտեն,- ես արդեն դերի մեջ եմ:
-20 հոգով երկու հազար փամփուշտ կրակեցին, բայց չորսս էլ ողջ ու առողջ ենք,- սարկավագը հասկացավ ակնարկս, բռնեց հանգս:
-Էդ ո՞նց են կրակել ճակատիդ, որ հեչ պետքդ էլ չի:
-Փամփուշտը համբուրել-անցել է,- մենք ծիծաղում ենք:
Ինձնից է կախված, թե ինչ հոգեվիճակ կունենան շուրջս խմբված մարդիկ կես ժամ հետո, երբ ավարտեմ զրույցը, ինչ կպատմեն մյուսներին` մտածում եմ ես:
-Ես միշտ ինչ-որ ներքին լարվածությամբ եմ մոտենում սպիտակ թղթին, անընդհատ հիշում եմ` այն, ինչ գրելու եմ շուտով մտնելու է հազարավոր մարդկանց միտքն ու հոգին,- չգիտեմ` ինչու եմ սարկավագին պատմում այս ամենը:
-Ես էլ: Երբ խոսում եմ զինվորների հետ, երբ սեր, բարություն, նվիրում ու քաջություն եմ քարոզում, երբ հորդորում եմ հանդուրժող լինել միմյանց հանդեպ, մտածում եմ` արդյոք գտա՞ հարկավոր բառերը, կարողացա՞ դիպչել նրանց սրտին, ուժ տալ, գոտեպնդել, ոգևորել…
-Հոգևորականը հոգու բժիշկ է,- բանաձևում եմ ես:
-Իսկ հոգին ամեն ինչ է, հոգուց է բխում մարդու վարքը, բնավորությունը, վերաբերմունքը կողքինի հանդեպ:
Մենք մի պահ մոռացել ենք թուրքերի ձախողված դիվերսիան:
-Ես կամավոր եկա բանակ,- շարունակում է սարկավագը,- Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատեցի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, հետո որոշեցի, որ պիտի բանակում լինեմ, զինվորների կողքին:
-Ո՞վ կմտածեր, որ թուրքի գնդակը հոգևորականին էլ կհասնի:
-Ինչո՞ւ ոչ: Փառք Աստծո, որ տղաները չզոհվեցին, «Ուրալով» անցնում էինք անտառի միջով, հաց էինք տեղափոխում: Ես վարորդի կողքին էի նստած, մեզ հետ էր նաև մեքենայի ավագը, իսկ նորակոչիկ զինվորը թափքում էր: Հանկարծ սկսեցին կրակել` դիմացից, աջից: Ես անմիջապես հասկացա, որ թշնամու դիվերսիոն խումբ է ներթափանցել անտառ ու դարանակալել: Հենց առաջին կրակոցներից մեկը դիպավ ճակատիս, մյուսը` թևիս: Արյունը առվի պես հոսում էր գլխիցս, լցվում աչքերս: Տեսա, թե ինչպես ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուրը մի քանի տեղից վիրավորվեց…
Ես կրկին նայում եմ մեր շուրջ խմբված մարդկանց: Աչքերի մեջ ցասում կա, հպարտություն, կրակ…վախ չկա, ընկճվածություն չկա:
-Արթուրն ամբողջովին արյունլվա, պայթած անիվներով մեքենան քշեց թուրքերի վրա: Հետո սկսեց ամբողջ ուժով վարել մեքենան: Նա չկորցրեց իրեն, չվախեցավ, հոգու ու մարմնի ամբողջ ուժը հավաքեց ու փրկեց ընկերների կյանքը: Նա մինչև վերջ պայքարեց:
-Դուք իհարկե անզեն էիք ու առանց զրահաբաճկոնի:
-Ես զինված էի խաչով, իսկ հոգևորականի իմ հանդերձանքին կարկուտի նման թափվող գնդակներից և ոչ մեկը չի դիպել:
-Պետք է խաչից բացի նաև զենք ունենալ ու կապայի վրայից զրահաբաճկոն հագնել,- ասում եմ հրամանատարի նման: Սարկավագը ներողամիտ ժպտում է: Նույն պահին ներս է մտնում մի բժիշկ, ու զորամասերում հոգևորականներին հանդերձավորելու իմ «ծրագիրը» մնում է կիսատ: Հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի օրդինատոր Հրայր Աճեմյանը ուղղում է սարկավագի գլխի վիրակապը, շոշափում է ձեռքերը:
-Վիճակն ինչպե՞ս է, բժի՛շկ,-հարցնում եմ:
-Բավարար,- պատասխանում է Հրայր Աճեմյանը,- Հիվանդին ընդունել ենք գլխի հրազենային վիրավորումով, ձախից բազմաբեկոր ներհրված կտրվածք ուներ: Վիրահատել ենք, բոլոր բեկորները հանվել են, ոսկրային դեֆեկտի վրա տեղադրել ենք տիտանե թիթեղ…
-Շուտով զորամաս կվերադառնամ,- բժշկի խոսքը եզրափակում է սարկավագը:
-Ադրբեջանցիները սա չեն մարսելու,- ասում եմ հիվանդասենյակից դուրս գալիս: Հավաքվածներին եմ ասում:
Տղամարդկանցից մեկը բարձրացնում է բռունցքը:
…Ես ու լուսանկարիչ Գարիկը լուռ ենք տունդարձի ճանապարհին:
-Տղաները հրաշքով են փրկվել,- լռությունը խախտում է Գարիկը:
-Նաև 20-ամյա զինվորի քաջությունն է փրկել նրանց:
-Մի տեսակ վիրավորական է. մտել են մեր հողը ու ողջ հետ են գնացել:
-20-ը 4-ի դեմ, մի՛ մոռացիր:
-Սարկավագի գլխին ի՞նչ էին դրել:
-Տիտանե թիթեղ…
-Հոգևորականի հանդերձանքը պետք է գլխարկով անել, որ դիրքեր բարձրանալիս քաշեն գլխներին` գնդակ չդիպչի,- ասում է Գարիկը, ու մենք բարձրաձայն ծիծաղում ենք:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ Գարիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ