«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015. ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»
Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը օրեցօր նոր թափ է հավաքում:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին հյուրընկալվեցին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ.
«Մենք պարտավոր ենք լինել ոչ միայն հաղթանակի ժառանգներ, այլեւ դառնալ հաղթանակներ կերտողներ»:
Օգոստոսի 21-ին մրցույթ-հավաքի մասնակիցներին այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւեց հետախուզական պարապմունքներին, թիմերի վարպետության դասերին, վրանային ցուցադրություններին: Սեյրան Օհանյանը կարեւորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը եւ նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժի կարեւոր բաղադրիչն է. «Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով հետեւում է ռազմամարզական հավաքի ընթացքին: Այստեղ բոլորը հաղթողներ են, բայց առաջին հաղթողը Հայաստանն է, քանի որ հյուրընկալել եւ ջերմությամբ ընդունել է մասնակիցներին: Մեր սերունդը պետք է հպարտ լինի, որ հնարավորություն ունի հաջորդ սերունդներին փոխանցելու այն արժեքները, որոնք ձեռք ենք բերել խորհրդային տարիներին: Մենք պարտավոր ենք լինելու ոչ միայն հաղթանակի ժառանգներ, այլեւ դառնալու հաղթանակներ կերտողներ»: Հավաքի կազմկոմիտեն նախարարին նվիրեց անվանական ոսկե դաշույն:
***
Նույն օրը Սեյրան Օհանյանը հանդիպեց «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Բազեականների խնդրանքով նախարարը համեմատեց անցյալ եւ այս տարվա օգոստոսյան իրադարձություններն ու նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում էր եւ թուլացավ միայն Եվրոպական առաջին խաղերի ժամանակ. «Խաղերից հետո սպասում էինք, որ սրացումներ կլինեն: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի հակառակորդը խոշոր տրամաչափի զենքեր է կիրառում: Կրակում են 60, 80, 120 մմ տրամաչափի ականանետներից: Մենք ունենք հակառակորդի արկածախնդրությունը կանխելու բոլոր հնարավորությունները: Հայկական կողմը շատ խիստ է պատասխանում նշանացուցված կրակոցներին, մենք փամփուշտները անիմաստ չենք վատնում եւ անկանոն կրակոցներին չենք պատասխանում»: Նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ. «Արցախի հարցը ռազմական տեսանկյունից լուծված է»:
Սեյրան Օհանյանը դրական գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է պահպանվի, իսկ աշխատանքը շարունակվի նույն կարգավիճակով. «Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: Թեպետ կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք օբյեկտիվ չեն կարող լինել հակամարտության կարգավորման հարցում: Ներկա դրությամբ Մինսկի խմբի ակտիվությունը նվազել է, քանի որ համանախագահող երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական տարակարծություն»:
Պատասխանելով սահմանադրական բարեփոխումների մասին հարցին՝ Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում պաշտպանության եւ անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումներին. «Տարբեր քննարկումների, փոխլրացումների, լրամշակումների միջոցով մենք մեր առաջարկությունները ներկայացնում ենք: Կարող եմ ասել, որ պաշտպանության եւ անվտանգության խնդիրները սահմանադրական փոփոխությունների փաթեթում երաշխավորված են, եւ ավելին՝ երաշխավորված է հրամանատարական եւ կառավարման ուղղահայացը: Քննարկումները դեռ շարունակվում են, եւ անհանգստանալու կարիք չկա: Բանակն այն կառույցներից է, որտեղ կառավարման այնպիսի համակարգ է ձեւավորված, որ չի կարող փլուզվել, ընդհակառակը՝ նոր կառավարման համակարգի շնորհիվ ավելի ամուր է դառնում»:
Նախարարը խոսեց նաեւ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին եւ ընդգծեց, որ իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում են ձեւավորվում զինվորականի ասպետական հատկանիշները. «Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարեւոր տարրին՝ արժանապատվությանը: Ես միշտ ասում եմ մեր ենթականերին՝ բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարելու մյուսի արժանապատվությունը: Արդեն իսկ այդ ուղղությամբ նախաձեռնել ենք ծրագրային գործունեություն: Առաջիկայում պաշտպանության նախարարին կից ստեղծվելու է Բարեվարքության ամրապնդման եւ մարդու իրավունքների կենտրոն, որը նպաստելու է ազնվության եւ արդարության մթնոլորտի ձեւավորմանը»: Հանդիպման վերջում Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը պաշտպանության նախարարին նվիրեց բազեի խորհրդանշական արձանիկ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ.
«Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք»:
Օգոստոսի 22-ին էլ «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի մասնակիցներին այցելեց ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նախագահին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ հավաքի կազմկոմիտեի անդամները:
Սերժ Սարգսյանը հետեւեց ընթացող ցուցադրական պարապմունքներին, իսկ տեղադրված վրաններում՝ վարպետության դասերին քիմիական-կենսաբանական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, հատուկ նշանակության զինամթերքի կիրառման վերաբերյալ:
Հատուկ տեղադրված բեմահարթակից թիմերը հյուրերին ողջունեցին մշակութային ծրագրով: Իր հերթին ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման ղեկավար Օլեգ Բականաչը շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարին իր ծավալներով աննախադեպ միջոցառում կազմակերպելու համար եւ հավաքի մասնակիցների անունից նախագահին նվիրեց Ուրալի վարպետների պատրաստած կնիքը՝ մաղթանքով, որ այն հնարավորինս հաճախ դրվի Միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա: Սերժ Սարգսյանը, շնորհակալությամբ ընդունելով նվերը, նշեց, որ այն թանկ է իր համար նաեւ մի կարեւոր պատճառով, որովհետեւ իր ժամկետային ծառայությունն անցել է հենց Հարավային Ուրալում:
Սերժ Սարգսյանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի. «Այդ հաղթանակը հնարավոր է դարձել շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք ուղղակի պարտավոր ենք գնահատելու այն: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, եւ բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլ նաեւ ամեն ինչ անենք շարունակելու այն ավանդույթները, որոնք եղել են եւ կան: Պետք է երախտապարտ լինենք այն մարդկանց, ովքեր մտահղացել եւ իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծելու հարթակ, որի շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որի միջոցով կարող եք փոխանցել գիտելիքներ եւ, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել: Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում կան շատ մարտահրավերներ, եւ դրանք հնարավոր է հաղթահարել միմիայն համատեղ ուժերով: Դուք տարածողներն եք համամարդկային գաղափարների, հանուն որոնց պայքարել են մեր պապերն ու նախապապերը: Ես վստահ եմ՝ ե՛ւ դուք, ե՛ւ ձեր հասակակիցների մեծ մասը դա գնահատում են եւ ամեն ինչ կանեն, որպեսզի այս բարեկամությունը, հարաբերությունները լինեն հաստատուն եւ շարունակական»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հավաքի մասնակիցներին հաջողություններ:
Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը, եւ մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան: Ամենակարեւորը՝ հավաքի մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեն եւ լավ տպավորություններով վերադառնան տուն:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,
ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ