Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Տավուշ աշխարհում բացվում է հերթական օրը: Արեւածագ է` գեղեցիկ, սքանչելի, մեծ վիպասան Րաֆֆու հոգեհարազատ բնորոշմամբ` լուսապսակ առավոտ: Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտու Բերդավան, Դովեղ, Ոսկեւան, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս հաղթանակած շեներում իր ամենօրյա աշխատանքն է սկսում հայ գյուղացին: Շեմից դուրս գալով՝ առաջինը հայացքն ուղղում է դիրքեր, որտեղ կանգնած են մեր դիրքապահ տղաները, եւ օրհնանք-աղոթքի հետ ասում. «Բարի լույս, զինվո՛ր, այս գիշերն էլ անցավ մեր հաղթանակով: Իսկ երբ գիշերը խաղաղ է` առավոտները միշտ են լուսապսակ»:

Սկսվում է փոխգնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Նվագախմբի խրոխտ հնչյունների տակ շարահրապարակ է բերվում զորամասի մարտական դրոշը: Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Այնուհետև մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեր ազատագրական պայքարի զոհերի հիշատակին:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Չոբանյանը, տոնի առթիվ շնորհավորելով մասնակիցներին, համառոտ ներկայացնում է զորամասի անցած ուղին. «1990թ.-ի օգոստոսից 1992թ.-ի մայիս ամիսներին երկրապահ կամավորականներից և սահմանամերձ գյուղերի բնակիչներից կազմավորվում է մեծ վաշտ` ՆԳ հատուկ գնդի կազմում: 1992թ.-ի մայիսի 1-ին վաշտն ընդգրկվում է Նոյեմբերյանի պարետատան սահմանապահ ջոկատի կազմ` ի թիվս Նոյեմբերյանի, Բերդավանի, Դովեղի, Ոսկեպարի, Ոսկևանի, Կոթիի, Բարեկամավանի ուղեկալների: Տարածաշրջանի պաշտպանության գործում մշտապես իրենց մասնակցությունն են ունեցել տեղի կամավորական խմբերը, որոնք այսօր էլ մեր կողքին են: 1992թ. աշնանը զորամասն առաջին անգամ համալրվում է ժամկետային պարտադիր զինծառայողներով: 1993թ.-ի օգոստոսի 17-ին ձևավորվում են երկու գումարտակներ` պաշտպանության տեղամասի աջ և ձախ թևերում (Ջուջևան և Կողբ): Այնուհետև՝ 1994թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին, ձևավորվում են 4 գումարտակներ, որոնցից երկուսը տեղակայվում են Կողբում (հրամանատարներ՝ Սերժիկ Բարսեղյան, Ալեքսանդր Մախսուդյան) մեկը Ոսկևանում (հրամանատար` Սոս Բուդաղյան), մեկը` Կոթիում (հրամանատար` Մելիք Մելիքյան):

Ձևավորվում են նաև մարտական ապահովման ստորաբաժանումները` մեկական տանկային վաշտ, զենիթային և հրետանային մարտկոցներ: 1994թ. օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ հրամանով այս ստորաբաժանումների միավորմամբ էլ կազմավորվում է զորամասը:

Փառավոր մարտական ուղի անցած զորամասի հրամանատար լինելու պատիվ են ունեցել 7 հրամանատարներ` փոխգնդապետ Վալերի Չիթչյան, մայոր Ալեքսանդր Մախսուդյան, գնդապետ Դավիթ Խաչմանուկյան, գնդապետ Արմեն Թումանյան, փոխգնդապետ (այժմ` գեներալ-մայոր) Արտակ Դավթյան, գնդապետ Գևորգ Ենոքյան, գնդապետ Նորիկ Ամիրխանյան, գնդապետ Վահագն Ասատրյան: 2015թ.-ի մայիսից գնդի հրամանատարն է փոխգնդապետ Սողոմոն Խաչատրյանը:

Գունդն անցել է ծանր ու դժվարին ուղի և կայացել է անքուն գիշերների ծառայության արդյունքում: Շնորհավորում եմ բոլորիս այս փառավոր օրվա կապակցությամբ` մաղթելով միայն նոր հաղթանակներ և նորանոր ձեռքբերումներ»:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրյանը կարևորելով տոնի խորհուրդը` նշեց, որ անցած ամռան լարված օրերին նույնպես նշվել է զորամասի տարեդարձը, որովհետև` «Այս օրը յուրահատուկ հաշվետվություն է ինչպես մեր զորամասի յուրաքանչյուր զինծառայողի, այնպես էլ սահմանամերձ մեր բնակիչների և տոնակատարությանը ներկա բոլոր մասնակիցների առաջ ևս մեկ անգամ անդրադառնալու գնդի անցած հաղթական մարտական ուղուն, հաղորդակից դառնալու նրա ավանդույթներին և լցվելու այդ ավանդույթները շարունակողը լինելու պատրաստակամությամբ»:

Այնուհետև հրամանատարն իր երախտիքի, գնահատանքի խոսքերն ուղղեց նախկին բոլոր հրամանատարներին և զինծառայողներին, ինչպես նաև երկրապահ կամավորականների հասցեին, քանի որ հայրենիքի պաշտպանության, ինչպես նաև բանակաշինության գործում նրանք էլ իրենց նշանակալի ավանդն են ունեցել:

«Բանակը շռայլություն չէ, այլ գոյության և հարատևման իրական երաշխիք և օբյեկտիվ անհրաժեշտություն: Բանակը նաև աշխարհասփյուռ հայության միավորման գրավականն է: Եվ ահա այս ձեռքբերումը` պատերազմի բովում կազմավորված բանակը պահպանելը և հզորացնելը իր հայրենիքը սիրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի գերակա խնդիր և նպատակ: Պետք է նշել, որ այսօր էլ մեր կողքին զենքը ձեռքին կանգնած է տարածաշրջանի բնակչությունը` պատրաստ պաշտպանելու սահմանամերձ գոտում գտնվող մեր բնակավայրերի խաղաղությունն ու անվտանգությունը:

Այսօր մեր զորամասի յուրաքանչյուր զինծառայող` որպես Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանների անվտանգությունն ապահովող զինվորական, գիտակցում է հայրենիքը պաշտպանելու իր առաքելության կարևորությունը: Եվ այդ գործում մեզ համար որպես ուղենիշ են հանդիսանում պաշտպանության նախարարի այս խոսքերը. «Մեր ամենագլխավոր զենքը մեր բարձր մարտական ոգին ու մարտական բարձր պատրաստականությունն է»: Շնորհավորանքի խոսքեր ասացին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ԵԿՄ նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրս), գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը և այլք: Զորամասի հոգևոր սպասավոր, տեր Սմբատ Աբրահամյանի «Պահպանիչ աղոթքից» հետո զորամասի հրամանատարը մոտեցավ բարձրախոսին և դիմելով զինվորներին՝ ասաց. «Սիրելի՛ զինվորներ, կրկին շնորհավորում են բոլորիս զորամասի 21-րդ տարեդարձի առթիվ և եկեք միասնաբար արտաբերենք «Տերունական աղոթքը»:

Հնչում է Տերունական աղոթքը. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…»:

Խոստովանում եմ` այսպիսի հնչեղությամբ, պարզությամբ, ոգևորությամբ, խոնարհումով ու անանձնական հպարտությամբ առաջին անգամ էի լսում «Հայր մերը»: Եվ արդյոք զուգադիպությո՞ւն էր, որ հենց նույն պահին հնչեցին բարձունքին կանգնած սուրբ Հովհաննես եկեղեցու զանգերը: Եվ նույն պահին էլ հիշեցի, որ արարողակարգն սկսելիս, երբ շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը, այսպես հնչեց նաև մեր հայրենիքի օրհներգը:

Լավագույն ծառայության համար մի խումբ զինծառայողներ պաշտպանության նախարարի, զորամասի հրամանատարության, ինչպես նաև Ղարաբաղի պատերազմի վետերանների միության կողմից պարգևատրվեցին և խրախուսվեցին: Հոգեբանական առումով լավագույն խրախուսանք էր նաև հրամանատարի` զինծառայողներին նախկինում տրված տույժերի ու նկատողությունների «ներումը»:

Օրն իրոք տոնական էր: Իրենց ցուցադրական ելույթներով հիացմունք պարգևեցին զորամասի հետախույզները, քանի որ հպարտություն ես ապրում այն գիտակցումից, որ այսպիսի տղաներ են կանգնած մեր սահմաններին: «Զորական» համույթի նախկին զինծառայող Սևակ Եփրամյանի հայրենասիրական կատարումների տակ երգում-պարում էին զինվորները:

***

Տոնակատարությունը դեռ շարունակվում էր, երբ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սողոմոն Խաչատրյանը, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մանուկ Բուդաղյանի և Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահի հետ անցան մարտական հենակետերով` շնորհավորելու զինվորներին զորամասի 21-րդ տարեդարձի առթիվ: Դիմելով զինվորներին՝ միջոցառման մասնակիցները ասացին. «Սիրելի՛ զինվորներ, Հայաստան աշխարհը դրախտ է, և դուք եք այդ դրախտի դռների պահապանները»:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/09/2015