ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
-Սպասի՛ր, թույլ տուր ինքս՝ «և ձեր անհեթեթ բաժանման օրից ոչ մի վայրկյան չես մոռացել Մարիայի չքնաղ-ցասկոտ պատկերը` անվերջ հուսալով ու հավատալով, որ գերագույն կամեցողությամբ կհանդիպեք նորից` երբ բացվեն Երկնքի դռները: ԴՈՒ և ՆԱ…»: Ճի՞շտ կարդացի թաքուն իղձերդ, Գեներալ,- մեջս «կրակի հետ խաղալու» անզուսպ ցանկություն էր առաջ եկել` իհարկե, ինձ ոչ անհայտ պատճառներով:
-Վերջը գլխիս պատուհաս ես դառնալու, ժուռնալի՛ստ, սկսել ես արդեն գուշակություննե՞ր անել:
Գուշակությունը, գուցե, իսկապես էլ տեղին չէր, բայց ես չէի պատրաստվում նահանջել, քանի որ լուրջ կասկածներ ունեի, թե Մարիայի նման եթերային (ոչ երկրային) մարդ-արարածը իր շռայլ հոգու շնորհներից (իրեն սազական) մի ինչ-որ հեքիաթային` շատ նվիրական ընծա-ՊԱՏԳԱՄ թողած չլիներ իր «հալալ» կեսին` թեկուզ մի «փետուր» պոչիկից, որով կարողանար կողմնորոշվել իր սիրեցյալը, ԵՐԿՎՈՐՅԱԿ ՀՈԳԻՆ այս անիրավ աշխարհում, ինչի մասին Սողոմոնը լռում էր այն պահից սկսած, երբ հպանցիկ ակնարկեց, հետո էլ հաստատեց իր պատկանելությունը մի արտասովոր առեղծվածի, որից կախված էր իր սեփական բախտն ու ճակատագիրը: Եվ ինձ հենց այդ անմեղ, միամիտ համեմատության տակ թաքնված գաղտնիքն է, որ դադար չէր տալիս: Դրանից էլ հավանաբար դատողություններս հանդուգն ու անպարկեշտ էին երևում, և կարող էր թվալ, թե երես եմ առնում…:
-Ես ինձնից բաներ չեմ հորինում,- արդարացա` ցրելու համար մեր միջև ծագած թյուրըմբռնումը,- և ոչ էլ փորձում եմ եղածից ավելի խելացի երևալ: Փողոցի երեխան էլ գիտի, հիշում է ավանդազրույցներից հայտնի Հազարան բլբուլի պատմությունը, չէ որ ինքդ օրինակ բերեցիր…Հիմարը միայն բառացի կհասկանար, ինձ տողատակն է հետաքրքրում…Եթե, ինչ խոսք, սիրունության համար չէր ասված,- ինքնասիրության հիվանդկախ կողին դիպա:
(Վերքը տիրոջն է ցավ տալիս):
Հաշվարկը դիպուկ էր. արձագանքը ուշացնել չտվեց:
14
-Վերջապես երկնքի դռները բացվել են, ժուռնալի՛ստ…Շուտով ամեն բան իր տեղը կընկնի:
Գուժեց չարագուշակ` զարհուրելի հանդիսավորությամբ այն տառապյալի նման, որ երկար, շա՜տ երկար էր սպասել ահեղ կանխորոշման վերահաս օրվան, որից էլ հանկարծ ծնկներս դողացին` գիտակցելով, որ սադայելը (անեծք նրա չար գործին) գերանդին ձեռքն էր առել: Եվ ես շիտակ ընկալեցի Սողոմոնի հղումը, որ նշանակում էր, թե գերբնականի հետ հարաբերվելիս իրավունք չունեմ թեթևամիտ լինելու, մանավանդ որ հանգամանքների բերումով և դասավորությամբ հայտնվել էի մի օրհասական իրավիճակում, երբ ոտքերիս տակ առարկայորեն զգում էի՝ ինչպես են բեխվում տարտարոսի սալերը: Ու որ մարդու միտքն անզոր է ու խղճուկ մաքառելու անդենական ուժերի դեմ: Մնում էր ենթարկվել…
-Ժամը մոտ է, բարեկամս, կորած-մոլորած ԲԼԲՈՒԼԸ վերադարձել է քամու բերանն ընկած…պատրա՞ստ ես:
Խոստովանում եմ` մեր ծանոթության առաջին իսկ վայրկյանից (հետզհետե` ավելի ու ավելի), առաջին իսկ հայացքից Սողոմոնի մասին, նրա՝ որպես անհատականության, մարդ-տեսակի մասին տպավորություններս, երբեմն էլ հեղհեղուկ, անհաստատ ենթադրություններս գնալով ապշելու աստիճան միս ու արյուն էին ստանում իմ այն մտավախությունների ու կասկածների տեսքով, որոնք էլ ստիպում էին ինձ անկեղծորեն անհանգստանալ նրա չարչրկված հոգու խաղաղության համար: Հոգի, որին ամենևին ներհակ չէին պահի թելադրանքով ընդունված հապճեպ որոշումները, անխորհուրդ ու հախուռն, հաճախ նաև` «անգիտակից»-անհավասարակշիռ մղումները, որոնք «հորից որդուն» փոխանցվող ժառանգականությամբ իմաստավորելը շատ հեշտ ու պարզունակ կհամարվեր… Նա, ով տևական ժամանակ, ի հեճուկս հասարակական (ընկերական) կարծիքի (էլ չեմ ասում` նոր-նոր կազմավորվող կանոնավոր բանակի կարգ ու սարքի), «առանց իրեն ծաղրի ենթարկելու ամոթի», հայտնի ու անհայտ շարժառիթներով վաղուց արդեն հագից չէր հանում շոգից, անձրևից ու քամիներից խունացած-խամրած գեներալական ոսկեկար տաբատը` իր «խորտակված երազանքի» հավատչյան, բայց և հաճախակի էլ, չգիտես ինչից դրդված, մեղավոր երեխի պես ամոթխածորեն խոնարհում էր առնական-գեղեցիկ հայացքը…Նա, ով ունակ էր իր պայծառ մտքի, լուսավոր խելքի խենթ թռիչքների ու շլացնող փայլատակումների բարձունքից գահավիժելու-թաղվելու կենցաղային գորշության մահացու մեղքերի մեջ…հազիվ թե «իր պապենական և հորենական արյան բաղադրությամբ» սահմանափակվեր, ինչը պատիվ չէր բերում նրա ծայրաստիճան հակասական, մեկտեղ էլ ողբերգական խառնվածքին: Շատ ավելի միստիկ, քան թե հերոսական կերպարին: Երբ ինքն էլ կարծես, ի վերջո, հանգել էր այն հստակ համոզման, որ անկարելի է, անհնար միաժամանակ և՛ Աստծո ընտրյալը լինել, և՛ սատանայի սիրելին, որից հեծեծում, երկատվում էր Սողոմոնի անհանգիստ էությունը: Գուցե հենց այս անելանելիությունից հոգնած ու հալածված ճարահատ ապավինում էր «փրկարար փետուրի» կախարդանքին, որը ոչ թե հեքիաթային հնարանք էր, ժանրային առանձնահատկություն (ինչպես կարծել էի), այլ դառը իրապատում, որից կախարդանքի զորությունը ամենևին չէր թուլանում: Ընդհակառակը…
-Պատրաստ եմ,-հաստատեցի` դարձյալ խորամանկելով, առանց ավելորդ հարցասիրության, ինչն էլ, ըստ իս, պետք է խրախուսեր ու խթաներ Սողոմոնին՝ բացելու փակագծերը:
-Այ քեզ զսպվածությո՜ւն,- վրա բերեց տարակուսած,- դու զորքդ հետ ես քաշում, երբ փոխարենը առա՞ջ պետք է շարժվես…Բրա՛վո, Մակեդոնացուն արժանի մարտավարություն,- իսկույն էլ հասկացրեց, որ թեպետ հարգում է իմ ընտրությունը և գնահատում «հնարագիտությունս», բայց չի թողնի, որ իրեն հիմարի տեղ դնեն:
-Դու չգիտես էլ, թե ինչ եմ ուզում ասել, և պատրաստակամությո՞ւնդ ես հայտնում չիմացած բանի հանդեպ, ո՞նց կհրամայես հասկանալ, ժուռնալի՛ստ:
Թե ինչ նպատակ էր հետապնդում ինձ վրա բացահայտորեն ճնշում գործադրելով ու «նեղը» գցելով, դժվարանում եմ գուշակել, այդուհանդերձ, ես մինչև վերջ անսասան մնացի` չդավաճանելով իմ համոզմունքներին: Ամենակարևորը` չվնասելով մեզ իրար կապող բարակ, անչափ զգայուն «նյարդը», որ երկուսիս էլ պահում էր անվնաս տարածության վրա` խոհեմության ծիրում:
-Քեզ հետ, դժոխք էլ լինի, կգամ, նշան չունի…,-ոնց որ ասում են` «բրնձեցի»` աչք-ունքից չընկնելու համար:
Եվ ինչպես որ դրել էր ինձ անհարմար դրության մեջ, այնպես էլ ինքը մեծահոգաբար նեցուկ եղավ` ցույց տալով, թե ով է իրականում դրության տերը:
-Շնորհակալ եմ վստահության համար, բայց, վախենամ, դրա կարիքը մոտ ժամանակներս հազիվ թե զգացվի, ժուռնալի՛ստ, որովհետև մենք երկուսս էլ քաջ գիտակցում ենք, որ ես Ոդիսևս չեմ, և ոչ էլ դու` Պատրոկլես…Թեպետ քեզ բարեբախտություն, արևշատություն եմ ցանկանում:
Դեմքը թեև լավ չէր երևում, սակայն այնպիսի տպավորություն ունեի, որ ժպտում է…
***
Դադար առանք, քանի որ երկուսս էլ, իբրև սովորական մահկանացուներ (հատկապես ես), մեր թեթևակի «պետքերը» հոգալու կարիքն ունեինք: Հետո, շատ տարիներ անց, այդ հեռավոր, խորհրդավոր գիշերվա հենց մի ակնթարթն էի շարունակ հիշելու, երբ երկուսով` ես և նա, կողք կողքի, ինչպես երեխա ժամանակ ես և իմ մանկության օրերի ընկերը, ջուր էինք թափում անհոգ` «ոչնչի մասին չմտածելով»…Երբ փոքր տղա էի, մորս հոգին հանում էի անտեղի, հիմար հարցերով. օրինակ` ինձ անչափ հետաքրքիր էր` «Աստվածները զուգարան գնո՞ւմ են, թե ոչ…Չէ՞ որ նրանք անմահական ամբրոսիայով են սնվում…»: Մայրս դիվանագիտորեն էլ բավարարում էր իմ մանուկ երևակայությունը` «Բայց դու ինքդ էլ հենց նոր քո հարցին պատասխանեցիր, տղա՛ս,…Եթե սնվո՜ւմ են, ուրեմը՜ն…Չարժե խառնվել նրանց գործերին, տղա՛ս, մերը մեզ գլխովին հերիք է…»: Մայրս ինձ չէր զրկում անձնական կարծիք (թեկուզ և` անմիտ) ունենալու իրավունքից, սեփական հայացքի տեսադաշտից` ոչ անհարկի գունավորելով երեւույթները, ոչ էլ չոր ճշմարտության հետ ինձ մենակ թողնելով, որպեսզի հետո հասակի հետ «հիասթափությունս» շատ խորը չլիներ իրականությանը առերեսվելիս…Ու որքան էլ փոքրուց վարժված էի չափավորության, մտքի սթափության ու դատողությունների հավասարակշռության, միևնույն է, հիմա, հենց այս սովորական, ամենահողեղեն (կենդանական) «պահանջմունքի պահին»` աստղալից գիշերով, լուսնի լույսի հրեղեն ցոլքերով ողողված, միայնակ` ընդդեմ չար բախտի, ՆԱ ինձ աստված էր թվում կամ…կիսաստված, որի հանդեպ ամենաջերմ, ամենաանաչառ ու մտերմական զգացմունքներս աչքի համար աննկատ վերաճում էին մի արտասովոր կապվածության…Մնացած ողջ կյանքիս համար, ինչի մասին ես առայժմ գլխի չէի ընկնում: Սիրտս ցավում էր նրա համար, որովհետև ինքս էլ ասես, ԳԱԼԻՔԻ ահեղ շնչով տոգորված, հասկացել էի` «մոտ է ժամը…»: Եվ ինձ համար այլևս միևնույն չէր, թե վաղը ևեթ ինչ կլինի նրա հետ, ինչ առաքելություն է վիճակված Սողոմոնին…Արդյոք երբևէ կտեսնվե՞նք նորից… Եվ ի՞նչ եմ անելու առանց նրա… Նույնիսկ սկսել էի կարոտել ինձ օտար, անծանոթ այս մարդուն, որին կարծես իսկապես էլ ճանաչել էի ինչ-որ ժամանակ, ուրիշ մի կյանքում, երբ դեռ պատերազմ չէր…Վարձկանուհու տագնապալի հեռվամոտ շունչը գիշերվա խորհրդավոր լռության մեջ ավելի ու ավելի ներգործուն էր դառնում` հակառակորդ դիրքերից իշխելով մեր հույզերին…
-Երբեք մտքովս չէր անցնի, թե իմ կյանքը կախված կլինի ՓԵՏՈՒՐԻՑ ,- նկատեց «թեթևացած»:
Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Հոգևոր-մշակութային