Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է



Զրույց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

-Պարոն Գալստյան, այս տարի 30 դիմորդ ընդունվեց ռազմաբժշկական ֆակուլտետ` 30 ապագա զինվորական բժիշկ: Իհարկե, բուհական կրթության որակը մեծ նշանակություն ունի զինվորական կադրերի պատրաստման հարցում, բայց նաև էական նշանակություն ունի, թե բուհ ընդունված դիմորդը ինչպիսի մտավոր կարողություններ ունի, որովհետև այդ հենքի վրա է կառուցվելու հետագա մասնագիտական կրթությունը:

-Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվածների 70 տոկոսը ստացել է 36 և ավելի միավոր, երկու հոգի ունեն 39, 25 միավոր: Սրանք բավականին բարձր ցուցանիշներ են և խոսում են այն մասին, որ ռազմաբժշկական ֆակուլտետ են դիմում հանրակրթական դպրոցների լավագույն շրջանավարտները:

-Գիտե՞ք՝ ինչով է պայմանավորված մտավախությունս. ռազմաբժշկական ֆակուլտետում սովորելը անվճար է, և դա կարող է գայթակղել անվճարունակ խավին, և մեր պատանիները կարող են դիմել ռազմաբժշկական ֆակուլտետ ոչ թե զինվորական բժիշկ դառնալու գիտակցված մղումով, այլ պարզապես անվճար բուհական կրթություն ստանալու ցանկությունից դրդված:

-Մտավախությունը անհիմն չէ, բայց բարձր միավորներով ընդունված դիմորդների առկայությունը վկայում է, որ գոնե ընդունվածների համար գլխավորը եղել է ոչ թե անվճար կրթություն ստանալու, այլ զինվորական բժիշկ դառնալու ցանկությունը, այլապես այդ միավորներով նրանք կարող էին համալրել այլ բուհերի անվճար բաժինները: Այս տարի մեր 31 միավոր հավաքած դիմորդի մոտ խոսքի խանգարում նկատեցինք, պարզվեց, որ տղան լոգոնևրոզ ունի` հուզվելիս արտասանությունը խաթարվում է, մեր դիմորդն իր 31 միավորով համալրեց պետական համալսարանի կենսաֆիզիկայի ֆակուլտետը` անվճար ուսուցմամբ:

-Իսկ դիմորդների հոսք կա՞ր ռազմաբժշկական ֆակուլտետում:

– 92 դիմորդներից ընդունվեցին 30-ը: Սա վատ ցուցանիշ չէ:

-Ամեն դեպքում, և՛ ես, և՛ Դուք գիտենք, որ ռազմաբժշկական ֆակուլտետի որոշ կուրսանտներ դիմում են զանազան մեքենայությունների, որպեսզի չգնան զորքեր և չծառայեն: Մասնավորապես` ինտերնատուրայում դիտավորյալ անբավարար են ստանում, որպեսզի մեխանիկորեն դուրս մնան կրթության հետագա ընթացքից և ծառայելու պարտավորությունից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրը օրենսդրորեն լուծելու համար: Նման կուրսանտները, որոնք ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո արդեն ստացել են լեյտենանտի կոչում, այլևս չեն կարող զորակոչվել պարտադիր ժամկետային զինծառայության և փաստորեն օրինական կերպով խուսափում են զինծառայությունից:

-Այո՛, խնդիրը կա, կան մասնավոր դեպքեր և ճիշտ այն պատկերով, որ նկարագրեցիք: Այս խնդիրը լուծելու մեկ միջոց կա` կուրսանտին լեյտենանտի կոչում տալ ինտերնատուրան ավարտելուց հետո, որպեսզի, եթե նա «չկարողանա» հանձնել ինտերնատուրայի քննությունները, զորակոչվի բանակ` պարտադիր ժամկետային զինծառայության:

-Այդպես կլուծվի պատեհապաշտների հոսքը ռազմաբժշկական ֆակուլտետ, իսկ եթե ինտերնատուրան ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով շրջանավարտը չցանկանա շարունակել ծառայությունը, այդ դեպքում հակազդող ինչպիսի՞ մեխանիզմներ կան:

-Իսկ Դուք ինչո՞ւ եք կարծում, որ ռազմաբժշկական ֆակուլտետն ու ինտերնատուրան ավարտելուց հետո որևէ մեկը կգերադասի վճարել ուսման ամբողջ ծախսերը և ուսումը շարունակել կլինօրդինատուրայում, որպեսզի համալրի քաղաքացիական կլինիկաները:

-Որովհետև ես նման դեպքի ականատեսն եմ եղել:

-Կլինօրդինատուրա դիմելու համար ինտերնատուրայի շրջանավարտը պետք է հանձնի 28 կրեդիտային տարբերություն, այսինքն` 840 ժամ` մոտ երկու տարի պիտի սովորի նախքան կլինօրդինատուրա ընդունվելը: Եթե ինչ-որ մեկը պատրաստ է անցնել այս բոլոր դժվարությունների միջով` միայն թե չծառայի զորքերում, ապա, իրոք, բանակը նրա տեղը չէ:

-Այս տարի ՊՆ պատվերով 8 ուսանող ընդունվել է բժշկական համալսարան: Սա նորամուծություն է: Խնդրում եմ` մի փոքր պարզաբանեք…

-Այո՛, սա նորություն է: Այս 8 ուսանողները ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես օրենքով սահմանված պարտավորություն, 5 տարի կծառայեն զորամասերում, այնուհետև ցանկության դեպքում ծառայությունը կշարունակեն ՊՆ հոսպիտալներում կամ կզորացրվեն:

-Պարտադիր զինվորական ծառայություն չե՞ն անցնելու:

-Պարտադիր զինվորական ծառայության 2 տարին ներառված է ծառայության 5 տարվա մեջ: Սա հնարավորություն է ստեղծում փոխարինելու առաջնագծում` զորամասային օղակում ծառայող զինվորական բժիշկներին, որպեսզի վերջիններս տարիներով չմնան զորամասային օղակում և կարողանան ընդհանուր բժշկական պրակտիկայից անցնել նեղ մասնագիտական գործունեության:

-Գիտեք, ես կարծիք եմ լսել` իբր բժշկական համալսարանի այլ ֆակուլտետները ավելի հիմնավոր կրթություն են տալիս, քան ռազմաբժշկական ֆակուլտետը:

-Դասախոսները նույնն են, ծրագրերը` նույնպես, խոսքը վերաբերում էր բացառապես կուրսանտների բազային գիտելիքներին, այսինքն` ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները դպրոցի լավագույն աշակերտները չէին նախկինում ու, բնականաբար, չէին կարող փայլել իրենց հետագա ուսումնառության ընթացքում: Այդ խնդիրը արդեն լուծված է: Ես զրույցի սկզբում խոսեցի այդ մասին:

-Ինչո՞վ էր պայմանավորված, որ ֆիզկուլտուրա առարկան հանվեց ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունելության քննությունների ցանկից։

-Պայմանավորված էր նրանով, որ մեր դիմորդները ֆիզկուլտուրայից քննություն էին հանձնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ընդունելության քննությունների ստանդարտով: Բոլոր քննությունները հրաշալի հանձնած մեր դիմորդը կարող էր անբավարար ստանալ ֆիզկուլտուրայից և իր տեղը զիջել ցածր միավորներ հավաքած մի ապագա զինվորական բժշկի միայն այն պատճառով, որ վերջինս լավ է վազում։ Մեր դիմորդները նախապես ենթարկվում են բժշկական հետազոտության ու եթե առողջ են, պիտանի ծառայության համար, ապա որպես զինվորական բժիշկ կարող են կատարել իրենց ծառայական պարտականությունները:

-Լավ, իսկ հոգեբանական թեստավորումը ինչո՞ւ հանվեց ընդունելության քննությունների շարքից։

– Որովհետև փորձը ցույց տվեց, որ հոգեբանական թեստավորումը բացարձակապես ձևական քննություն է և սողանցք է կոռուպցիոն ռիսկերի համար: Տարիներ շարունակ հոգեբանական թեստավորումն ընդգրկված է եղել ընդունելության քննությունների շարքում, բայց բոլոր զինվորական բժիշկները չէ, որ կոչումով բժիշկ են եղել և հավատարիմ են մնացել բժշկական էթիկայի գրված-չգրված նորմերին:

-Ի վերջո, անկախ այն բանից, թե ինչպիսի՞ն ես իրականում, ի՞նչ ես մտածում, կարող ես կռահել, թե թեստի որ պատասխանն առավել հարիր կլինի ապագա զինվորական բժշկի կերպարին…

-Անշուշտ: Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին դասավանդում ենք բժշկական էթիկա, բայց իրականում մարդու մեջ պիտի ձևավորել մարդկայի՛ն էթիկա` այն էլ մանկությունից սկսած, որովհետև այդ բացը հետագայում հնարավոր չէ լրացնել: Կարեկցանք, անձնվիրություն, պատվախնդրություն, պարտքի զգացում, պատասխանատվություն, սրանք որակներ են, որոնք անհրաժեշտ են ոչ միայն բժշկին և պետք է մարդու հոգում արմատավորվեն վաղ տարիքից:

-Բոլորս գիտենք քննությունների ու ստուգարքների «սակագները» բուհերում, որոնց տրամաբանական հետևանքը բուհավարտի ցածր մտավոր մակարդակն է այսօր: Ձեր ղեկավարած ֆակուլտետում որքանո՞վ է հնարավոր փողով գնահատական ստանալը, և ի՞նչ մեխանիզմներ են գործում դրանց դեմ: Չասեք, թե մեր դասախոսները տարբերվում են մյուսներից և անկաշառ են, որովհետև դրան ո՛չ ես, ո՛չ էլ ընթերցողը չենք հավատա: Եթե կան մեխանիզմներ, որ արգելակում են կաշառքով գնահատական ստանալու պրակտիկան, ասե՛ք:

-Մենք էլ հույսներս չենք դնում սուբյեկտիվ գործոնի վրա և ապահովում ենք մեխանիզմներ:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող առաջին պայմանը քննական առարկաների ատեստավորումն է համակարգչի միջոցով: Կուրսանտը վիճակահանությամբ ընտրում է համակարգիչը, բացում է այն, հարցը կարդում ու պատասխանում, և այդ ամբողջ ընթացքը պատկերվում է մոնիտորի վրա` բոլորին ի տես:

-Իսկ ստուգարքնե՞րը…

-Մենք նվազեցրել ենք հարցումների թիվը: Բացակայություն չունեցող կուրսանտը գնահատվում է մեխանիկորեն:

-Այս տարի երկրորդ անգամ նորընծա կուրսանտները նորակոչիկների պատրաստման դասընթաց են անցնում: Ինչի՞ համար է այս 20-oրյա կուրսը, ի՞նչ է տալու:

-Նորընծա կուրսանտների «զինվորացումը» սկսվել է, նրանք սովորում են զինվորական կանոնադրությունները, շարային և հրաձգային պատրաստություն են անցնում: Կարծում եմ` երդման արարողության ժամանակ նրանք շահեկանորեն կտարբերվեն նախորդ տարիների նորակոչիկներից:

-Պարոն Գալստյան, Դուք ավելի քան 30 տարվա դասախոսական աշխատանքի փորձ ունեք: Ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադիրներից եք: Ձեզ բավարարո՞ւմ են ֆակուլտետի զարգացման տեմպերը: Եթե ինձ հարցնեք` միջազգային կապերը թույլ են: Ռազմաբժշկական ֆակուլտետի իմիջը` ավելի բարձր, զինվորական բժշկի կերպարը ավելի վառ, առինքնող պիտի լիներ, ախր և՛ ֆակուլտետի դասախոսական կազմից, և՛ հոսպիտալներում ծառայող զինվորական բժիշկներից շատերը պատերազմով են անցել, կենդանի լեգենդ են…

-Ինչ ասեմ, փորձում ենք ընդլայնել միջազգային կապերը, արդեն ծրագիր կա Մալազիայից, Արաբական երկրներից, Հնդկաստանից կուրսանտներ ընդունել ռազմաբժշկական ֆակուլտետ և մերոնց ուղարկել այնտեղ ուսանելու: Այն ամենն, ինչի մասին խոսեցինք, ռազմաբժշկական ֆակուլտետի հեղինակության և ապագա զինվորական բժշկի կերպարը բարձրացնելուն ուղղված քայլեր են:

-Ձեր որդին և՛ ռազմաբժշկական ֆակուլտետը, և՛ ինտերնատուրան կարմիր դիպլոմով է ավարտել. հետաքրքիր է` դպրոցում է՞լ է լավ սովորել…

-Դպրոցը գերազանցությամբ է ավարտել: Որդիս մագիստրոսական ծրագիր է անցել Շանհայում` պաշտպանելով մագիստրոսական թեզ: Այդտեղ կատարել և մասնակցել է շուրջ 1200 վիրահատության:

-Պարոն Գալստյան, փողը հերիքո՞ւմ է:

-Հերիքում է, որովհետև մենք` իմ ընտանիքը, փորձում է համադրել և հնարավորության և ցանկության սահմանները:

-Դուք նաև սերտ կապեր ունեք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ:

-Այո՛, ես ասոցիացիայի խորհրդի անդամ եմ: Ես վաղուց էի ցանկանում, որ նման ասոցիացիա ունենանք, և բժիշկները համախմբվեն մի հասարակական կազմակերպության մեջ:

-Երազում էիք՝ ստեղծեցիք…Ի՞նչն էր խանգարում:

-Գիտեք, ցանկանալը մի բան է, կարողանալը` մեկ այլ բան: Հասարակական գործունեությամբ պիտի զբաղվի մեկը, որը խարիզմատիկ կերպար է, կարող է համախմբել իր շուրջը, տանել իր հետևից: Որը լավ հռետոր է, կարող է հանրային կերպար դառնալ:

-Սամվել Գալուստի, ասոցիացիայի շրջանակում զինվորական բժիշկների կատարած գործի մասին ուրիշ անգամ կխոսենք, եկեք այսքանով զրույցն ավարտենք՝ հաջողություն մաղթելով նորընծա կուրսանտներին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


03/09/2015