Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱ ԷԼ Ո՞Վ, ՄԱ՛Մ…



1988թ. դեկտեմբեր ամիսն էր։ Ջոկատի տղաներով առաջին անգամ դուրս եկանք սահման։ Հրամանատարը եղբայրս էր՝ Ռոլանդ Քելեշյանը։ Մեր ավագ եղբայրը՝ Ժանը, շտաբի պետն էր, ես՝ տեղակալը։ Պատմական Նախիջեւանի միակ հայաբնակ գյուղը՝ Զնաբերդը, հայաթափվել էր։ Բնակիչները ապաստանել էին Նախիջեւանի սահմանամերձ բնակավայրերում։ (Այժմ այդ գյուղերից մեկը կոչվում է Նոր Զնաբերդ)։ Խաղաղ բնակչությունն ահուսարսափի մեջ էր, որովհետեւ թուրքն անցել էր հարձակման… Որոշումը վերջնական էր՝ պետք է մեկնեինք։ Երբ պատրաստվում էինք շարժվել, մայրս դիմեց մեզ.
-Ինչո՞ւ դուք…
Միայն այդքանը, ու էլ չշարունակեց, լաց եղավ։
Ռոլանդը փաթաթվեց մայրիկին.
-Բա էլ ո՞վ, մա՛մ, եթե ոչ մենք…
Այսքանը։ Ու մենք մեկնեցինք սահման։ Դա միակ ու վերջին անգամն է եղել, երբ մայրս մեզ արցունքով է ճանապարհել։ Մայրական զգացողությամբ նա այնքա՜ն շուտ հասկացավ իր որդիներին։ Անգամ երբ մեր ավագ եղբայրը՝ Ժանը, «ապստամբեց», թե՝ ես ձեր ավագ եղբայրն եմ, ինձ տանն եք թողնում, ու միացավ մեզ։ Հետո մեզ միացան Ժանի որդին՝ Արմենը, Ռոլանդի որդին՝ Արմանը։ Էլ երբեք արցունք չտեսա մայրիկիս աչքերին։ Արդեն ամեն անգամ ժպիտով, արվեստագետին հատուկ իր ազնվական պահվածքով մեզ ճամփու էր դնում ռազմի դաշտ ու մեր ծանոթ-բարեկամների որդիներին ոգեւորում, ռազմահայրենասիրական դասեր էր տալիս ու մեկ էլ տեսնում էինք՝ ջոկատը համալրվում է նոր տղաներով… Իսկ երբ հետ էինք գալիս սահմաններից, ջոկատի տղաների, մեր բոլորի զենքն ու զինամթերքը մայրիկիս հսկողության տակ էր։ Այնպես սրբորեն, այնպես գուրգուրանքով էր այն պահում եւ սահման գնալուց առաջ օրհնանքով ու հպարտությամբ հանձնում մեզ, որ զենքը բռնելիս մի տեսակ ջերմություն էինք զգում։ Մեկ էլ մայրիկիս արտասվելիս տեսա մեր ավագ եղբոր՝ Ժանի մահվան ժամանակ։ Ժանից հետո մայրս քիչ ապրեց՝ 1999-ին կյանքից հեռացավ։ Մահացավ անձայն ու անաղմուկ։ Որքան տառապանք ու վիշտ, որքան դառնություն ու վերք կար մայրիկիս սրտում, որոնց երբեք մեզ տեղյակ չպահեց, որոնց երբեք չփորձեց մեզ մասնակից դարձնել, ամեն ինչ ներս էր գցել ու մեզ, շրջապատին ժպիտ էր բաժանում, հույս ու հավատ էր բաժանում մայրս։ Մեր անկախ Հայաստանը տեսնում էր սիրով, նախնիներիս երազով լցված…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Հոգևոր-մշակութային


29/12/2010