ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անկախ վերջին շրջանի օբյեկտիվ ներգործությունների զարգացումներից, ռազմահայրենասիրական դաստիարակության կատարելագործումը դարձել է ժամանակի հրամայականը: Դա հայ էթնոսի պատմական առաքելության կարևորագույն գաղափարաբարոյական հենասյուներից մեկն է:
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը համակարգված, պարբերաբար և նպատակասլաց իրականացվող գործունեությունն է զինծառայողների մոտ բարձր հայրենասիրական գիտակցության, Հայրենիքին հավատարմության զգացմունքների, հայ աշխարհաշեն ազգին պատկանելու հպարտության, Հայրենիքի պաշտպանության վսեմ առաքելության ընկալման, ձևավորման, քաղաքացիական պարտքի ու սահմանադրական պահանջի կենսագործման նպատակով:
Զինծառայողների հայրենասիրական դաստիարակության գլխավոր խնդիրը Հայաստան Հայրենիքի նվիրյալ, խաղաղ և պատերազմական ժամանակ պարտականությունները հաջողությամբ կատարելու ունակությամբ օժտված, քաղաքացու որակներին հիմնավորապես տիրապետող անհատի, անձի ձևավորումն ու զարգացումն է:
Հայրենասիրական դաստիարակության ողջ համակարգը պայմանավորված է իր ելակետով, որպեսիք են ազգային ոգին ու հավատը: Իսկ «Հավատալ կարող է միայն նա, ով հավատում է հայ ժողովրդի հարատևման անհրաժեշտությանը, էթնիկական գիտակցությանն ու ազգային ոգուն»: [2, էջ 158]
Ազգային ոգին ու հավատը անգո, անբովանդակ կատեգորիաներ չեն: Դրանք ուղղակիորեն կապված են նրա պատմական առաքելության հետ և բխում են վերևում հիշատակված հայ էթնոսի բաղադրիչներից:
Դարձյալ անդրադառնանք վաստակաշատ գիտնականի ըմբռնումներին.
«…-Հայ ժողովրդի ծագումը ժամանակի առումով կապվում է երկրագնդի վրա (գոնե տարածաշրջանում) տարբեր էթնոսների առաջացման, չարի ու բարու ձևավորման հետ,
♦ նրա հայրենիքն Արարատի երկիրն է` այն տարածքը, որի վրա նրանք գիտակցել են չարին դիմակայելու անհրաժեշտությունը, պաշտպանել այդ հողի վրա անկախ ապրելու իրենց վճիռը, երկիրը կոչել Հայաստան, իրենց` հայ, ու տարածվել, բազմացել այդ հողի վրա,
♦ նրա պատմական առաքելությունն ընդվզումն է չարի դեմ, չարին չհպատակվելը և գոյության հոգևոր նախասկիզբը, որով պայմանավորված է եղել մյուսներից առանձնանալը, իրենց առանձին էթնոս գիտակցելը,
♦ նախաստեղծ գլխավոր հատկանիշը, որով ապահովվել է նրա առաքելության իրականացումը և հարատևումը` միաբանությունն է, ընդհանուր խնդիրները համատեղ քննարկելը և միասին լուծելը:
Հայկի սերունդ, պատմական տարածք, պատմական առաքելություն և այդ առաքելությունն իրականացնելու նախաստեղծ հատկանիշներ»:[2,էջ 39-40]
Նժդեհյան ռազմաիմաստասիրական հայեցակարգում առանձնակի վերաբերմունք ենք տեսնում նաև այս առումով:
«Հայրենապաշտական դաստիարակութիւն-ահա՛ մեր փրկութեան խարիսխը:
Ահա՛ թէ ինչու հայրենասիրութեան, չէ՛, հայրենապաշտութեան-մարդկային առաքինութիւնների այդ աստւածային մօր համար պետք է ջահ բարձրացնել մեր հոգիների մէջ, մեր դպրոցներում, մեր ընտանեական յարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամէն տեղ, ուր կապրի, կը շնչի հայ մարդը:
… Եւ միայն հայրենապաշտական դաստիարակութիւնն է, որ ուժեղ եւ անմեռ պիտի դարձնի մեր ժողովուրդը»: [1, էջ 55-56]
Ազգային էթնիկական հիմնարար բաղադրիչներ, որոնց կենսագործման շարունակականությանն էլ միտված են զինծառայողների հայրենասիրական դաստիարակության բազմաբովանդակ գործընթացները:
Հարատևման երաշխիք հանդիսացող այս բաղադրիչներն ինքնին թելադրում են ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների ուղղվածությունը.
1. Դաստիարակություն պատմությամբ: Հարատևման հազարամյակների անմեկնելի ճանապարհ հաղթահարած հայ ազգի պատմությունը հորդաբուխ ու անսպառ կենսատու աղբյուր է, անեզր մի պարարտ դաշտ, անափ ու բյուրավոր ակունքներով լի մի օվկիանոս, անխորտակ ու անմար լույսի փարոս, անառիկ միջնաբերդ:
2. Դաստիարակություն զինվորական սովորույթների ու ավանդույթների, արարողակարգերի ոգով: Իսկ դրանք մեր հերոսական պատմության մեջ բազում արժանապատիվ էջերով են վկայվում: Փաստվում են նաև պարտության դառնությունը ճաշակած թշնամիների խոստովանություններով:
3. Դաստիարակություն հոգևոր-բարոյական բազմաբովանդակ արժեքներով: Այս առումով չափազանց կարևոր նշանակություն ունեն արդեն 4-5-րդ դարերում հստակ ձևակերպված հայ զինվորականի պատվո վարքականոնը և դրա ժամանակակից` ՀՀ ՊՆ կողմից 2012թ. սեպտեմբերի 20-ին հաստատված սպայի պատվի կանոնները: Այդ գաղափարական բարոյահոգեբանական արժեհամակարգը կոչված էր և է դաստիարակելու հատկապես սպայական-հրամանատարական շարքերը համալրողներին հայոց բանակի ազգային նպատակների և ավանդույթների, բարոյական նորմերի համաձայն:
ԶՈւ իրականացվող միջոցառումներն ու կատարվող քայլերն, անտարակույս, տալիս են իրենց դրական ազդեցությունը: Բայց երկրի ռազմական անվտանգությունը միայն հասարակական-քաղաքական կյանքի բաղադրիչներից մեկը հանդիսացող զինված ուժերով չի պայմանավորված: Ասել է թե, հասարակությունն իր հասարակական-քաղաքական ինստիտուտներով առավել մեծ պատասխանատվություն է կրում իր յուրաքանչյուր անհատի դաստիարակության համար:
Շեշտվածի ենթատեքստում, հայրենասիրական դաստիարակության առումով, կարևորագույն դերակատարում ունի ինֆորմացիոն բաղադրիչը: Մեր խորին համոզմամբ՝ բոլոր պաշտոնական, հասարակական, քաղաքական, գեղարվեստական և բազում այլ որակավորումներով ԶԼՄ-ները, անկախ իրենց կուսակցական, գաղափարական ներքին հակադրություններից, իրենց գերնպատակը պետք է համարեն Մեսրոպահունչ լեզվով, Հայկական ոգով ու հայեցի դաստիարակության գործընթացին ծառայելը:
Դարձյալ անդրադառնանք մեր մեծ զորավար Նժդեհի իմաստասիրությանը. «Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին (նաև ունկնդիրներին-Մ.Բ):
Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրական գերեզմաններին՝ մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին:
… Կարող են այդ անել մեր թերթերը (ավելացնենք նաև հեռուստահաղորդակցության կապի միջոցները-Մ.Բ.)-յուսալի է մեր ապագան:
Չե՛ն կարող-թող դադարեն թուղթ սեւացնելուց»:[1,էջ 41-42]
Ասված է շատ տեղին ու դիպուկ: Ոչ ավել, ոչ պակաս:
Իսկ այս առումով ժամանակակից լրատվամիջոցներն առանձին տոների, դեպքերի, իրադարձությունների իրենց անդրադարձներով կարողանու՞մ են բռնել ժամանակի քննությունը: Չմոռանանք, որ ԶԼՄ-ների կարողությունները չափազանց մեծ են:
Զինծառայողների և քաղաքացիների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացում այսօր խիստ կարևորվում է մշակութա-ժամանցային կառույցների, զորամասերի, ռազմական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ճիշտ, արդյունավետ և խիստ նպատակային համագործակցությունը, միմյանց ուսումնանյութական հզոր ներուժի օգտագործմամբ հանդերձ:
Փոխշահավետ ու թափանցիկ համագործակցություն՝ առաջնորդվելով ազգային անվտանգության պահանջներով: Ազգային տոներին, դարակազմիկ իրադարձություններին, ազատագրական պայքարի ռահվիրաներին ու մշտարթուն ժամապահներին, հայոց սրբագործումներին նվիրված համատեղ միջոցառումները պետք է լինեն ոչ թե եզակի, այլ` բազմակի, ունենան մշտական ու շարունակական բնույթ:
Հասարակական կառույց-ազգային բանակ բազմաբնույթ ու բազմաբևեռ փոխգործակցությունում, հայրենասիրական դաստիարակության քաղաքականության մեջ հարկ է առանձնացնել երեք գերակա ուղղություն.
1. Միասնական, հստակ տեղեկատվական քաղաքականության մշակում և կենսագործում:
2. Դաստիարակում Հայաստան հայրենիքի փառավոր պատմությամբ: Բարու և չարի մարմնացում Հայկի ու Բելի ճակատամարտից մինչև ժամանակակից Արցախյան հաղթական հերոսամարտ ու վերջին շրջանի սահմանային միջադեպեր հազարամյակների ճանապարհը վավերացվել է բազում ուսանելի հերոսապատումներով: Իսկ որքան արգասաբեր կարող է լինել հայ ռազմարվեստի տեսաբանների ու պատմության մասնագետների սերտ համագործակցությունը:
3. Առանձնակի ուշադրություն աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության պետական ծրագրի համակողմանի մշակմանն ու կենսագործմանը:
… Զարգացման դիալեկտիկան միշտ էլ ապացուցել է, որ հայրենասիրական դաստիարակությունում անընդունելի է հատվածականությունը: Հայրենասիրական դաստիարակության արդյունավետության բարձրացման, Հայրենիքի պաշտպանության գործընթացի կատարելագործման, Հայրենիքի հանդեպ սիրո ամրապնդման, հանուն Հայրենիքի անգամ կյանքը չխնայելու պատրաստակամության կատարելագործումը այլևս անբաժանելի է համատեղ ջանքերի կոորդինացումից:
ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փոխգնդապետ
Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ազգային բանակ