ԸՆՏԱՆԻՔՍ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ…
«Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» մրցույթի հրապարակումներից
ՄԱՀԸ ԴՌԱՆ ՇԵՄԻՆ
«Փափրավենդ գյուղում էինք: Ես նկատեցի թշնամու հարձակման ուղղությունը: Տանկերով առաջ էին մղվում: Միակ հակատանկային զենքը ինձ մոտ էր: Բարձրացա, որ խփեմ: Մեկ էլ գլուխս զնգաց. թշնամու փամփուշտը աջ կողմից մտավ ուղիղ գլխիս մեջ»: Դրանից հետո ոչինչ չի հիշում: Միայն հասցրել էր ընկերներին տեղեկացնել, որ թեւին բժշկական փաթեթ ունի:
«Փաթեթը արագ-արագ բացեցինք, գլուխը կապեցինք: Այդ պահին նկատեցի, որ գլխի ոսկրածուծից մի քանի կաթիլ ընկավ ոտքիս. մտածեցի՝ ուղեղն է, վերջ՝ Գեղամը զոհվեց, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Մնում է միայն հրամանատարի «դին» չթողնել թուրքին»,-պատմում է Հատուկ գնդի 2-րդ գումարտակի դասակի հրամանատար Գեղամ Հակոբյանի մարտական ընկեր Յուրա Ապերյանը: Այդ մարտում նրանք պարտվեցին: Հրամանատարի վիրավորվելը տղաներին թեւաթափ էր արել: Չորս ընկերներով մի կերպ կարողացան նրա մարմինը դուրս հանել այդ տարածքից: Ելքը միայն մեկ ուղղությամբ էր` թավուտ փշերի միջով: «Հարթ տարածքներում շալակած էի տանում, բայց երբ մենք էլ չէինք կարողանում քայլել, մի կերպ քարշ էինք տալիս: Մի պահ սայթաքեցի, եւ Գեղամի մարմինը գլորվեց ու ընկավ մի մեծ փոսի մեջ: Մեծ դժվարությամբ հանեցինք փոսից եւ շարունակեցինք ճանապարհը»,- պատմեց Գեղամի մարտական ընկեր Արայիկ Ավագյանը, ով այդ ժամանակ 20 տարեկան էր: Ընկերները նրան «Անչափահաս» էին ասում. «Այդ պահին 99 տոկոսով վստահ էինք, որ Գեղամը մահացած է: Մացառուտների միջով քարշ տալիս ամբողջ մարմինը փուշ էր մտել: Հետո հիվանդանոցում Գեղամը մի քանի օր շարունակ փշերը ասեղով հատ-հատ հանում էր մարմնից»,- պատմում է Յուրան:
Ճանապարհի կեսին մի պահ ուշքի գալով՝ Գեղամը խնդրել էր ընկերներին, որ իրեն թողնեն մի հարմար դիրքում, ձեռքը դնեն զենքի վրա ու իրենք նահանջեն: «Նրա արտաբերած բառերից հազիվ հասկացանք, որ ուզում է թիկունքը պահել, որպեսզի մենք ողջ ու առողջ տեղ հասնենք: Ուղղակի բառեր չեմ գտնում` գնահատելու նրա այդ քայլը: Նրա մեջ նույնիսկ արյուն չէր մնացել»,-պատմում է դեպքին ներկա չորս ընկերներից մեկը` Վարդան Վարդանյանը: Նրանց հրամանատարի համար ամենակարեւորը զինվորի կյանքն էր, նույնիսկ այն դեպքում, երբ ինքը մահվան շեմին էր։ Գեղամը կարողացավ հազիվ մի քանի բառ արտասանել եւ կրկին կորցրեց գիտակցությունը:
ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉ
Մարտակերտում Գեղամի մարմինը դրել էին դիակների հետ: Երբ դիահերձողը մոտենում է նրան, «դիակը» միանգամից բացում է աչքերը եւ… սովորականի պես հայհոյում: Հրայրը` նրա մանկության եւ մարտական ընկերը, միանգամից գործի է անցնում. պետք էր արյան դոնոր գտնել: Մարտակերտցի 17-ամյա տղայի արյունը կրկին կյանք տվեց հրամանատարին: «Մի կողմից էս Հրայրը շոկոլադ էր կերակրում տղային, մյուս կողմից՝ նրա արյունն էր լցվում Գեղամի մեջ»,-ասում է Յուրան:
Ութ ամիս անց, դեռ լիովին չապաքինված, մի ձեռքում ձեռնափայտ, Գեղամը վերադառնում է Ջաբրայիլ։ Կինը համաձայն չէր, ուզում էր, որ գոնե լիովին ապաքինվի, նույնիսկ ասել էր. «Կա՛մ ես, կա՛մ քո հայրենիքը»: Բայց նրան ոչինչ եւ ոչ ոք չէր կանգնեցնի: «Այդ ընթացքում շատ տղաներ կորցրինք: Ես չէի կարող հանգիստ տեղս նստել, ես պիտի նրանց ընտանիքներին պատասխան տայի: Հրամանատարը միայն հրամաններ արձակելու համար չէ: Երբ քո զինվորի դիակը տանում ես ծնողներին, եւ նրանք ասում են` «Ինչո՞ւ դու չմեռար, իմ տղան մեռավ», երբեք չես կարող պատասխան տալ»,- ասում է ազատամարտիկ Գեղամ Հակոբյանը:
1992թ-ի հունիսի 29-ին Փափրավենդում ծանր վնասվածք ստացած մարտիկը 1993թ-ի հունվարին վերադարձավ մարտի դաշտ: Կինը պատմում է. «Մի պահ ես էլ էի «վարակվել» նրա ոգով: Մի անգամ նույնիսկ նրա հրամանատարին խնդրեցի, որ տասը հոգու համար համազգեստ եւ զինամթերք տա: Նա զարմացավ եւ հարցրեց` «Ինչի՞ համար»: Ասացի, որ մի քանի կռվողների կանանց հետ ուզում եմ ջոկատ կազմել. որտեղ մեր ամուսինները, էնտեղ էլ՝ մենք: (Երկու որդիներս արդեն ծնվել էին): Բայց երբ Գեղամը վիրավորվեց, ամեն կերպ փորձում էի հետ պահել նրան: Նույնիսկ ասացի, որ կբաժանվեմ»: Կինը փորձում է ամուսնուն. երեխաներին թողնում է տանը եւ դուրս գալիս: Մի քանի ժամ հետո տեսնում է, որ ամուսինը արդեն երեխաներին տեղավորել է մեքենայի մեջ եւ իր հետ տանում է ճակատ: Իր փորձից վախեցած՝ տիկին Անժիկը վերցնում է երեխաներին եւ տուն վերադառնում:
ՍԿԻԶԲԸ
1988թ-ի փետրվար ամսին Գեղամը սովորականի նման գնում է աշխատանքի: 27-ամյա երիտասարդի ականջին շշուկներ են հասնում՝ Օպերայի բակում միտինգ կա: «Հաջոդ օրը գործի չգնացի, գնացի Օպերայի հրապարակ: Դեռ չէի հասկացել` ինչ է կատարվում, մեկ էլ մեկը կողքից ասաց` Արցախ: Այստեղից էլ սկսվեց ամեն ինչ: Այդտեղ պատահական հանդիպած հինգ հոգով ընկերացանք ու սկսեցինք առանձին-առանձին ջոկատ հավաքել»: 1989թ-ի դեկտեմբերին 17-18 հոգով, որսորդական հրացաններով, Գեղամը առաջին անգամ գնաց Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը: Այնտեղ նրանց միացավ նաեւ գորիսցի Մեծ Սոսի ջոկատը: Կազմեցին մեկ ջոկատ եւ այն կնքեցին Մխիթար Սպարապետի անունով: Դա առաջին ջոկատն էր, որը երդվեց Մխիթար Սպարապետի գերեզմանի առաջ:
Նորաստեղծ ջոկատի հաջորդ պաշտպանական գոտին Գորիսի շրջանի Խոզնավար գյուղն էր: Այնտեղ նրանք իմացան, որ ադրբեջանցիները Շուշիում մի քանի հայ են գերի վերցրել: Իրենք էլ որոշեցին գերի վերցնել նրանց դիրքերում եղածներին, որպեսզի հետո փոխանակեն: Մի քանի օր անց ադրբեջանցիների դիրքերից մի ռուս սպա եւ երկու զինվոր բռնեցին: «Ուզում էինք նրանց պահել, բայց Սոսն ասաց, որ բաց թողնենք: Հետո հասկացանք, որ ճիշտը դա էր, քանի որ, հակառակ դեպքում, ռուսական բանակը կջախջախեր Խոզնավարը: Մենք նրանցից միայն փամփուշտներ վերցրինք: Մինչեւ բաց թողնելը նրանց շատ լավ էինք վերաբերվում: Մեր ուտելիքը կիսում էինք նրանց հետ»,- պատմում է Գեղամը:
Որոշ ժամանակ անց երեւանցի մարտիկների հետ տուն էին վերադառնում: Գորիսի մուտքի մոտ ռուս զինվորները խուզարկում էին բոլոր հայերին: Երբ Գեղամենց մեքենան մոտեցավ, մի ռուս սպա զգաստ դիրք ընդունեց եւ բոլոր զինվորներին նույնը հրամայեց: Նրանք մեծ պատվով ընդունեցին մեր զինվորներին եւ առանց մեքենան խուզարկելու՝ բաց թողեցին: Դա այն նույն սպան էր, որին մերոնք բռնել էին ադրբեջանական դիրքերից: Նա ճանաչել էր Գեղամին: Այդ ժամանակ ռուսական իշխանությունները իրենց զինվորներին մի տարածքում երկար չէին թողնում: Նրանց անընդհատ տեղափոխում էին, որպեսզի բնակիչների հետ չմտերմանան: Հենց այդպես էլ ադրբեջանական դիրքերը պաշտպանող սպան հայտնվել էր Գորիսում:
Երեւան վերադառնալուն պես Գեղամի նախաձեռնությամբ ստեղծվում է Երկրապահ կամավորականների շտաբ, որը հետագայում կոչվում է Նիկոլ Դումանի անունով: Բայց առանձին ջոկատներով մերոնք շատ բանի չէին հասնի: Հենց այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը կանչում է բոլոր շտաբի պետերին եւ ասում, որ պետական բանակ է ստեղծվում, ցանկացողները կարող են անդամագրվել:
1990թ-ի սեպտեմբերի 20-ին ստեղծվում է Հատուկ գունդը, որի առաջին անդամներից մեկն էլ Գեղամ Հակոբյանն էր: «Հպարտ եմ, որ Հատուկ գնդի զինվոր եմ եղել: Հպարտ եմ, որ մենք մեր երկրից մեկ տարի եւ մեկ օր մեծ ենք: Հատուկ գունդը մեր ընտանիքի մի մասն էր: Մինչեւ այսօր ես չեմ կարողանում բաժանվել իմ այդ ընտանիքից»: Նա այնքան էր նվիրված այդ ընտանիքին, որ հաճախ մոռանում էր իր սեփականը:
…ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔՍ
Այդ դժվար տարիներին Գեղամի կնոջ ուսերին շատ ավելի ծանր բեռ էր դրված: Երկու մանկահասակ երեխաներին պետք է պահեր առանց ամուսնու: «Մենք բանկում գումար ունեինք: Երբ հացի խնդիր առաջացավ, գնացի, որ վերցնեմ, բայց գումարը չկար: Գեղամն ամբողջը հանել էր եւ զենք գնել»,- պատմում է կինը: Նրանց տուն օգնություն էին բերում, Գեղամը տալիս էր զոհված ընկերների ընտանիքներին: Իր աշխատավարձն էլ տուն չէր հասնում:
Երբ կինը պատմում էր այս ամենը, մի պահ ընդհատեցի եւ հարցրի ամուսնուն. «Ինչո՞ւ էիք այդպես վարվում»: Նա նայեց ինձ եւ ասաց. «Բալե՜ս, ընտանիքս ինձնից չի նեղանա, բայց հայրենիքս, ազգս… Ես դեռ ոտքի վրա եմ, իսկ իմ ընկերներից շատերը պառկած են հողում»: Մինչեւ այսօր այս մարդը չի մոռանում իր ոչ մի ընկերոջը: Բոլորի մասին տեղեկություն ունի, բոլորին օգնության ձեռք է մեկնում: «Մի օր Գեղամին մի կին է զանգում եւ ասում, որ Էրեբունու հիվանդանոցում սպասում են նրան: Առանց իմանալու, թե ովքեր են, ես ու Գեղամը հասնում ենք այնտեղ: Պարզվում է, որ մարտական ընկերներից մեկը սրտի կաթված էր ստացել, բերել էին հիվանդանոց: Այնտեղ նա մի կերպ կնոջը հասկացրել էր, որ զանգահարի այս համարով, Գեղամին կանչի խոսափողի մոտ, եւ բոլոր հարցերը կլուծվեն: Հիվանդանոցում ծանոթացանք նրանց հետ եւ բերեցինք մեր տուն»,- պատմում է կինը:
Պատահական չէ, որ այս մարդու մասին ընկերները միաբերան ասում են. «Գեղամը մեզ համար սրբություն է»:
ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Իր ապրած կյանքից Գեղամ Հակոբյանին մնացել է գլխի ծանր վնասվածքը, 9 շքանշանները, ավելի ուշ՝ հաշմանդամության թոշակը, իսկ այսօր՝ «Հատուկ գունդ» հասարակական կազմակերպության փոխնախագահի աշխատանքը: Մեծ որդին ամուսնացել է, կնոջը եւ երեխային թողել ծնողների մոտ, իսկ ինքը փոքր եղբոր հետ բռնել արտագնա աշխատանքի ուղին: Տիկին Անժիկը փորձում է համակերպվել, ամուսինն էլ հուսադրում է նրան. «Ոչի՛նչ, մի՛ մտածի, մեր ազգն ա, մի օր ոտքի կկանգնի»:
Հատուկ գնդի ազատամարտիկը կյանքում իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ազնիվ ընկերների շրջապատը եւ մաքուր խիղճը, որի համար Աստված նրան երկրորդ կյանք շնորհեց: «1992 թվականն էր: Հիվանդանոցում վիրավոր պառկած էի: Մեկ էլ սենյակ են մտնում մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ: Օգնություն էին բերել: Հարցրին, թե որ կուսակցության անդամ եմ, որպեսզի որոշեն` օգնություն տան, թե չէ: Հանգիստ ձեռքս տարա զենքիս, լիցքավորեցի եւ, ուղղելով նրանց ճակատին, ասացի՝ եթե մեկ րոպեից սենյակը չազատեք, բոլորիդ հատ-հատ կխփեմ: Ու կխփեի»:
ԱՐՈՒՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Ճակատագրեր