Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏ ՊԱՊԸ



70 տարի առաջ՝ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

Թալին քաղաքից ոչ հեռու մի գյուղ կա, որը կոչվում է Ներքին Բազմաբերդ: Այնտեղ Ազատ պապին բոլորը գիտեն ու սիրում են: Այդ պատճառով էլ նրա տունը դժվար չէր գտնել: Դարպասը կիսաբաց էր, եւ մենք, մի փոքր հապաղելով, ներս մտանք: Տան բակում անհոգ շրջում էին աքաղաղները, իսկ շեկ կատուն, թաթերը փորի տակ ծալած, խաղաղ տաքանում էր արեւին:

-Նե՜րս համեցեք, նե՜րս համեցեք,- մեզ ընդառաջ է գալիս տան տիկինը՝ Սոսեն:

Ազատ պապը պառկած էր անկողնում, բայց իմանալով մեր այցելության մասին, նստեց տեղում եւ կանչեց մեզ իր մոտ:

– Ուրախ եմ ծանոթանալու համար,- ասում է նա եւ ձեռքս սեղմելով՝ հպում այտին,- ինչ էլ մատղաշ է,- ժպտում է նա, եւ նրա բացակա հայացքից հանկարծ հասկանում եմ՝ պապը կույր է:

♦♦♦

Ազատ պապի ծնողները Սասունից են: Ինքը գաղթի տարիներին ծնվել է Բասենում՝ 1916 թվականին:

– Ո՞վ է Ձեզ կնքել Ազատ անունով,- հարցնում եմ:

-Երբ ես ծնվեցի, հայրս երեք հոգեւորականի բերեց, որպեսզի ինձ համար անուն ընտրեն: Հենց նրանք էլ որոշեցին ինձ Ազատ կոչել՝ հույս ունենալով, որ իմ ծնունդը նրանց կազատի տառապանքից եւ թափառումներից:

Թովմասյանների հաջորդ օթեւանը Ջուղա քաղաքն էր: Այնտեղից նրանք հասնում են մինչեւ Մեղրի, Կապան եւ կանգ առնում Գորիսում: Մեկուկես տարի ապրելով՝ տեղափոխվում են Ուջան, իսկ հետո՝ Ներքին Բազմաբերդ: Այստեղ էլ նրանք հիմնավորվում են:

1930-ական թվականներին սկսվում է գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը: Ներքին Բազմաբերդն սկսում է աստիճանաբար զարգանալ: 1938թ. Ազատն արդեն կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ 2 տարուց էլ նրան ուսուցիչ են նշանակում: Թվում էր՝ կյանքը կարգավորվում է, սակայն 1941թ. հունիսի 22-ին Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա: Ազատը զորակոչվում է բանակ:

-Սկզբում ես Լենինականում էի ծառայում, այնտեղից տեղափոխեցին Նախիջեւան, հետո էլ Իրան՝ Ջուղայի կամուրջը պաշտպանելու: Ձմեռը ես արդեն Վրաստանում անցկացրի:

Մարտին տեղափոխեցին Նովոռոսիյսկ, իսկ հետո` Կերչ՝ Ղրիմի ազատագրմանը մասնակցելու: 1942թ. մայիսի 11-ին գերմանացիները հարձակվեցին մեզ վրա:

Նրանք ուժով գերազանցում էին մեզ: Մենք սկսեցինք նահանջել դեպի Ազովի ծով: Ուտելիք ու զինամթերք գրեթե չունեինք: Մայիսի 18-ին շրջափակման մեջ հայտնվեցինք: Երբ ես հասկացա, որ փրկության ճանապարհ չկա, թաքցրի կուսակցական տոմսս: Կուսակցականներին տեղում գնդակահարում էին: Գերի վերցրած խորհրդային զինվորներին գերմանացիները ուղարկեցին Սիմֆերոպոլ, այնտեղից էլ՝ Ժիտոմիր՝ ռազմագերիների համակենտրոնացման ճամբար: Հուլիսին տեղափոխեցին Լեհաստան: Մեզ օրական 200 գրամ հաց էին տալիս, որի 70 տոկոսը թեփ էր, եւ 300 գրամ վռիկ (ոՈսՈվՊՈ):

Մեկ տարի անց խորհրդային ռազմագերիներին ուղարկում են Ֆրանսիա եւ տեղակայում Դոլլեր գետի ափին: Օգոստոսյան մի օր երկնքում ամերիկյան ռմբակոծիչներ են հայտնվում:

Ամերիկացիներին հաջողվում է իրենց հսկողությունը հաստատել այդ տարածքում:

1944թ. նոյեմբերի սկզբին Ազատին և նրա ընկերներին ամերիկյան բանակի համազգեստ են հագցնում եւ ուղարկում Իտալիա՝ Տարանտո քաղաքը: Դեկտեմբերի սկզբին Տարանտոյի նավահանգիստ է ժամանում հսկայական մի նավ:

– Ես միշտ կհիշեմ այդ օրը: Տախտակամած բարձրանալով՝ կյանքումս առաջին անգամ տեսա, թե ինչպես են ինքնաթիռները վայրէջք կատարում եւ օդ բարձրանում ջրի մակերեսից: Ես իսկապես ապշած էի:

Լքելով Իտալիան՝ նավն ուղեւորվում է Աֆրիկա: Մի քանի օր անց այն մտնում է Ալեքսանդրիայի նավահանգիստ: Շուտով Ազատին տեղավորում են Կահիրեից ոչ հեռու գտնվող մի զորամասում:

-Անգլիացիները մեզ լավ էին վերաբերվում, անգամ փող էին տալիս, որպեսզի մենք կարողանանք խանութ գնալ: Թույլատրում էին խմել ամեն ինչ՝ օղուց եւ կոնյակից բացի: Մի անգամ էլ մեզ տարան եգիպտական բուրգերը տեսնելու:

1945թ. գարնանը Ազատը նորից նավ է բարձրանում: Նրան Միջերկրական ծովով, Բոսֆորի նեղուցով, Սեւ ծովով ուղարկում են Օդեսա: 10 օր անց Ազատն արդեն Ուրալում էր՝ 40 հազար ռազմագերիների մեջ:

– Սկսվեցին անվերջանալի հարցաքննությունները, որոնք ուղեկցվում էին սադրանքներով ու սպառնալիքներով: Հարցաքննություններից մեկի ժամանակ ինձ ասացին. «Դու պետք է վերջին գնդակը պահեիր քեզ համար»: Ես պատասխանեցի.«Վերջին գնդակով ես գերմանացի սպանեցի»: Ոմանց արձակեցին, սակայն նրանց թիվը շատ քիչ էր, ոմանց աքսորեցին, իսկ ինձ ու մի քանի ընկերներիս ճակատ ուղարկեցին՝ կռվելու Ճապոնիայի դեմ: Երբ հասանք Խաբարովսկ, իմացանք, որ Ճապոնիան կապիտուլացվել է: Ինձ թողեցին Խաբարովսկի երկրամասում: Մինչեւ 1946 թ. տարբեր շինարարական աշխատանքների էին ուղարկում: Դեկտեմբերին դիմեցի ղեկավարությանը՝ խնդրելով, որ ինձ տուն ուղարկեն՝ Հայաստան: Դեկտեմբերի 22-ին հասա Հայաստան:

Երբ տուն մտա, ինձ միայն հորեղբորս կինը ճանաչեց: Նա բացականչեց. «Սա Ազատն է, նրա աչքերն են»:

Ես իմ ճակատագրից դժգոհ չեմ: Շատ անգամ եմ մահից փրկվել, ստորացումներ տարել, քաղցած մնացել, հարյուրավոր անքուն գիշերներ անցկացրել: Այդ ամենը հանդուրժել եմ հանուն հայրենիքի: Իսկ հայրենիքը պաշտպանելը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է: Ես նույնիսկ գերմանացիներից նեղված չեմ, որոնք շատ անգամ են ինձ խոշտանգել եւ վիրավորել: Հասկանալի է. ես կռվում էի նրանց դեմ, թշնամի էի: Բայց ես մինչեւ հոգուս խորքը նեղացած եմ խորհրդային իշխանությունների վերաբերմունքից: Նրանք ասացին, թե ես ծախել եմ Հայրենիքս, ինձ վրա դավաճանի խարան դրեցին եւ ուղարկեցին մեռնելու: Ինչի՞ համար: Մինչդեռ, ես միշտ հավատարիմ եմ եղել այն երկրին ու պետությանը, որի քաղաքացին եմ եղել ու որի համար կռվել եմ:

♦♦♦

Վերադառնալով իր կյանքի պատմությանը՝ Ազատը հիշում է, որ ամեն օր՝ վաղ առավոտյան, իր մայր Խանումը կանգնում էր պատշգամբում եւ նայելով Արարատի կողմը՝ խաչակնքում:

– Նա չէր համակերպվում հայրենիքը կորցնելու մտքի հետ: Եվ անվերջ նայում էր այն կողմը, որտեղից մենք մի օր եկել էինք, եւ հույս ուներ, որ վաղ թե ուշ կվերադառնա իր տունը: Այդպես էլ կարոտով մահացավ,- հոգոց է հանում Ազատ պապը:

Թովմասյանների կառուցած տուֆե տնից ոչինչ չի մնացել արդեն, բացի մի քարից, որի վրա թոռներից մեկը կավիճով պապի կյանքից մի քանի տող է գրել:

-Երբ գնաս Երեւան,- ձեռքս բռնեց Ազատ պապը,- իմ մի խնդրանքը կկատարե՞ս: Դու մի լավ բժիշկ գտիր, ասա՛, որ մի այսպիսի պապ կա Ներքին Բազմաբերդ գյուղում, նա առողջ է, միայն թե աչքերը չեն տեսնում: Քանի ողջ եմ, ուզում եմ արեւի լույսը մի անգամ էլ տեսնել:

Անի ԱՖՅԱՆ
Լուսանկարները՝ Արսեն ՍԱՐԳՍՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Պատմության էջերից


10/09/2015