ՀԱՅՐՍ
Մեկ տարեկան երկու ամսական էի, երբ հայրս զոհվեց: Մայրիկս կամուրջ դարձավ իմ և հայրիկիս միջև: Թեև քիչ ժամանակ հասցրինք միասին անցկացնել, այնուամենայնիվ, մեր փոքրիկ ընտանիքի պատմությունը լի է հիշարժան պահերով: Անվանս ընտրությունը դրանցից մեկն է: Հայրս և մայրս որոշել էին, որ եթե աղջիկ ծնվի` հայրս կընտրի անունը, իսկ եթե տղա` մայրս: Եվ ծնվեցի ես, ու հայրս, քանի որ Ասպրամ անունը շատ էր սիրում, ինձ հենց այդպես էլ անվանակոչեց` ոգեշնչված Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպից,-«Մայրս միշտ ասում է, որ իմ մեջ հայրիկիս սկզբունքայնությունն ու համառությունն է տեսնում, իր մշտական պայքարը հանուն արդարության»:
«Հայրս երիտասարդության և ուսանողության առաջամարտիկն էր: Նա առաջիններից էր, ով հասկացավ, որ փողոցային պայքարն արդյունավետ չէ, և պետք է զենք վերցնել հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար: Նա նաև առաջիններից էր, որ իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի զոհասեղանին` փրկելով հազարավորների: Եվ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար ընդամենը 26 տարեկանում պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն` «Հայրենիք» շքանշանով: Հպարտ եմ, որ հայրիկիս և իր զինակից ընկերների օրինակը ոգեշնչեց և դաստիարակեց հայրենասեր սերունդ, որի ներկայացուցիչը նաև ես եմ: Այսօր մեր առջև ծառացած խնդիրները թեև այլ են, բայց կան առաջնահերթություններ` հայրենիքի պաշտպանություն, մայրենի լեզվի, ազգային արժեքների պահպանություն և այլն, որոնք միշտ էլ արդիական են, և երիտասարդությունը` լինելով հասարակության շարժիչ ուժը, պետք է ակտիվորեն մասնակցի այս գործընթացներին»:
Հայրս` նորանկախ պետության ամենաերիտասարդ Ազգային Հերոսը, ընկավ 1991 թվականի ապրիլի 30-ին, Գետաշենում, վայրկյան անգամ չմտածելով հայրենի հողը զիջելու մասին, դրսևորելով հայ մարդուն հատուկ կամքի ուժ:
Չկա մի օր, որ մենք հայրիկին չհիշենք և իր ներկայությունը չզգանք մեր կյանքում: Լինեն կենցաղային, ընտանեկան տարբեր իրավիճակներ, թե մարդկային տարբեր փոխհարաբերություններ, և մայրս է, որ հիշեցնում է, թե հայրս այս կամ այն դեպքում ինչպես կվարվեր, ինչ կասեր, ինչ խորհուրդ կտար, ինչ արտահայտություններ կօգտագործեր: Բայց ամենից կարևոր պատգամը, որը մայրս փոխանցել է հայրիկիցս` անմնացորդ նվիրումն է ընտանիքին, հայրենիքին:
Պատրաստեց ԱԼԻՆԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ
Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից