Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ



Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես եկան հարցի շուրջ իրենց մոտեցումների, արվածի ու հետագա անելիքների մասին զեկույցներով: Բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ նման հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, անհրաժեշտություն` աշխատանքները կոորդինացնելու համար:
-Գովելի է, որ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացին ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Մի քանի նախարարությունների մասնակցությունը համագործակցության ապացույցն է: Երիտասարդները մեր ռազմական ներուժի մի մասն են, նրանց հետ լուրջ աշխատանքներ են տարվում: Բայց միայն պաշտպանության նախարարության ուժերով էական առաջընթաց չենք կարող արձանագրել,- ասաց նախարարը:
Նաեւ հավելեց, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդմանը, ընդհանուր ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտին տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, եւ նոր ձեռքբերումներ ենք ունենում: Իհարկե, ներկա վիճակը չի կարող բավարար լինել, եւ այժմ 2010թ. արդյունքների հիման վրա հայեցակարգային նոր մոտեցումներ են մշակվում:
Ելույթ ունեցավ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ մարդու դաստիարակության հենասյուները երկուսն են՝ ռազմահայրենասիրական եւ քաղաքացիական դաստիարակությունները։ Հասարակությանը հարկավոր են մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը, գիտեն սեփական իրավունքները եւ դրանցից օգտվում են պարտականությունները ավելի լավ կատարելու, ընդհանուր նպատակի հասնելու համար: Հատկապես առանձնացրեց այն փաստը, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բոլոր գործող համակարգերը կոչված են սպասարկելու պաշտպանության համակարգը: Ամբողջ տարվա ընթացքում այդ առումով համառ, հետեւողական աշխատանք է կատարվել:
Զեկույցով հանդես եկավ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նա ներկայացրեց ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում 2010թ. պաշտպանության նախարարության կողմից իրականացված լայնածավալ աշխատանքները հատկապես հանրակրթական ասպարեզում: Մասնավորապես՝ Գիտելիքի օրը, նաեւ ողջ ուսումնական տարվա ընթացքում անձամբ նախարարը, տարբեր բարձրաստիճան զինվորականներ այցելել են դպրոցներ եւ բուհեր, արիության դասեր անցկացրել: Կազմակերպվել են աշակերտների եւ ուսանողների այցելություններ Վ. Սարգսյանի եւ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտներ, զորամասեր, ուր նրանք ծանոթացել են զինվորական կյանքի առանձնահատկություններին, նաեւ Մայր Հայաստան, Սարդարապատ թանգարաններ, Եռաբլուր պանթեոն, տարբեր պատմամշակութային օջախներ: Սովորողների շրջանում լայն արձագանք գտավ «Շնորհավոր ծննդյանդ 18-րդ տարեդարձը, հայո՛ց բանակ», «Մենք հաղթանակի սերունդներ ենք» թեմաներով շարադրությունների մրցույթը, հաղթողները պարգեւատրվեցին արժեքավոր նվերներով ու պատվոգրերով: Պարբերաբար դպրոցներ են ուղարկվել բանակային, հայրենասիրական թեմաներով ֆիլմերի, նյութերի խտասկավառակներ: Մեծացել է ուշադրությունը մարզատեխնիկական ընկերությունների հանդեպ, վերազինվել են դրանց ենթակա մի քանի ավտոդպրոցներ, որտեղ մասնագետներ են պատրաստում բանակի համար: Հանրապետական զինկոմիսարիատում ներդրված ղեկավարման ավտոմատ համակարգի շնորհիվ ավելի թափանցիկ է դարձել զորակոչի ընթացքը: Հանրապետության դպրոցների մեծ մասում ՊՆ աջակցությամբ նորոգվել ու կահավորվել են ռազմագիտության կաբինետներ, տրամադրվել է ուսումնական զենք: Զորամասերի հետ համագործակցության շնորհիվ շուրջ 17500 պատանի հրաձգարաններում մարտական հրաձգություն է կատարել, ընդ որում՝ որոշ դպրոցներում արդեն ներդրվել են տարբեր զենքերից մարտական կրակի մոդելավորման եւ ղեկավարման ավտոմատ համակարգեր: Աշակերտները ակտիվորեն մասնակցում են «Հայրենյաց պաշտպան» եւ «Կորյուն» ռազմամարզական խաղերին, կոփվում ֆիզիկապես եւ բարոյապես:
Այս եւ կատարված այլ աշխատանքները հակիրճ ներկայացնելուց հետո Վ. Ավետիսյանը նշեց, որ թեեւ շատ բան է արվել, սակայն անելիք դեռ կա, թերություններ էլ կան, որոնք պետք է շտկել: Նա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ համարեց ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորագույն օղակներից մեկին` զինղեկներին, առավել խիստ պահանջներ ներկայացնելը, մեթոդապես եւ նյութապես նրանց վերազինելը, համազգեստի տրամադրման հարցը, բոլոր պայմաններն ապահովելուց հետո ավարտական դասարաններում ՆԶՊ եւ «Ֆիզիկական պատրաստություն» առարկաներից առնվազն ստուգարք անցկացնելը:
Ելույթ ունեցան նաեւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, զինղեկներ: Առավել հետաքրքիր էին ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի եւ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի նկատառումները առկա խնդիրների եւ դրանց վերացման ուղիների մասին: Վերջինս նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը հատուկ է նրանով, որ միակ ոլորտն է, որի համար կոնկրետ անձ կամ կառույց չէ պատասխանատու, այլ՝ հասարակության բոլոր խավերը, իշխանության բոլոր ճյուղերը: Իսկ Ալիկ Սարգսյանի գնահատմամբ, երիտասարդներին վնասող գործոններից ամենախոշորները հեռուստատեսությամբ ցուցադրվող ցածրորակ ու ակնհայտորեն դաժանություն քարոզող, որեւէ արժեքային համակարգից զուրկ ֆիլմերն ու հաղորդումներն են, նաեւ աղանդավորների՝ ահագնացող չափերի հասնող գործունեությունը: Դրա դեմ պետք է պայքարել միահամուռ ջանքերով։
Խորհրդակցության վերջում Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ քննարկումները կնպաստեն հաջորդ տարի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, բոլոր կառույցներում նախաձեռնող, հայրենասեր երիտասարդության ձեւավորմանը: Այնուհետեւ նախարարի հրամանով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով: Պարգեւներ հանձնվեցին նաեւ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների կողմից։
Միջգերատեսչական ամփոփիչ քննարկումներից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել են հանրապետական կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչի անցկացման պայմաններին, զրուցել զորակոչիկների ու ծնողների հետ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Բանակ և հասարակություն


29/12/2010