Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ



Դեկտեմբերի 28-ին զորամասի հրամանատարի՝ Սերժ Կարապետյանի աշխատասենյակում սուրճ էինք խմում, ու պիտի մեկնեինք դիրքեր, և կարծում էի, թե երեկոյան հանգիստ կհասցնենք նշել ծննդյանս օրը, բայց տեղեկություն ստացվեց, թե Յանշաղն ու Չափլին հանձնել են: Թվաց՝ անհաջող կատակ է, շուտով լուրը հաստատվեց… Կապվեցի ռազմաբժշկական վարչություն, զեկուցեցի, որ մեկնում եմ ճեղքված ճակատ և չհասցրի էլ հանդիպել վարչության գլխավոր վիրաբույժ Վահան Կիրակոսյանի հետ, ով ուժեղացված խմբի երկու անեսթեզիոլոգի հետ եկավ Վարդենիսի հոսպիտալում ինձ փոխարինելու:
Ուղղաթիռ չկար և «Ուրալով» շարժվեցինք: Արդեն մութ էր, երբ հասանք Չափլի: Զոհեր կային: Վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո երկու բուժքույրերի ուղեկցությամբ ետ ուղարկեցինք: Հրամանատարի, Սայադյան Համիկի, Աբրահամյան Վանիկի և մյուս տղաների հետ երկու ուղղությամբ մեկնելով հետախուզության՝ շուրջ 22-23 կիլոմետր առաջ գնացինք. մարտիկների նկարագրությունից պարզ էր, որ խուճապ է, ու ճիշտ տեղեկություններ չկան, իսկ գնդապետ Սերժ Կարապետյանն իրավացիորեն համոզված էր, որ այդ եղանակին թշնամու շատ քիչ ուժեր կարող էին լեռնանցքն անցնել: Բայց օգնությունն ուշ տեղ հասավ, և նախաձեռնությունը վերջնականապես անցավ թշնամուն:
Դեկտեմբերի 31-ին Արթուր Սիմոնյանը եկավ իր զինվորների հետ և փակեց մեր թիկունքը, իսկ ես իջա Չափլիի բուժկետ, ուր բավական գործ կար. արդեն վեց վիրավոր ունեինք, նաև՝ շրջապատումից դուրս եկած մարտիկներ, ովքեր ցրտահարվել էին:
Վաղուց մթնել էր, և հրամանատարի, զորամասի հրետանու պետ գնդապետ Արամայիս Բաղդասարյանի ու մարտիկներից մեկի հետ որոշեցինք մոտս եղած մի քանի գրամ սպիրտով ու երկու խնձորով նշել Նոր տարին: Գնդապետ Կարապետյանը զարմացավ ոչ այնքան մի քանի տասնյակ գրամ սպիրտի, որքան երկու խնձորի վրա. ուշադիր նայեց և ուրախացած հարցրեց. «Կամո, էս ծառերի տակից ե՞ս հավաքել»: Նրա անկեղծ հարցին հետևած ընդհանուր ծիծաղի մեջ էլ չխկացրինք բաժակները…»:
ԿԱՄՈ ՇԱԲՈՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏ

93-ի դեկտեմբերի 30-ին բժիշկների բրիգադի հետ մեզ շտապ ուղարկեցին Ֆիզուլի, որտեղի դաշտային հոսպիտալ գործուղված խումբը տևական հերթապահությունից հետո վերադառնում էր: Հարավարևելյան ճակատում վիճակն արդեն սրվել էր, ու մեզ շտապեցնում էին՝ ասելով, թե յուրաքանչյուր պահի ամեն ինչ կարող է պատահել ու հոսպիտալում բոլոր մասնագիտությունների բժիշկներ էլ պիտի լինեն: Վերադարձողների «Ուազիկը» Կարմիր Շուկայի հատվածում հակառակի պես շրջվել էր, բայց ոչ ոքի, անգամ վիրավորին ու մեքենայով բերվող մեծ հայելուն ոչինչ չէր եղել:
30-ի գիշերն ու 31-ի ցերեկը հանգիստ անցան, բուժքույրերը երեկոյան տոնական սեղան պատրաստեցին, բոլորիս հրավիրեցին, բայց անգամ բաժակ խփել չհասցրինք. մի ծանր վիրավոր երիտասարդի բերեցին Թաղավարդ գյուղից: Գնդակը բազմաթիվ ներքին օրգաններ ուղղակի ավերել էր: Մինչև լուսաբաց վիրահատեցինք, բայց…»:
ՄԵՍՐՈՊ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՂՀ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ

«Կապանում դեկտեմբերի 31-ի ցերեկը սպաներով հավաքվեցինք՝ միմյանց գալիք Ամանորը շնորհավորելու, և Նոր տարվա սեղանից էլ մեզ տագնապով ոտքի հանեցին: Զորամասի շտաբի պետ Սերգեյ Կարապետյանի ու հետախուզության տղաների հետ մեկնեցինք հարավարևելյան ռազմաճակատ, ուր երկրորդ պաշտպանական բնագծում մեր երկու ստորաբաժանումներն էին, և այնտեղ էլ դիմավորեցինք բուն Նոր տարին՝ հասկանալով միայն, որ ճակատը ճեղքվել է, խառնաշփոթ իրավիճակ է, և պարզ է, որ լայնածավալ հարձակում է սպասվում:
Կռիվը միանգամից սկսվեց, ու կայարանը ծանր մարտերով հանձնվեց: Այնտեղից վերջին վիրավորներին դուրս հանելիս «Վիլիսն» այնպես ծակծկվեց, որ նայում ու զարմանում էինք, թե ինչպես ենք ողջ մնացել: «Վիլիսը» մեզ հասցրեց ասֆալտապատ ճանապարհին սպասող «Շտապ օգնության» մեքենային ու վերջնականապես փչացավ: Զորամասի՝ օգնության եկող ստորաբաժանումներն արդեն ճանապարհին էին»:
ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ
ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

«93-ի դեկտեմբերի կեսից բոլոր ճակատներում վիճակն օրեցօր լարվում էր: Նոր տարվա գիշերը գլխավոր շտաբում պատասխանատու էի, հունվարի 1-ի առավոտյան անտրամադիր հասա տուն։ Քիչ անց օպերատիվ հերթապահը զեկուցեց, որ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեսյանը գնաց Վարդենիս եւ կարգադրեց, որ շտապ հասնեք իր հետեւից», ինչն իսկույն արեցի: Հետս հրետանավորին անհրաժեշտ ամեն ինչ՝ կապի միջոցներ, օպտիկական սարքեր, հեռաչափ եւ այլ պարագաներ միշտ վերցնում էի ու որտեղ կանգ առնեի՝ կարող էի «ստեղծել» հրետանու հրամանատարական կետ եւ հանգիստ ղեկավարել կրակը:
Խառը վիճակ էր, առջեւում մեր նահանջող զորքերն էին, շփման գիծն անհայտ էր, «Գեացինտների» դիվիզիոնը գրեթե տեղ էր հասել, բայց քարշակները չէին կարողանում հաղթահարել վերջին ձյունածածկ ոլորանները: Տրակտոր գտա, ամբողջ գիշեր չարչարվելով, կարողացանք բոլոր ութ հրանոթները տեղակայել հարմար դիրքերում, եւ հեռահար հրանոթները «խոսեցին»: Ճեղքված ճակատում հրետանային հզոր վահան էր ստեղծվում»:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

♦♦♦
«92-ի դեկտեմբերի 26-ին մարտական հենակետերում փոխարինեցի մեր զորամասի հրամանատար գնդապետ Ալբերտ Դավթյանին եւ Նոր տարին դիմավորեցի Կոռնիձորի հրետանային դիրքերում: Իբրեւ թե ամանորյա եռօրյա հրադադար էր, բայց հիմնականում մենք էինք այն պահպանում, իսկ թուրքերն ուղղակի զզվեցնում էին, հատկապես տանկերից մեկը: Ի վերջ համբերություններս սպառվեց, ու որպես Նոր տարվա նվեր, խփեցինք»:
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏ

♦♦♦
«ԼՂՀ Շահումյանի շրջանում 92-ի Նոր տարին նշելու էինք Բուզլուխի դիրքերում՝ ցածրադիր ու ամենավտանգավորը համարվող «21-րդ պոստում», ուր միշտ փորձառու մարտիկներն էին հերթապահում: Հոկտեմբերյանցի Պավլիկը «Վիլիսով» ինչ-որ տեղ գնաց ու կորավ, առանց մեզ Նոր տարին նշած՝ ուշ գիշերով, առանց մեքենայի, օրորվելով՝ վերադարձավ ու իսկույն քնեց: Գնացինք մեքենան գտանք, մեջը բենզին էլ չկար, մարտկոցը բերեցինք ու հեռուստացույց դիտելով եւ անվրդով քնած Պավլիկի վրա գոռգոռալով՝ անցկացրինք Նոր տարվա գիշերը, իսկ առավոտյան… Ընդհանուր տագնապ հայտարարվեց, թշնամին «21-րդ պոստը» գրավել էր: Այն հունվարի վեցին չորս զոհի գնով ազատագրեցինք ու դիրքում մինչեւ վերջ կռված մեր երեք մարտիկների խեղանդամված մարմինները գտանք»:
ՆՈՐԱՅՐ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ՎԻՐԱԲՈՒՅԺ

♦♦♦
«Նախկին ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության խոշոր գործարաններից մեկի տնօրենը մտերիմ ընկերս էր, գնացի մոտը՝ զինվորական կապի միջոցներ բերելու: Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը տեղ հասավ դեկտեմբերի 31-ին, եւ չգիտեի՝ կապի միջոցները մեքենաները բեռնելու լուրից փայլող դեմքի՞ն նայեի, թե՞ պատռված ու մետաղալարով կապված ամառային կոշիկներին: Մեր վեց բեռնատարների հետ գործարանից դուրս եկանք երեկոյան ժամը 5-ին, հասանք հարյուրավոր կիլոմետրեր հեռվում գտնվող օդանավակայան, ուր մեզ էին սպասում Դավիթ Հարությունյանը, Գրիգոր Ամալյանն ու Արմեն Ազարյանը, եւ սկսեցինք լեփ-լեցուն մարդատար ինքնաթիռներով կապի միջոցները տեղափոխել Հայաստան: Հունվարի 13-ին վերջին ուղերթով ես թռա, եւ տղաները «Զվարթնոց» օդանավակայանում ինձ բարեւելու հետ մեկտեղ հին Նոր տարին էին շնորհավորում»:
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏ

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Պատմության էջերից


29/12/2010