Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ. ՃՇՄԱՐԻՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ



«Մախաթը պարկում չես թաքցնի»
Ժողովրդական ասացվածք

Երբեմն տարբեր մակարդակի «փորձագետներից կամ վստահելի աղբյուրներից» կարծիքներ են հնչում, թե ՀՀ զինված ուժերի մասին ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվում մեր հասարակությանը, պատկան մարմինները չեն հայտնում բոլոր միջադեպերի, արտակարգ պատահարների մասին, սահմանին մեր ունեցած զոհերի և վիրավորների իրական թիվն էլ կոծկում են: Նման «հեղինակավոր» կարծիքներ լսելով՝ ժողովրդի մի ստվար զանգված չի կարողանում ձերբազատվել այն թյուր մտածելակերպից, թե` «բանակի մասին խոսում են լավ կամ ոչինչ»: Օրերս էլ հրապարակումներ եղան, թե զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են: Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա մասնավորապես նշեց, որ գաղտնիք են համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխմամբ:

Փորձենք հասկանալ` ի՞նչ է կատարվում իրականում: Նախևառաջ, պարզ ճշմարտություն է՝ ժողովրդից իրականությունը թաքցնել հնարավոր չէ: Ասենք, սահմանին հենակետերից մեկում մի դեպք է պատահել ոչ կանոնադրական հարաբերությունների կամ հակառակորդի արձակած գնդակի պատճառով: Զորամասի հրամանատարությունը փորձում է կոծկել այն, չի հայտնում որևէ տվյալ: Եթե նույնիսկ ընդունենք, որ զինծառայողների մեծ մասը ճնշումների է ենթարկվում, վախենում է ինչ-որ մանրամասներ հայտնել դեպքի կապակցությամբ, միևնույն է, տեղեկատվական արտահոսք, այսպես թե այնպես, լինելու է: Մի զինվոր չի հայտնի, երկուսը, երեքը, տասը չեն հայտնի, ի վերջո, մեկնումեկը հարազատներին գրած նամակում կամ հեռախոսազրույցի ժամանակ` դիտմամբ, թե պատահմամբ, կասի ճշմարտությունը, և վերջ, ամբողջ երկիրը մի քանի ժամ հետո կխոսի այդ մասին: Գումարենք նաև սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները: Չմոռանանք նաև, որ այժմ մենք ապրում ենք բաց հասարակությունում, ժողովրդավարական արժեհամակարգ ունեցող պետությունում, որտեղ քչերն են հանդուրժում իրենց նկատմամբ բռնություն, սահմանափակումներ: Այսինքն՝ առաջին հերթին հենց տուժած զինծառայողի ընկերը չի հանդուրժի, որ ճշմարտությունը կոծկվի, քանի որ մի օր էլ ինքը կարող է նույն իրավիճակում հայտնվել:

Ճշմարտությունը թաքցնելու մասին բարձրաձայնողները իրենց դիրքորոշումը հիմնավորում են, օրինակ, այն փաստով, թե բանակը փակ կառույց է: Այո՛, այդպես էլ կա: Բայց այն փակ է առաջին հերթին հակառակորդի համար: Փակ է ռազմական տեխնիկայի, մարտավարական հնարավորությունների, բազմաթիվ այլ տվյալների հրապարակումն ու տարածումը կանխելու իմաստով: Երբեմն հենց նմանատիպ տեղեկություններ են պահանջում «ազատ խոսքի ջատագովները», իսկ մերժում ստանալուց հետո էլ սկսում աջ ու ձախ գոռալ, թե` «բանակի դռները փակ են հասարակության առջև»:

Սակայն փաստ է, որ բանակը բաց է հասարակության առաջ: Արդեն քանի տարի է, մեր ռազմական ղեկավարությունը որդեգրել է հասարակության հետ սերտ համագործակցելու և հասարակության օժանդակությամբ բանակային կարգապահությունն ու զինված ուժերի պատրաստականությունը բարձրացնելու քաղաքականություն: Առավել կարևոր է տվյալ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է ուժեղանում:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցում են շուրջ երեք հարյուր հասարակական կազմակերպություններ: Իրենց ամենօրյա աշխատանքով նրանք ավելի թափանցիկ են դարձնում զինվորական հսկա կառույցը: ՀԿ-ների ներկայացուցիչները պարբերաբար այցելում են զորամասեր, ստուգում ժամկետային զինծառայողների, ինչու չէ, նաև սպաների ծառայական և կենցաղային պայմանները, սննդի որակը, հետևում նրանց առողջական վիճակին: Հիմա մի պարզ հարց՝ հնարավո՞ր է նրանց բոլորին արգելել խոսելու բանակում արձանագրված թերությունների մասին: Իհարկե, ո՛չ: Ուրեմն, բանակում «կոծկումների» մասին խոսողները առաջին հերթին հենց այդ հասարակական կազմակերպությունների ազնվությունն ու անաչառությունն են կասկածի տակ դնում: Բայց, չգիտես ինչու, որևէ մեկը նրանց չի քննադատում, դատափետում: Եվ չեն էլ կարող, քանի որ շատ դեպքերում հենց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են տեղի ունեցած միջադեպերի մասին առաջինը բարձրաձայնում՝ չսպասելով անգամ պաշտպանության նախարարության համապատասխան օղակների պաշտոնական հաղորդագրությանը:

Ավելին՝ պարզ և թափանցիկ գործունեությունը առաջին հերթին ձեռնտու է հենց պաշտպանության նախարարությանը: Քննադատողներին էլ խորհուրդ կտայինք ուշադիր հետևելու մեր հարևան պետությունում ընթացող զարգացումներին: Հայտնի փաստ է, որ այնտեղ ընդունված օրենքի համաձայն խստագույնս արգելվել է սահմանամերձ շրջաններում զինված ուժերի գործունեության, զոհված և վիրավոր զինվորականների, արտակարգ պատահարների մասին տեղեկատվություն տարածելը: Նման փորձեր կատարողները ենթարկվում են քրեական պատասխանատվության. փաստերը բազմաթիվ են:

Այնպես որ, ոլորտը կարգավորելն ու բռնապետական օրենքներով գործելը եկե՛ք տարբերակենք ու թացը չորի հետ չխառնենք:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/09/2015