Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏ ՊԱՊԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ



«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել Թալին քաղաքից ոչ հեռու գտնվող մի գյուղի` Ներքին Բազմաբերդի բնակիչ, 99-ամյա Ազատ պապի կյանքի ոդիսականը… Նրա մասին պատմող ակնարկն արժանացել է հարյուրավոր հավանումների, ունեցել է տասնյակ «կիսումներ»: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ այդ պատմությունը մեր ժողովրդի վերջին հարյուր տարիների կյանքի արտացոլումն է…

Ծնողները գաղթել են Սասունից, հասել Ջուղա, Մեղրի, Կապան, Գորիս, Ուջան եւ վերջապես Ներքին Բազմաբերդ… 1938թ. Ազատն արդեն կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ 2 տարուց էլ նրան ուսուցիչ են նշանակում: Թվում էր` կյանքը կարգավորվում է, սակայն 1941թ. հունիսի 22-ին Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա: Ազատը զորակոչվում է բանակ: Այնուհետեւ ակնարկի հերոսի կյանքը գեղարվեստական վեպի է նմանվում` ազատագրական մարտեր, հարձակումներ, դիմադրություն, գերություն, համակենտրոնացման ճամբար, հարցաքննություններ, ծանր աշխատանք… Եվ Ազատը միայն 1946 թվականի դեկտեմբերի 22-ին համարյա ամբողջ աշխարհով շրջելուց հետո վերադառնում է տուն, որտեղ նրան ճանաչում են աչքերից միայն… Հիմա Ազատ պապը չի տեսնում, նա շոշափելով է զգում կյանքը… Ու խնդրում է նյութի հեղինակին` Անի Աֆյանին. «Երբ գնաս Երեւան, իմ խնդրանքը կկատարե՞ս: Դու մի լավ բժիշկ գտիր, ասա՛, որ մի այսպիսի պապ կա Ներքին Բազմաբերդ գյուղում, նա առողջ է, միայն թե աչքերը չեն տեսնում: Քանի ողջ եմ, ուզում եմ արեւի լույսը մի անգամ էլ տեսնել…»:

99-ամյա պապի այս խնդրանքը անտարբեր չի թողել տասնյակ բժիշկների, բարի մարդկանց, որոնք մեզ հասցեագրված նամակներում պատրաստակամություն են արտահայտում ստանձնելու նրա բուժումը: Ոմանք էլ պարզապես խնդրում են. «Աստված ջան, թող Ազատ պապը տեսնի արևի լույսը», բարեմաղթում` «Երկար ապրի՛ր, պապի՛ ջան», արտահայտում իրենց ակնածանքը` «Մեր պապիկ, սիրում եւ հարգում ենք քեզ…»:

Եվ մի՞թե կյանքի լույսը օտար մարդկանց այս ջերմությունը չէ…

«Հայ զինվոր»

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


24/09/2015