Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂ, ՈԳԻ, ԶԵՆՔ ԽԱՉԻԿՑԻՆԵՐ




Վայքի պատմական Խաչիկ գյուղ տանող միակ ճանապարհն սկսվում է Արենիից, որից հետո՝ լեռնիվեր 21 կմ ոլորաններ: Այստեղ հասնելու միակ միջոցը սեփական մեքենա ունենալը կամ պատահական մեքենա որսալն է: Ճիշտ ժամանակին էր խաչիկցի պայմանագրային զինծառայող Գեղամի՝ իր մեքենայով հայտնվելը: Ճանապարհի երկարությունը կարճվեց գյուղի մասին զրույցով: «Գո՞հ եք ծառայությունից»: «Իհարկե, տղաս էլ է ծառայում, շատ գոհ ենք: Բացի այդ, Խաչիկի բարիքները եթե խելքով բանեցնես, ապրուստի խնդիր չես ունենա»:

Ասելիքիս՝ իմ մտապատկերում եղած կառույցը, գյուղ մտնելուն պես փլուզվեց: Այդ պահից սկսած, իրենք՝ խաչիկցիները, մեկը մյուսի ետևից հայտնվեցին տողերիս մեջ ու պարտադրեցին իրենցը:

ԱՐՍԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արդեն իրիկնային ժամերգության պահն էր: Գյուղի վրա տարածվել էր եկեղեցու զանգերի ձայնը: Ակամա միացանք եկեղեցի շտապող գյուղացիների հոսքին, հատկապես, որ ուզում էինք տեսնել գյուղի զորամասի հոգևոր սպասավոր Արսեն սարկավագին, որի մասին շատ էինք լսել: Եկեղեցու ներսում ազատ տեղ չկար: Օրվա պատվիրանը՝ մերձավորին ցանկացած պարագայում ձեռք մեկնելու անհրաժեշտությունն էր: Երիտասարդ սարկավագի մատչելի խոսքն անարգել թափացում է ներկաների սրտերը: Ակներև էր՝ խաչիկցիները մեծ հաճույքով և վստահությամբ ընդունում էին նրա հանդարտ, հաճելի բարիտոնով ասված քարոզի յուրաքանչյուր բառը:

Երբ օրվա խորհուրդը հաղորդված էր, և մայրերը երեխաներին մոտեցնում էին՝ սարկավագի օրհնությունն ստանալու, եկեղեցու խորքում մի ուրիշ հուզում նկատվեց: Գյուղացի կանայք մեծ աշխույժով տարոսի շոկոլադ էին հյուրասիրում: Առիթը սարկավագի՝ օրերս կայացած ամուսնությունն էր: Բոլորը հրավիրվեցին Մշակույթի տուն, որտեղ երեխաները անակնկալ էին պատրաստել Արսեն սարկավագի և նորահարսի` Հայկուհի Մարտիրոսյանի համար: Վարագույրը բացվեց, հայտնվեց գյուղի երեխաների և կանանց պատրաստած մեծ զարդարուն սեղանը: Սարկավագի կողմից ձևավորված երգի և պարի խմբակի սաներն սկսեցին ոգևորությամբ կատարել իր իսկ սովորեցրած ազգային երգերն ու պարերը. իսկ սարկավագն առանց երկար-բարակ մտածելու հանեց սքեմը և պար բռնեց նրանց հետ:

Հաջորդ հանդիպումը սարկավագի հետ լինելու էր զորամասում:

ՌԻՄԱ ՄԱՅՐԻԿ

Երբ պատրաստվում էինք մեքենայով զորամաս մեկնել, սարկավագին մոտեցավ գյուղացի տարեց մի կին. «Արսեն սարկավագ, մի բան խնդրեմ»: Տեսնես՝ ի՞նչ էր խնդրելու: Պարզվեց՝ Ռիմա մայրիկը նախկինում աղանդավորական խմբի ծուղակում է եղել, սակայն, դարձի գալով, այժմ Առաքելական եկեղեցու ջերմեռանդ նվիրյալ է: «Ասում էր՝ խնձոր ունեմ, թող զինվորները գան քաղեն, տանեն ուտեն»,-պարզաբանեց սարկավագը: Ետդարձին հյուրասիրվելու էինք տիկին Ռիմայի այգում և ականատես էինք լինելու, թե ինչպես էր տիրուհին զինվորների դույլերը պռնկեպռունկ խնձոր լցնում ու ասում. «Ուզում ենք, որ զինվորները պահեն մեր թիկունքը: Բա մե՞նք ինչ ենք անում իրենց համար: Ես իմ աղոթքներում, իհարկե, հիշում եմ մեր բոլոր զինվորներին, նրանց բարի ծառայություն ու բարի վերադարձ ցանկանում, բայց երեկ մտածեցի՝ եթե նրանք ճաշակեն իմ պարտեզի բարիքներից, կզգան, որ մենք էլ իրենց թիկունքում ենք»:

Շարունակելի

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


24/09/2015