Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔ



ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Այս հողն արդեն երկիր է դարձել: Նրա որդիների ամուր ոտնատեղին է երկիր դարձրել հողը: Ու այդ ամուր ոտնահպումից հողին է փոխանցվել մի ամուր հավատ: Երկիրն իր գրկում հավատ է թրծել: Ու հավատը դարձել է Մայր Հավատ: Ու երկիրը դարձել է Մայր Երկիր: Ու մայր երկիրը դարձել է Մայր Հայաստան… Ուրեմն` ասված է Հայաստան: Եվ դա բավական է:

«ԲԱՐՈՎ, ՏՂԵ՛ՐՔ, ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ»

Առավոտվա սուրբ լույսով օծվեց տղերքի պայքարը: Տղերքը ճամփա ընկան: Գնացին «Բրաբիոն ծաղիկ» որոնելու: Ու «ծաղիկ որոնելու» նրանց ճամփան Արցախ տարավ ու Գորիս, Տավուշ եւ Օմար… Շուշիի մատույցներում նրանք արյամբ Հաղթանակ գրեցին եւ Քարինտակի ու Բերձորի գիշերներում զենքի ձայնով Պայքար երգեցին: Նահատակվեցին ու անմահացան: Դարձան քայլող առասպել ու Մոնթե, դարձան ապրող լեգենդ: Տղերքը պայքար դարձան ու հաղթանակ: «Բարով, տղե՛րք, մեր պայքարի…»£

«ԲԱՐՈՎ, ԵՐԿԻՆՔ, ԴՈ՛Ւ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ»

Մեզ ընծայված էր լայն մի հրապարակ ու լայն մի երկինք: Ազգային պայքարը հրաշամանուկ դարձավ: 1991թ.-ին արդեն քայլում էր` հայացքը լայն երկնքին: Եվ շեփորաձայնով հնչեց մի երգ էլ` «Բարով, երկի՛նք, դո՛ւ հաղթության»:

Ի լուր աշխարհի հրապարակվեց. Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ազատ երկիր է: Ազատ ու անկախ քայլ արվեց հողին: Թեթեւ շունչ քաշեց երկիրը: Երկիր կերտելու մի հայացքով հորիզոնին ձուլվեց հայ մարդու մի կերպար: Ուրեմն` «Բարով, երկի՛նք, դո՛ւ հաղթության»:

ՈՒ ԱՅՍՕՐԸ…

Իսկ այսօրը սկիզբն է Լույսի ու Հավատի: Իսկ այսօրը ոգու արարումն է: Իսկ այսօրը դժվար ծնված երկիրն է: Իսկ այսօրը դժվար ապրող երկիրն է: Իսկ այսօրը հայացքը հաղթության կամարին հառած երկիրն է` հզորանում է, որ հզորանա, ապրում է, որ ապրի, հարատեւում է, որ հարատեւի…

Իսկ այսօրը Պայքարից ծնված 24-ամյա Հայաստանն է:

Իսկ այսօրը մենք ենք: Տե՛րը այս երկրի: Եվ այսօրը մեր ափերով ու մեր շնչով ամուր-ամուր պահվելիք երկիրն է…

Նարինե ԹՐՎԱՆՑ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Պատմության էջերից


24/09/2015