Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Որպես հիմնարար նախապայման-գաղափար, որն անհրաժեշտ է անհատի ու ազգի գոյության համար՝ նշվում է հայ ազգի ազատատենչությունը:

Մյուս կարևոր գաղափարը ինքնապաշտպանության, անձնապաշտպանության (ազգի ինքնության պաշտպանության) անհրաժեշտության գաղափարն է կամ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը: Սա իր ձևակերպումն է ստանում Եղիշեի խոսքով. «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն»: «Սահման քաջաց է զէնք յուրեաց»:

Հաջորդը հայրենասիրությունն է` առանց ավելորդ մեկնաբանությունների:

Եվ վերջապես՝ պայքարի հումանիզմի գաղափարը, որն առաջ է գալիս դարվինյան «գոյության պայքարի» տեսության հիմքի վրա, բայց, ի տարբերություն այլ ազգերի, օրինակ` թուրքերի գաղափարախոսության, որի մեջ այս նույնն ստանում է կենդանական բնազդի արժեք, հայ ժողովրդի փիլիսոփայական մտքում այն ունի հումանիստական շեշտվածություն, այսինքն՝ սեփականը պաշտպանելու և ոչ թե ուրիշինին տիրանալու, ուրիշինը ոչնչացնելու:

Չհրաժարվելով հեղինակի կողմից շեշտված պայքարի հումանիզմի գաղափարից, այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայ ժողովրդի պատմության մեջ ոչ միայն ինքնապաշտպանական, այլև զավթողական պատերազմների փաստեր են արձանագրված (մասնավորապես` Տիգրան Մեծի օրոք): Բայց նույնիսկ այս դեպքում, դրանք չեն անցել հումանիզմի սահմանները. անգամ երբեմն օգտակար են եղել պարտության մատնված երկրի բնակիչներին` նոր տիրապետության տակ բարեկեցության հասնելու համար: Գոյության պայքարի, բնական ընտրության դարվինյան գաղափարները, պետք է ասել, ազգերի գոյապահպանման, ինչու չէ` նաև բարգավաճման տեսանկյունից հակաբնական չեն:

Հակաբնական և ոչ հումանիստական կարելի է դիտել դրանց որոշ դրսևորումներ, ինչպես, օրինակ, ցեղասպանության փաստը, որը թուրքերի կողմից իրականացվեց խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես ֆաշիզմի գաղափարախոսությունը և այլն: Ներկայումս նույնպես առկա են նման զավթողական ոչ հումանիստական պայքարի դրսևորումներ, և ըստ երևույթին դրանք գոյություն կունենան, քանի դեռ գոյություն ունի մարդը: Այս ենթատեքստում հատուկ պետք է նշել, որ հայ ժողովրդին նույնիսկ այն ժամանակ, երբ զավթողական պատերազմներ է մղել, բնորոշ է եղել ստեղծագործ և ոչ թե կործանարար քաղաքականությունը: Տիգրան Մեծի նվաճումների օրոք բազմազգ հպատակները հնարավորություն էին ստանում ծաղկեցնելու նրա կողմից նվաճված քաղաքները: «…նա հասցրեց իր բանակը մի չտեսնված մեծության, կարծում են, որ նա բաղկացած էր մոտ 500 հազար մարդկանցից: Այս ահավոր ուժի գլուխ անցած` Տիգրանը նվաճեց Սելևկյան ամբողջ պետությունը – Միջագետքի մի մասը Մծբին քաղաքով, ուր հիմնվեց հայկական թագավորություն, արևելյան Կիլիկիա, Սիրիա, Փյունիկե և հասավ մինչև իսկ Պաղեստինի սահմաններին: Սելևկյան թագավորության անկման ժամանակի անկարգություններից զզված ազգաբնակչությունը ամեն տեղ գրկաբաց էր ընդունում հայոց տիրապետությունը, որ բերում էր բազմատեսակ ազգերին խաղաղություն, առևտրին, արվեստներին և արդյունաբերությանը` բարգավաճում»:

Հայ սպայի գաղափարական դաստիարակության մեջ կարևոր բաղադրիչ է, ի թիվս մյուսների, տիրասիրության ընդգծված բնույթը, որը հատկապես հին դարերում խիստ կարևոր դեր է խաղացել հայ զինվորականության դաստիարակության համակարգում: Տիրոջը ծառայելը, հավատարմությունը, կարելի է ասել, նույնիսկ որոշակի առաջնայնություն է ունեցել հայրենասիրության նկատմամբ: Եվ սա բոլորովին չի նսեմացնում վերջինիս նշանակությունը, այլ ընդհակառակը` կարևոր մի հանգամանք է մատնանշում. հայերը դեռևս պատմության վաղ ժամանակներից գիտակցել են կենտրոնացված, պետականամետ դիրքորոշման կարևորությունը ազգապահպանության գործում:

Ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության ձևակերպումը, սկիզբ առնելով 5-րդ դարից, (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի) առավել համակարգված և աշխարհիկ ու կրոնական մակարդակներում մշակվելուց հետո համակարգված հանդես է գալիս 19-րդ դարում (Մ. Նալբանդյան, Խ. Աբովյան, Րաֆֆի, Գ. Արծրունի, Մ. Խրիմյան և այլք): Ձևակերպվում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը` որպես «սեփականը վերականգնելու և պահպանելու մղում»:

Րաֆֆին, Մ. Նալբանդյանը և 19-րդ դարի փիլիսոփայական-մանկավարժական մտքի այլ ներկայացուցիչներ իրենց կյանքի նպատակը դարձրին վերջին տարիների իրադարձությունների վերաիմաստավորելը, հայ մարդու` որպես իր ազատության համար պայքարող մարտիկի կերպարի ձևակերպումը: Կարևոր է, որ եկեղեցին նույնպես անմասն չի մնում այս շարժումից և ձևակերպում է ազգի, երկրի պաշտպանության աստվածահաճո բնույթը:

Շարունակելի

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Ազգային բանակ


24/09/2015