Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ



Ռազմական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անμաժանելի բաղկացուցիչն է, որն ապահովում է պետության գոյության դեմ ուղղված սպառնալիքների կանխումն ու չեզոքացումը` երաշխավորելով Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը:
Հզոր զինված ուժեր ունենալը ներկայիս աշխարհաքաղաքական իրողության պայմաններում Հայաստանին պարտադրված առաջնահերթություն է: Ուստի մարտունակ, ռազմական սպառնալիքների լիակատար չեզոքացմանը և ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերի առկայությունը պետության գերխնդիրն է: Զինված ուժերի զարգացումը, կատարելագործումը, նոր մարտահրավերներին համապատասխանեցումը շարունակական ու դինամիկ գործընթացներ են:
2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության վերանայման գործընթացը նպատակաուղղված է զինված ուժերի զարգացման և արդիականացման միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների և գործողությունների հստակեցման, ժամանակակից ռազմական պահանջներին համապատասխանող, ճկուն և արդիական պաշտպանության համակարգի կայացմանն ուղղված հետևողական քաղաքականության իրականացման խնդիրներին:
Ռազմական անվտանգության ապահովման և զինված ուժերի մարտունակության բարձրացման ամենաարդյունավետ ուղիները միջազգային ինտեգրումն ու համակարգված բարեփոխումներն են:
Վերանայման գործընթացում համակողմանիորեն հաշվի են առնվել զինված ուժերի զարգացմանը ներկայացվող ժամանակակից պահանջները, տարածաշրջանում անվտանգության միջազգային համակարգերի հետ (ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ) համագործակցության գերակայությունները, ինչին մեծապես նպաստել են նաև Հայաստանի Հանրապետության գործընկեր երկրների աջակցությունն ու փորձագիտական օժանդակությունը:
Պաշտպանության վերանայման գործընթացի իրականացման աշխատանքները մշտապես եղել են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում: Հանրության ուշադրությանը ներկայացվող փաստաթղթում ներկայացված է Հայաստանի Հանրապետության ռազմական պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ պաշտոնապես ընդունված տեսակետների ամբողջությունը: Այն արտացոլում է ազգային շահերի պահպանման, ռազմական հնարավորությունների ամրապնդման, պետության և ժողովրդի պաշտպանվածության, զինված ուժերի մարտունակության ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը:
Ելնելով ազգային անվտանգության ապահովման գերակայություններից` Հայաստանն այսուհետ ևս կշարունակի պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացումը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/05/2011