Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



2014թ. օգոստոսի 4-ն էր: Օրն սկսվել էր պայծառ-պայծառ արևով, և Սևակի մտքով իսկ չէր անցնում, որ այն մնալու է իր հոգում որպես մի անջնջելի հիշողություն: Սևակն ու Արամը խոսում էին, որ երբ այս անգամ դիրքերից իջնեն, պիտի մկրտեն Արամի երեխաներին` Շողիկին, Վիկտորյային ու երկու տարին նոր բոլորած Ռազմիկին, ու կնքահայրն էլ պիտի Սեւակը լինի. թշնամին սկսեց իր հերթական ոտնձգությունը: Ինչպես միշտ նա իր արժանի հակահարվածն ստացավ, սակայն եղավ ցավալի կորուստ: Թշնամու գնդակից զոհվեց Արամը: Վերջին պահին Արամն էլի ուզում էր ինչ-որ բան ասել Սևակին, սակայն բառերը մնացին կոկորդում:

Անցել են օրեր: Մեկ տարուց մի քիչ ավելի: Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Արամ (Ռուբո) Գրիգորյանի երեխաների մկրտությունն է: Կնքահայրը Սևակ Խաչատրյանն է: Ամուսնու կողքին կանգնած է կնքամայրը՝ Ոսկեհատը: Տեր Հայկ քահանա Սարգսյանը սուրբ մյուռոնով օծում է երեխաներին: Մկրտության լուրը հաղորդել են հերոս հորը` այցելելով նրա շիրիմին: Ու հիմա հավաքվել են Արամի հարազատները, մարտական ընկերները: Հերոսի կինը` տիկին Մարինեն, քույրը` Մանուշը, թաքուն աչքերն են սրբում: Եղբայրները` Արմենն ու Արսենը, Արամ-Ռուբիկի մասին խոսում են տան փոքրին վերապահված սիրով: Մարտական ընկերն ու հրամանատարը` Արագած Մկրտչյանը` Բոնդոն, հերոսական դրվագներ է պատմում պատերազմական օրերից:

Կնքահայրը վերցնում է բաժակը: Հիշողությունները նրան հանել են ժամանակից, և նա ասում է.

-Կյանքում լինում են պահեր, երբ դարերով ամրագրված մեր հոգևոր խորհուրդներն ու ծիսակատարությունները նոր իմաստ և նշանակություն են ստանում: Կամ էլ մենք` ժամանակակիցներս ենք ունենում այդպիսի զգացողություններ: Արամի երեխաների մկրտությունն այդ խորհուրդն ունի` կրկին ու կրկին մեզ հուշում-հիշեցնում է, որ կա՛ Սասունը, որ Սասնա զարմերը որտեղ էլ լույս աշխարհ գան` դառնալու են Սոսեներ, Արաբոներ, Գևորգ Չաուշներ, Թաթուլներ: Գուցե վերջին պահին այդ էր ուզում ասել իմ մարտական ընկերը: Ուզում էր նորից նոր հիշեցնել Սասնա էպոսի խոսքերը` «Առյուծն առյուծ է` էգ լինի, թե որձ»: Արամի դուստրերը` Շողիկն ու Վիկտորյան, այդ առյուծներից են, իսկ փոքրիկին Արամի անվանակոչած Ռազմիկ անունն արդեն դրա վկայությունն է:

Հետո խոսք ասաց Արամի Արմեն եղբայրը.

-Սասուն աշխարհը, Թալինը շատ հերոսներ են տվել: Եղբայրս էլ միացավ այդ հերոսներին: Եղբորս զավակների մկրտությունն է, և նրա զավակները նույնպես կշարունակեն այդ հերոսությունները` արժանի կլինեն իրենց նախնիներին:

Իսկ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը` Մանվելը, ասաց. «Մկրտության խորհուրդը հավերժության մեջ է պահում հայորդիներին, հայրենյաց զինվորներին, որոնք միշտ անխոցելի են և չեն մոռացվում բոլոր ժամանակներում»:

Թալինում մկրտություն էր` հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած Արամ-Ռուբո Գրիգորյանի երեք զավակների` Շողիկի, Վիկտորյայի ու երկու տարեկան Ռազմիկի: Մկրտություն էր, և հայրը` Արամը, ներկա էր:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Բանակ և հասարակություն


24/09/2015