ՍՊԱՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համոզվելով «թղթե շերեփի» անարդյունավետության մեջ, տեսնելով, որ մեծ տերությունները, որոնց օգնությանն է ապավինում հայ ժողովուրդը, իրեն պաշտպանելու ցանկություն և նպատակ չունեն, Խրիմյան Հայրիկը ժողովրդին երկաթե շերեփով պայքարելու կոչ է անում: Մասնավորապես՝ Կ. Պոլսում իր կարդացած քարոզում ասում է. «Ժողովո՛ւրդ Հայոց, անշուշտ լավ հասկացաք, թե զենքը ինչ կրնար գործել ու կը գործե, ուրեմն սիրելի և օրհնյալ հայաստանցինե՛ր, գավառացինե՛ր, երբ Հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև` մեկ-մեկ զե՛նք առեք և դարձյալ զենք. ժողովու՛րդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո՛ վրա դիր, քո՛ խելքին և բազկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պետք է աշխատի, որ փրկվի»: Իսկ արդեն ազատագրական պայքարի մասնակից և կազմակերպիչ Նիկոլ Դումանը արտահայտում է հետևյալ միտքը. «Բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում (մոմենտներում)»: Հարկ է նշել, որ այս դիրքորոշումը մեր պատմության ամբողջ ընթացքում հաստատել է իր մեծ կարևորությունը և մեր օրերում ևս արդիական է:
Այսպիսով, կարելի է առանձնացնել այն հիմնական գաղափարական կողմնորոշիչները, որոնք կարևոր է հաշվի առնել, անշուշտ, սպայական կադրերի դաստիարակության համակարգում.
ազգի ազատատենչության գաղափարը,
ինքնապաշտպանության անհրաժեշտության գաղափարը,
անձնապաշտպանության (ազգի ինքնության պաշտպանության) գաղափարը,
ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը,
հայրենասիրությունը,
տիրասիրությունը (ղեկավարելուց բացի, նաև ենթարկվելու ընդունակությունը` վերադասին, պետությանը` ի շահ հայրենիքի),
պայքարի հումանիզմի գաղափարը, որն անմիջականորեն կապված է հայ սպայի վեհանձն որակների հետ:
Կարևորագույն եղանակավորող գաղափարը, որը միավորում է վերևում նշված բոլոր գաղափարները, ազգային ինքնության գիտակցությունն է:
Հայաստանի Հանրապետության ներկայիս ազգային անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքները նախատեսում են նաև աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում ազգային ինքնության պահպանման անհրաժեշտ նախապայմանը: «Մեր երկրի ներքին անվտանգության ապահովումը առաջին հերթին պայմանավորված է պետության, հասարակության գոյության և կենսագործունեության բոլոր բնագավառներում ժողովրդավարական արժեքների ամրագրմամբ: Դրա անհրաժեշտության և մեր երկրի անվտանգ ապագայի կառուցման կարևորության գիտակցմամբ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բարեփոխումների ռազմավարությունը: Այն իրականացնելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է պետական-ազգային շահերով, որոնք միջազգային հանրության օժանդակությամբ ու նրա կուտակած հսկայական փորձի օգտագործման միջոցով ծառայեցնում է մեր պետության ու հասարակության կայացման և ազգային ինքնության պահպանման պայմանով` միջազգային ինտեգրման գործին»,- 2005թ.-ի փետրվարի 16-ին «ՀՀ Ազգային անվտանգության ուղենիշները» թեմայով ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմին ներկայացրած իր ելույթում նշել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երբ անդրադառնում ենք մեր հերոսական հրամանատարների կենսագրությանը, տեսնում ենք, որ նրանց հերոսության մղող կարևոր շարժառիթներից է հայ ժողովրդի պատմական արդարության պաշտպանության ձգտումը: Սա այն դեպքն է, երբ ակնառու է այն հզոր լիցքը, որը մարդուն տալիս է ազգային ինքնության գիտակցումը: Դարեր ի վեր հստակ ավանդույթով հայի մեջ ձևավորվել է իր «ես»-ը` երբեմն ողբերգական, երբեմն էլ հերոսական դրվագներով հարստացած և ամրագրված: Արցախյան հաղթանակը մեր ազգային ամբողջ ներուժի միասնական դրսևորումն էր, որում միահյուսված էր ինչպես հայաստանցու, արցախցու, այնպես էլ սփյուռքի մեր նվիրյալ մարտիկների ազգային ինքնությունը: Որտեղի՞ց էր ստանում Մոնթե Մելքոնյանը այն հզոր կամքը, այն համառությունը, որով հրամանատարի իր դիրքերից ղեկավարում էր Մարտունու շրջանի ինքնապաշտպանությունը: Որտեղի՞ց Արցախյան պատերազմի թոհուբոհում հայտնվեց ռուսական բանակի հայազգի 70-ամյա գեներալ Քրիստափոր Իվանյանը, որ զինվորի ավյունով և փորձառու զինվորականի իմաստնությամբ կարողացավ պաշտպանության բանակի ամուր հիմքերը դնել, որոնց վրա մինչև այժմ բարձրանում է հաղթական բանակի կառույցը: Այս մարդիկ ամբողջ կյանքում իրենց անձի կարևորագույն մի մասնիկ պահպանել էին անհրաժեշտ պահին իրենց հայրենիքին զոհաբերելու համար: Այսպիսի օրինակները անթիվ – անհամար էին, ինչպես Արցախի, Հայաստանի, այնպես և արտասահմանցի մեր «հայ ինքնապաշտպանների» մեջ: Ի՞նչն ենք մենք փորձում պաշտպանել. այն, ինչը ապահովում է մեր գոյությունը` հայ ազգի ինքնությունը, որի կարևոր բաղկացուցիչն է Հայաստան աշխարհը:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ազգային բանակ