Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՆԽՈՑԵԼԻ ԵՆ



Զրույց ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«Կարող եմ վստահեցնել` մեր բանակի կենսունակությունը բարձր է»:

ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ինժեներական զորքերի
վարչության պետ

-Պարոն Աբրահամյան, վերջին շրջանում հակառակորդը կիրառում է ոչ միայն 60 մմ, 82 մմ և 120 մմ ականանետներ, տարբեր տիպի նռնականետներ, այլեւ ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև Դ-30 հաուբից: Այսինքն` հակառակորդը գործի է դրել զինատեսակներ, որոնց կրակի խորությունը հասնում է 10 կմ-ի: Վերանայվե՞լ են արդյոք ինժեներական մոտեցումները, ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:

-Մեր դիրքերն ինժեներական կահավորման տեսանկյունից այսօր անխոցելի են: Դրանք խոցելու համար մեծ վարպետություն եւ դիպուկություն է պահանջվում: Չունենալով հաջողություններ դիվերսիոն-հետախուզական գործողություններում, պարտվելով դիպուկահարների մարտում՝ ինժեներական խելացի կահավորման, ներդրված համակարգերի, համապատասխան ամրաշինական կառույցների շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը մեծացրեց կիրառվող զինատեսակների տրամաչափը: Այսինքն` ձախողելով իր ռազմավարությունն առաջնագծում` հակառակորդը կրակը տեղափոխեց խորք: Սակայն նորից չունի այն արդյունքը, որն ակնկալում էր, քանի որ թե՛ առաջնագծում, թե՛ համապատասխան գոտիների խորքում նախապատրաստված են բոլոր հիմնական կառույցները` գետնատնակներ, խրամաճեղքեր, թաքստոցներ եւ այլն:

-Իսկ ի՞նչ կասեք մշտական տեղակայման վայրերի, հրաձգարանների, վարժադաշտերի մասին, որոնք կարող են հրետանու թիրախ դառնալ:

-Դրանք «կվերազինվեն»: Արդեն տրվել են համապատասխան հրամաններ ու հրահանգներ: Այժմ լրացուցիչ աշխատանքներ ենք կատարում, կատարելագործում ենք այդ ենթակառույցների պաշտպանությունը: Բարձրացնելու ենք հակառակորդի հրետանու համար հասանելի բնագծերի պատսպարման աստիճանը, ապահովելու ենք լրացուցիչ շինություններով ու կառույցներով: Ըստ հրամանի` զորքի համար նախաձեռնելու են հատուկ մարզումներ, ուսուցանվելու են արագ և ճիշտ պատսպարվելու կանոնները: Արդեն կա համապատասխան կառավարական մարմինների անհրաժեշտ աջակցությունը: Կարճ ժամանակ անց հակառակորդն այդտեղ նույնպես հաջողություններ չի ունենա:

-Պարոն Աբրահամյան, որոշակի ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:

-Մենք վերոնշյալը շատ արագ կանենք, մեկ շաբաթվա ընթացքում: Աշխատանքներն արդեն ընթանում են:

-Դուք նշեցիք, որ մեր դիրքերն ինժեներական կահավորվածության տեսանկյունից անխոցելի են: Իսկ ի՞նչ ասել է ինժեներական կահավորում, կարծում եմ` այս ձեւակերպումը պարզաբանման կարիք ունի:

-Գոյություն ունեն դիրքի կահավորման չափանիշները սահմանող հրահանգներ ու կանոնադրություն: Դիրքը պետք է ապահովված լինի կրակի վարման, հրամանատարական դիտարկման եւ կրակի ղեկավարման կետերով դասակի, վաշտի եւ գումարտակի հրամանատարների համար, անձնակազմի, տեխնիկայի եւ նյութական միջոցների պատսպարման կառույցներով: Եթե դիրքը համապատասխանում է այս երեք չափանիշներին, ուրեմն ռազմական ամրաշինության տեսանկյունից այն պատշաճ է կահավորված: Նաեւ յուրաքանչյուր դիրք պետք է այնպես քողարկվի, որ հակառակորդը, կիրառելով հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, չկարողանա ինֆորմացիա հայթայթել: Բացի վերոնշյալ պահանջները ապահովելուց, մեր ամեն դիրքում հակառակորդի համար մի անակնկալ է պատրաստված: Ինժեներական գործում կարեւոր է ստեղծագործելու ունակությունը: Շատ դեպքերում մենք կորուստներ չենք ունենում, որովհետեւ դիրքը կահավորելիս ստեղծագործական մոտեցում ենք ցուցաբերել: Նաեւ մշտապես ուսումնասիրվում են հակառակորդի գործողությունների բնույթը, նրանց զինանոցն ու տեխնիկան, եւ մեր պաշտպանական կառույցներն ամրության տեսանկյունից համապատասխանեցվում են դրանց:

-Կարծիք կա, որ հակառակորդը հետախուզական տեխնիկական սարքեր և միջոցներ է կիրառել խորքում ու նշանացուցված հարված հասցրել: Հնարավո՞ր է արդյոք նաև խորքում իրականացնել քողարկման աշխատանքներ:

-Այդ ծավալով քողարկման միջոցառումների իրականացումը բավականին ծախսատար է և բարդ, սակայն նման աշխատանքներ պլանավորված են եւ իրականացվում են: Քողարկում ասելով` պետք է հասկանալ նաեւ այս կամ այն ենթակառույցի տեղակայման վայրի ճիշտ ընտրությունը, ինչն էլ արվում է: 100 տոկոսանոց քողարկում հնարավոր չէ ապահովել, բայց համապատասխան աշխատանքների միջոցով նվազեցված է խոցելիության աստիճանը: Առավել կարեւոր է ճիշտ և ժամանակին վնաս հասցնել հետախուզական միջոցներին եւ ձախողել դրանց աշխատանքը:

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ կասեք հակառակորդի ինժեներական պատրաստվածության մասին:

-Ո՛չ մենք, ո՛չ էլ հակառակորդը ի վիճակի չենք ռազմական ենթակառույցները տեղաբաշխել միայն խորքում: Սակայն, ի տարբերություն մեզ, հակառակորդի ավելի մեծ թվով ռազմական օբյեկտներ են տեղակայված հասանելի խորքում: Նրանց հրաձգարանները, մարտադաշտերը, զորավարժարանները, նաեւ ռազմակայանները մեր դիտարկման դաշտում են, եւ մենք հնարավորություն ունենք խոցելու դրանք ոչ թե հեռահար, այլ միջին հեռահարության զինատեսակներով: Մենք ի վիճակի ենք վնաս հասցնելու ինչպես նրանց մշտական տեղակայման վայրերին, այնպես էլ զորամիավորումներին: Եթե դիտարկենք մեր վերջին պատասխան գործողությունը, ապա կտեսնենք, որ հարվածի ենթարկվեցին հենց նրանց ռազմական ենթակառույցները: Ինչ վերաբերում է առաջնագծի կահավորմանը, ապա մեր լուծումները անհամեմատ ավելի արդյունավետ են:

-Թիրախավորված են նաեւ սահմանամերձ գյուղերը, որոնք, բնականաբար, ավելի խոցելի են: Օրեր առաջ Դուք այցելել եք Բերդավան, որտեղ հակառակորդի կրակոցներից երկու կին է զոհվել… Ի՞նչ խորհուրդներ եք տվել:

-Նախ` պետք է ասեմ, որ ծանր զինատեսակների օգտագործումը խաղաղ բնակչության դեմ անընդունելի է: Սա անհույս թուլության նշան է: Տավուշի ուղղությամբ ադրբեջանական 20 գյուղ մեր նշանառության տակ է, բայց մենք նման քայլի չենք դիմում: Թեպետ ի վիճակի ենք անգամ հրաձգային զենքով վնասներ հասցնելու: Հակառակորդը փորձում է խուճապ տարածել թիկունքում, բայց բերդավանցիները մարտական են տրամադրված: Սահմանամերձ գյուղերի բնակիչներից պահանջվում է պատրաստված լինել. Արցախյան պատերազմի ժամանակ յուրաքանչյուր ընտանիք նկուղ եւ թաքստոց ուներ: Ամիսներով այդտեղ են ապրել, անգամ երեխաներ են ծնվել: Ես գյուղացիներին այս օրինակն եմ բերել: Նրանք էլ պետք է պատսպարվելու տեղ ունենան հենց իրենց տան շեմին, բակում, այգում, հողամասում: Պաշտպանական կառույցները նվազեցնում են կորուստները: Ես խորհուրդ եմ տալիս բնակիչներին քարապատել պատուհանները կամ անվադողերով, ավազի պարկերով ամրացնել դրանք: Յուրաքանչյուր տուն պետք է մի քանի ելք ունենա, ինչը հնարավորություն կտա արագ տեղափոխվելու անվնաս հատված: Նախատեսել ենք մարզումներ նաեւ բնակիչների համար` ինչպես զբաղեցնել նկուղներն ու թաքստոցները, գետնատնակները, ինչպես կազմակերպել շարժերը: Մենք ուրվագծեր ենք տրամադրել, օգնել ենք մանկապարտեզի տարածքում թաքստոց կառուցել, նախատեսում ենք նաեւ դպրոցի համար: Բանակային զորամիավորման հրամանատարության աջակցությամբ ծրագիրը իրականացվելու է Տավուշի մարզի բոլոր գյուղերում: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու, մասնագիտական խորհուրդներ տալու, օգնելու: Եթե հակառակորդը տեսնի, որ բնակչությունը պաշտպանված է, ստիպված կդադարեցնի ոտնձգությունները գյուղերի ուղղությամբ:

-Մեր պաշտպանական կարողությունների մասին խոսելիս հաշվի են առնվում նաեւ ինժեներական պատրաստությունն ու նպատակային կառույցների հուսալիությունը: Պարոն Աբրահամյան, որո՞նք են ինժեներական զորքերի գերխնդիրները պաշտպանության տեսանկյունից:

-Այժմ մեր գերխնդիրը զորքերի կենսունակության աստիճանի բարձրացումն է եւ ռազմական բնույթի համապատասխան ամրաշինական աշխատանքների իրականացումը: Շարունակվում են մեծածավալ ինժեներական աշխատանքները բոլոր զորամիավորումներում: Մեր նպատակն է կատարելագործել ինժեներական կառույցներն այնպես, որ դրանք ի զորու լինեն պաշտպանելու զորքը խոշոր տրամաչափի զինատեսակներից: Խոցելի հատվածներում կառուցում ենք համապատասխան պատնեշներ, փոս ճանապարհներ, հողաթմբեր` ապահովելու զորքերի անվտանգ շարժը: Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցները, որոնք ստեղծվում են հակառակորդին վնաս պատճառելու, նրա տեղաշարժը կաշկանդելու համար: Գաղտնիք չէ, որ հակառակորդն այսօր փորձում է օգտագործել միջդիրքային տարածությունները, սակայն այստեղ բազում թակարդներ ենք պատրաստել, որոնց վնասը նրանք զգացել են իրենց մաշկի վրա: Մեր որոշ մարտական հենակետեր գտնվում են ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա, և անհրաժեշտ է ապահովել դրանց շահագործումը: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում ռազմական ճանապարհների եւ շարասյունային ուղիների կառուցման, վերանորոգման եւ սպասարկման ուղղությամբ… Կարող եմ վստահեցնել` մեր բանակի կենսունակությունը բարձր է:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/10/2015