Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՅՄԱՆՆԵ՟Ր Է ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ



Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները շուտով կքննարկեն Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման պայմանագրի երկարաձգման հարցը: Վարձակալման ժամկետը լրանում է 2012թ. հունվարին: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Բաքուն մտադիր է մի շարք պայմաններ առաջադրել ռուսական կողմին` վարձակալության ժամկետը երկարաձգելու դիմաց:
Մասնավորապես, Ադրբեջանն ուզում է ավելացնել վարձակալման գինը, Ռուսաստանից լրացուցիչ օգնություն ստանալ` ՌԼԿ-ի բնապահպանական բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար, ավելացնել կայանի ադրբեջանցի անձնակազմի քանակը, արգելել առանց Բաքվի հետ համաձայնեցնելու կայանի տեղեկատվությունը երրորդ կողմին փոխանցելը: Նոր պայմանագիրը պետք է պատրաստ լինի մինչև 2011 թվականի վերջը, այնուհետև վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից:
2002 թվականից ցայսօր «Դարյալ» ՌԼԿ-ի վարձակալման համար Ռուսաստանը վճարել է 70 մլն դոլար: Ադրբեջանական կողմի պահանջով կայանը ժամանակի 90%-ը աշխատում է պասիվ ռեժիմում (առանց ճառագայթելու): Դա նշանակում է, որ կայանի «պատասխանատվության տիրությում գտնվող» տիեզերական տարածության մի մասը չի վերահսկվում: «Դարյալ» ՌԼԿ-ն նախատեսված է հրթիռային հարձակման մասին ահազանգելու, տիեզերական տարածությունը վերահսկելու համար և գտնվում է ՌԴ Տիեզերական զորքերի ենթակայության ներքո:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


24/05/2011