ԴԱՌԸ ՆՈԲԵԼ
ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴԱԺԱՆ Է, ՔԱՆ ՄԱՀԸ
2015թ. Գրականության Նոբելյան մրցանակակիրը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԼԵՔՍԻԵՎԻՉ
♦ Բելառուս գրողը շվեդական ակադեմիայի մրցանակին է արժանացել հետևյալ հիմնավորմամբ՝ «Դարաշրջանի ցավին նվիրված» ստեղծագործությունների համար:
♦ Ալեքսիեւիչն իր ուրույն ոճով կերտել է խորհրդային կայսրության անկման պատմությունը, նրա գրական կոլաժները իր հայրենիքի բնակիչների տառապանքի, աղետի ու ծանր առօրյայի վավերական պատմություններն են:
♦ Նոբելյան մրցանակակիրը ծնվել է Ուկրաինայում՝ բելառուս-ուկրաինական ընտանիքում: Փոքր հասակում տեղափոխվել է Բելառուս: Հասուն տարիներին երկար ժամանակ ապրել է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում: Մի քանի տարի առաջ տեղափոխվել է Բելառուս:
♦ Նրա լավագույն ստեղծագործություններն են՝
«Պատերազմը կանացի դեմք չունի» (1983 թ.), որտեղ հարցազրույցների միջոցով վավերացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից կին զինվորների ճակատագիրը:
«Ցինկե դագաղներ» (1989 թ.). զրույցներ են Աֆղանական պատերազմին զոհ գնացած 500 զինվորների մայրերի հետ:
«Չեռնոբիլյան աղոթք» (1997 թ.). անդրադարձ է Չեռնոբիլյան աղետը վերապրածների ճակատագրերին:
♦ «Secondhand-ի ժամանակը» (2013 թ.). գրքում հավաքվել են Խորհրդային Միության տարբեր քաղաքացիների կոմունիստական ցնցող փորձությունների պատմությունները:
♦ Գրողի նրա ձայնը բացարձակապես համահունչ է նրա կյանքին: Ինքն իր մասին ասում է. «Ես ոտքից գլուխ ականջ եմ»: Նա հասարակությանը հասու է դարձնում մասնավորին, անհայտին, հիշեցնում է մոռացվածը:
Նա պատմում է այն կյանքի մասին, որն ավելի դաժան է, քան մահը:
Ահա հատված Ս. Ալեքսիեւիչի «Պատերազմը կանացի դեմք չունի» գրքից.
«Նրանց հետ էր ռադիստուհին. նա մոտ օրերս էր ծննդաբերել: Մանկիկը քաղցած էր… Կուրծք էր ուզում… Մայրն ինքն էր սոված, կաթ չուներ… Երեխան լաց էր լինում: Պատժիչ ջոկատը մոտերքում էր… շներով: Շները լսեն՝ բոլորս կորած ենք: Ամբողջ խումբը՝ երեսուն հոգի… Հասկանալի՞ է:
Որոշում ենք ընդունում…
Ոչ ոք չի համարձակվում հրամանատարի որոշումը հաղորդել, սակայն մայրը գլխի է ընկնում: Ջրի մեջ է իջեցնում բարուրը և երկար այդպես պահում… Երեխան այլևս չի ճչում… Ոչ մի ծպտուն… Իսկ մենք չենք կարողանում գլուխներս բարձրացնել ու նայել ո՛չ մոր, ո՛չ միմյանց աչքերին…»:
Շվեդական ակադեմիան հիմնադրվել է 1786 թ. Գուստավ lll թագավորի կողմից՝ շվեդերեն լեզվի եւ գրականության զարգացման համար: Ակադեմիան բաղկացած է 18 անդամներից, որոնք այդ պաշտոնում ընտրվում են ցմահ՝ մշտական անդամների քվեարկության արդյունքում:
Նոբելյանը փակ տիպի մրցանակաբաշխություն է: Հավակնորդների ցուցակն ու ապագա մրցանակակրի անունը մինչեւ վերջին պահը հույժ գաղտնի է պահվում: 2015 թ. թեկնածուների անունները հրապարակվել կարող են միայն 50 տարի հետո:
Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Հոգևոր-մշակութային