Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈԼՅԱ ՆԱՎԹԱԼՅԱՆԸ… ԲԱՆԱԿՈՒՄ



Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. որտե՞ղ է մեր բանակի ուժը, եւ ինքս էլ ինձ պատասխանում եմ՝ մեր ընտանիքներում, այն ընտանիքներում, որտեղ մեծանում, դաստիարակվում են մեր զինվորները:

… Երբ պատահական մի զրույցի ժամանակ լսեցի, որ Կոլյա Նավթալյանի երկու թոռները` երկու եղբայր, ծառայում են ազգային բանակում և այն էլ առաջնագծում, միանգամից միտս եկան աշխարհի ամենաուժեղ մարդու մասին իմ պատանեկան հուշերը… Եվ, չգիտեմ ինչու, եղբայր զինվորները՝ Նիկոլայն ու Ներսեսն էլ ինձ պատկերացան իրենց լեգենդար պապի տեսքով` հսկա, աժդահա…

Կոլյա Նավթալյանի՝ աշխարհի ամենաուժեղ մարդու անունը նոր սերնդին թերևս բան չասի: Իսկ կես դար առաջ նրա անունը բոլորի շուրթերին էր: Ժողովրդի կուռքն էր, հերոսը: Ի՜նչ Կասուս Քլեյ, ի՜նչ Լիստոն, ի՜նչ Պատերսոն… Մի աշխարհ էր ու մի Կոլյա Նավթալյան… Նրա ահռելի ուժի, աժդահա տեսքի մասին պատմություններն ավելի շուտ առասպելների էին նմանվում` մեկը մյուսից զարմանահրաշ ու անհավատալի… Երբ նրա կրկեսային փոքրիկ խումբը՝ իր հայտնի բեռնատարով, ժամանել է որևէ գյուղ, երեխաներն ու պատանիները ընդառաջ են վազել՝ գոռալով. «Նավթալյա՜նը եկա՜վ»: Ասում են՝ բեռնատարի թափքի հետևից միշտ դուրս ցցված է եղել հսկայական ռելսի ծայրը, որ հայտնի փահլևանը պետք է ժողովրդի աչքի առաջ դներ վզին ու ճյուղի նման ծռմռեր: Հիշում եմ, թե լուսահոգի հորեղբայրս` Դերենիկը, ինչ հպարտությամբ ու հիացմունքով էր պատմում Նավթալյանի «նոմերների» մասին: Եվ ես Կոլյա Նավթալյանին նմանեցնում էի Հերակլեսին ու Սասունցի Դավթին: Բերանս բաց լսում էի նրան. «Նավթալյանը հսկա կշռաքարերը, որ մենք չէինք կարողանում անգամ գետնից պոկել, օդ էր շպրտում գնդակների պես ու բռնում»: Ընկերոջս՝ Վարդանի հայրը՝ Լյուդվիգը, ավելի զարմանալի բաներ էր պատմում. «Մեր թաղի տղաներով, մի տասը-տասնհինգ հոգի, լցվեցինք նրա ամերիկյան «Շևրոլեի» մեջ, էն ժամանակ ըսկի ավտո չկար, իսկ Նավթալյանը սեփական բեռնատար «Շևրոլե» ուներ, եւ նա մոտեցավ, բռնեց թափքից ու մեքենան՝ մեզ էլ հետը, մի մետր գետնից պոկեց…»:

Երևի քչերին է հայտնի, որ Կոլյա Նավթալյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Լուլասազ գյուղից է, եղել է դասական ոճի ըմբիշ, Խորհրդային Միության չեմպիոն, մասնակցել է ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին, քանիցս վիրավորվել է, հաղթանակով հասել մինչև Բեռլին: Սակայն Կոլյա Նավթալյանը շատ ավելի մեծ կոչում ուներ՝ նա ժողովրդական հերոս էր: Մարդիկ նրա մեջ տեսնում էին իրենց ուժի և արդարության ձգտումները:

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի հետ

-Չէ՛, տղաներս սովորական զինվորներ են,- հարցիս պատասխանում է Արմեն Նավթալյանը՝ Կոլյա Նավթալյանի որդին,- ո՛չ Սասունցի Դավթի նման են, ո՛չ էլ Հերակլեսի, բայց լավ են ծառայում, պարտաճանաչ են, հրամանատարները նրանց ծառայությունից գոհ են: Նրանք եթե անգամ իրենց պապի նման ֆիզիկապես ուժեղ չեն, ապա հաստատ իրենց պապի նման ուժեղ են ոգով: Ինձ համար կարևորը լավ ծառայությունն է: Հայրս հաստատ կհպարտանար իր զինվոր թոռներով: Նրա համար հայրենիքից, պատվից, արժանապատվությունից, ազնվությունից, արդարությունից, ընկերությունից, բարեկամությունից բարձր ոչինչ չկար: Մտածում եմ՝ հայրս շատ կտխրեր, եթե իմանար, որ այն կողմից, որտեղ ապրում էր նրա լավագույն ընկերը՝ իր նման ժողովրդական հերոս, հայտնի փահլևան Փաշա Քարիմովը, նշան են բռնում իր զինվոր թոռների ուղղությամբ, և իր թոռներն էլ ստիպված նույնն են անում՝ պաշտպանվելով: Հայրս անթերի աչք ուներ, լավ էր մարդկանց ճանաչում: Մայրս պատմում էր, որ մի «մեջլիսի» ժամանակ՝ Ղազախում, մրցել են երեք հարևան հանրապետությունների ամենահայտնի փահլևանները: Այն ժամանակներում ուժի ցուցադրության մրցումներ հաճախ էին անում: Վրացի փահլևանը ժողովրդին զարմացնում է «Պոբեդա» մակնիշի մեքենայի ակների տակ պառկելով, Քարիմովը ավելի է զարմացնում՝ մազերով քաշում է հսկա մի բեռնատար: Վերջին խոսքը հայրիկիս է մնում. նա կազմակեպիչներից պահանջում է «մեջլիս» բերել նույն բեռնատարը: Կազմակերպիչները, հավաքվածները, որոնց մեջ քիչ չեն եղել նաև օտարերկրացիներ` ամերիկացի, անգլիացի, զարմանքից քար են կտրում. «Տեսնես՝ ի՞նչ է անցել հայ փահլևանի մտքով»: Եվ երբ հայրս պառկում է գետնին՝ զույգ տախտակները վրան, նոր միայն հասկանում են նրա մտադրությունը: Գլխի ընկնելով, թե ինչ է տեղի ունենալու, այս ու այն կողմից մեքենայի թափք են լցվում երեք տասնյակից ավելի ադրբեջանցիներ: Միայն մորս աղաչանք-պաղատանքից հետո է բեռնատարը դատարկվում, բայց հայրս պահանջում է, որ թափք բարձրացնեն գոնե երեխաների: Եվ բեռնված մեքենան թամաշայի եկած հազարավոր մարդկանց զարմանքից քարացած հայացքների և գոռում-գոչյունների ուղեկցությամբ անցնում է գետնին անվրդով պառկած հորս վրայով… Առաջինը հորս շնորհավորում է Փաշա Քարիմովը: Նույն Քարիմովը, որ 1988 թվականի ջարդերի ժամանակ հայերին պաշտպանելու, նրանց կյանքը փրկելու համար դաժանաբար սպանվում է վայրենացած իր իսկ ցեղակիցների ձեռքով:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ

Եվ ինձ բոլորովին էլ չի զարմացնում, որ Նավթալյանի թոռները՝ Ներսեսն ու Նիկոլայը, ոչ միայն լավ են ծառայում, այլև սահմանապահ զորամասերում են. ավագը` հարավարևելյան, կրտսերը, որ նոր է զորակոչվել և կրում է իր լեգենդար պապի` Կոլյա Նավթալյանի անունը, հարավային սահմանում է:

-Թեպետ ես մեր բանակի ուժը գիտեմ,- ասում է զինվորների հայրը՝ Արմեն Նավթալյանը,- բայց մեկ-մեկ, երբ թշնամին սանձարձակ է դառնում, ուզում եմ վեր կենալ, գնալ տղաներիս կողքին կանգնել: Ես անհանգիստ եմ, բայց զարմանալին այն է, որ նրանց պետքն էլ չի: Զանգում են՝ «Լավ ենք, կուշտ ենք, չենք մրսում…»: Մեկ-մեկ էլ կատակում են. «Մենք Կոլյա Նավթալյանի թոռներն ենք. դու մտածելու բան չունես…»: Ո՞նց չմտածեմ, երբ սահմանին անհանգիստ է… Բայց նրանց վստահ և ուրախ ձայնն ինձ հանգստացնում է…

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. որտե՞ղ է մեր բանակի ուժը, և ինքս էլ ինձ պատասխանում եմ՝ մեր ընտանիքներում, այն ընտանիքներում, որտեղ մեծանում, դաստիարակվում են մեր զինվորները: Այն զինվորները, որոնք իրենց ընտանիքներում են սովորել հայրենասիրության, պատվի ու արժանապատվության առաջին դասերը:

Ներսես Նավթալյան

Նիկոլայ Նավթալյան

Պատրաստեց Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/10/2015