ՀԱՎԱՏԸ ԲԺՇԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ Է
ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հասցեագրված բազմաթիվ նամակներում քիչ թիվ չեն կազմում զինվորական հոսպիտալում ծառայող բժիշկներին ուղղված երախտագիտության խոսքերը:
Եվ ահա գնում ենք հերթական նամակի հետքերով: Նամակագիրը շնորհակալական ջերմ խոսքեր էր գրել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, բ/ծ կապիտան Արման Հակոբյանի մասին:
Երիտասարդ բժիշկը գերազանցությամբ ավարտել է ռազմաբժշկական ֆակուլտետը, 2005-2008թթ. կլինիկական օրդինատուրան անցել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ անոթային վիրաբուժության բաժանմունքում, այնուհետեւ՝ որպես բուժկետի պետ, ծառայել է հատուկ նշանակության զորքերում, ապա ծառայության անցել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժության բաժանմունքում:
ՀՀ ԶՈՒ միակ անոթային վիրաբույժն է:
-Պարոն Հակոբյան, Դուք ավարտել եք Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը եւ կարող էիք առանց քննությունների պետական համալսարան ընդունվել, քանի որ գերազանց առաջադիմությամբ էիք սովորում, սակայն ընտրեցիք բժշկի մասնագիտությունը…
-Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, պատերազմը խլել էր հորս առողջությունը, եւ մենք անընդհատ հիվանդանոցներում էինք, անընդհատ շփվում էինք բժիշկների հետ: Հենց այդ ժամանակահատվածն էլ շրջադարձային եղավ մասնագիտական ընտրությանս համար, որոշեցի դառնալ բժիշկ՝ զինվորական բժիշկ:
-Ի՞նչ է Ձեզ համար բժշկի մասնագիտությունը. գուցե այն սահմանափակվում է սոսկ հիվանդության կանխարգելմամբ, ախտորոշմամբ եւ բուժմա՞մբ:
-Գումարեք նաեւ վարվեցողությունը, մարդկային ջերմ վերաբերմունքը: Հիվանդին մոտենալիս, նրա հետ զրուցելիս, նրան քննելիս այնպես պետք է անես, որ նա առաջին հերթին զգա քո հոգատարությունն ու համբերատարությունը, կարեկցանքը, ուշադրությունը… Սա, կարծում եմ, յուրաքանչյուր բժշկի հավատամքը պետք է լինի: Եվ ամենակարեւորը՝ հիվանդը պետք է հավատա եւ վստահի բժշկին:
-Ասում են՝ հավատը բժշկի նկատմամբ ամենաթանկ դեղամիջոցն է: Եվ յուրաքանչյուր բնագավառ պահանջում է կատարելագործում, բժշկությունը՝ առավելապես:
-Առհասարակ, բժիշկը պարտավոր է մշտապես թարմացնել եւ խորացնել իր գիտելիքները: Ես վերապատրաստվել եմ Լենինգրադի ակադեմիայում եւ պարբերաբար մասնակցում եմ տարբեր հիվանդանոցներում ժամանակակից տեխնիկական միջոցներով, նոր մեթոդների կիրառմամբ ընթացող վիրահատությունների:
Մեր հոսպիտալի ախտորոշման կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, ինչը զգալիորեն դյուրինացնում է բժշկի աշխատանքը: Անոթները հետազոտելու առավել անվտանգ եւ արդյունավետ մեթոդ է համարվում դուպլեքսը, այն հնարավորություն է տալիս գնահատելու արյան շրջանառության հեմոդինամիկ ցուցանիշները, անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը, պատի վիճակը, թրոմբի առկայությունը եւ այլն: Թեթեւ աստիճանի որոշ հիվանդությունների ժամանակ կիրառում ենք դեղորայքային բուժում, ծանր դեպքերի ժամանակ անխուսափելի է վիրահատությունը:
-Հայաստանում անոթային հիվանդությունները շատ տարածված են: Ի՞նչն է նպաստում այս հիվանդությունների զարգացմանը:
-Ոչ ճիշտ կենսակերպը, երկար ժամանակ կանգնած կամ նստած լինելը (ստատիկ վիճակը), ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ավելորդ քաշը, ժառանգականությունը… Յուրաքանչյուր հիվանդության սկզբնական շրջանում դիմելու դեպքում, ինչ խոսք, արդյունքն ավելի արդյունավետ կլինի, սակայն, անկեղծ լինենք, չունենք առողջության պահպանման մշակույթ. բժշկի դիմում ենք ուշացումով. Ասենք՝ բացում ես ոտքը՝ կիսաքայքայված վիճակում է, փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ չանդամահատենք, փառք Աստծո, հիմնականում հաջողվում է …
-Պարոն Հակոբյան, իսկ զինվորների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները որո՞նք են:
-Երակների վարիկոզ լայնացումը, խորանիստ երակների թրոմբոզը, բնորոշ են նաեւ ավշային համակարգի խնդիրները: Ամռան սեզոնին օձերի խայթոցներն են շատանում, լինում են նաեւ հրազենային վիրավորումներ:
-Որպես անոթային վիրաբույժ, ի՞նչ խորհուրդ կտաք ՝ ե՞րբ պետք է դիմել բժշկի:
– Ոտքերի ծանրության զգացողության, այտուցի, տրոֆիկ խոցերի, մաշկի գույնի փոփոխությունների, ոտնաթաթի թմրածության, ընդմիջվող կաղության ժամանակ:
Հետեւեք ձեր առողջությանը, քանզի հիվանդությունը կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր