Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆ. «ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՐԿԱՐ ԿՄՆԱՄ»



Հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ նշվեց «Արծիվ-13» ջոկատի շտաբի պետ, Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի ազատագրման մարտերում զոհված (անհայտ կորած) ազատամարտիկ Այվազ Թարվերդյանի` Մուսալեռցի Ավոյի 60-ամյա հոբելյանը:

Այվազը բազմազավակ ընտանիքի երկրորդ երեխան էր: Բնությունը նրան օժտել էր ահռելի ուժով և բարի ու կարեկից սրտով: Զարմիկները նրան «ուժեղ քեռի» էին ասում: Հիշում եմ, թե մենք` 14 -15 տարեկան տղեկներ, ինչպես էինք կախ ընկնում նրա երկաթե բազուկներից, իսկ նրա ասես պետքն էլ չէր՝ փուչիկի նման վերև էր բարձրացնում: Նրա սայլակով մոտոցիկլետի հռնդյունը մինչև հիմա ականջներումս է: Զարմանում էի, թե ինչպես է այդ փոքրիկ մոտոցիկլետը դիմանում նրա հսկա մարմնի ծանրությանը: Ամեն անգամ նա մի բան գտնում էր մեզ ուրախացնելու համար` մեկ մոտոցիկլետն էր երկու անիվների վրա վարում, մեկ կտրուկ շրջադարձ էր կատարում… Բոլորի համար միշտ խրախուսական մի պարգև պահած ուներ` կոնֆետ, ընկույզ, չամիչ… Ամռան տապին երեխաներին լցնում էր մոտոցիկլետն ու տանում գյուղի առվում լողալու… Ամենից շատ ուրախանում էինք, երբ մեզ պտտում էր գյուղի թաղերով: Ո՜նց էինք ուրախանում, ո՜նց…

Սիրում էր նկարել… Ամենից շատ բնություն էր նկարում, երբեմն էլ`դասընկերներին, մեզ` երեխաներիս: Բայց նրա տարերքը քանդակն էր. նրա առնական ձեռքերը նուրբ նյութի հետ աշխատելու համար չէին: Նրա տարերքը քարն էր: Նա ոչ էլ քանդակում էր, ուղղակի «ասեղնագործում» էր քարի վրա: Եվ եթե աշխատանքի պահին կողքից նայեիր նրան, նա քեզ կթվար մի առասպելական հերոս, ինքն էլ կարծես բրոնզե քանդակ լիներ… Ասում են` խորհրդային բանակում ծառայելիս Ավոն զինվորի մի այնպիսի արձան է քանդակել, որ հետո նորակոչիկներն այդ քանդակի մոտ են զինվորական երդում տվել:

Ավոյի ծանր մուրճի հարվածների տակ ամբողջ գյուղն էր քնում… Հիմա արդեն՝ 23 տարի, զնդանի սալը լուռ է, և ասես ոչ մեկի «քունը չի տանում»… Եվ այդ թխկոցների պակասը բոլորից շատ զգում են նրա հարազատները՝ կինը` Կարինեն, զավակները` Նեկտարը, Ռուզաննան, Սարգիսը, Տաթևը:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Ավոն մուրճը ցած դրեց, զենք վերցրեց ու մեկնեց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Տուն գալու կարճատև օրերին հարազատներին հանգստացնում էր՝ «Հաջորդ անգամ երկար կմնամ»: Ցավոք, «հաջորդ անգամը» այդպես էլ չեկավ… Արցախին սիրահարված «Արծիվ 13-ի» լեգենդար գնդացրորդը «անվերադարձ» մնաց իր ընկերների հետ: Ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանի, Ռուդիկի, Սարգսի, Հայկի ու ջոկատի մյուս քաջորդիների հետ Ավոն էլ բռնեց անմահության ճանապարհը: Իսկ անմահության գինը մեկ անգամ տրված կյանքն էր…

♦♦♦

Երախտապարտ մայիսյանցիները 2008 թվականին գյուղի մշակույթի տան հարակից այգում տեղադրեցին չորս մետր բարձրությամբ տուֆակերտ մի հրաշալի կոթող (հեղինակ` քանդակագործ Դերենիկ Սարգսյան)` նվիրված Մեծ հայրենականում և Արցախյան գոյամարտում զոհված հերոս համագյուղացիների հիշատակին: Հայրենիքի համար ընկած հերոսների շարքում փորագրված է նաև Մուսալեռցի Այվազ Թարվերդյանի անունը:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Պատմության էջերից


21/10/2015