ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Այս տարվա երկրորդ կեսին Չինաստանը տիեզերք է արձակելու ազգային գլոբալ ուղեծրային կայանի առաջին բաղադրիչը` «Tiangong-1» մոդուլը, որը «Shenzhou-8» տիեզերանավի հետ միասին ցատկահարթակ կդառնա ուղեծրային կայանի ստեղծման համար: Կայանը ծրագրվում է ստեղծել 2020թ.: Դրանից հետո Չինաստանը մտադիր է ձեռնամուխ լինել Լուսնի, ապա նաև Մարսի յուրացմանը:
Ամերիկացի որոշ փորձագետներ կարծիքով՝ չինացիների ուղեծրային կայանը կարող է հիմք դառնալ տիեզերքի ռազմականացման, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության ու տիեզերական հարձակման միջոցներ ստեղծելու համար: Այդ կերպ Չինաստանը կարող է իր ռազմական պատասխանը տալ 2010-2011թթ. ամերիկյան X-37 տիեզերական ապարատի գաղտնի թռիչքներին:
Չինաստանն առաջին տիեզերական արբանյակը` «Դունֆան Հուն-1»-ը, արձակել է 1970թ. ապրիլի 24-ին: 40 տարվա ընթացքում Չինաստանի տիեզերական ծրագիրը իր զարգացման մակարդակով մոտեցել է ամերիկյան ու խորհրդային ձեռքբերումներին:
Ներկայումս չինացիները մշակում են հակաարբանյակային զինատեսակներ: