ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԿԱՊԻՏԱՆ ԱՎԱԼՅԱՆ
Հոկտեմբերի 19-ին լրացավ 3-րդ բանակային զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, կապիտան Էդգար Ավալյանի ծննդյան 28-րդ տարեդարձը: Թեև նա չափազանց համեստ մարդ է, նման միջոցառումներ չի սիրում, բայց զորամասը՝ հրամանատար, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի գլխավորությամբ, նշեց սպայի տարեդարձն ու նրան խաղաղ ծառայություն, ընտանեկան անսահման երջանկություն և իհարկե նորանոր հաջողություններ ցանկացավ զինվորական ծառայության մեջ: Կապիտան Ավալյանի ծննդյան օրը շատ հարմար առիթ էր, որպեսզի բոլորը՝ հրամանատարներից մինչ շարքային, անկեղծորեն խոսեն նրա մարդկային ու զինվորական որակների մասին, այսինքն՝ ասեն այն, ինչի մասին սովորական օրերին, ծառայության առօրյա հարաբերությունների ժամանակ բարձրաձայն չի ասվում, չի խոսվում:
Ես խնամքով գրի եմ առել և ծաղկաքաղի տեսքով կներկայացնեմ մեր զորամասի ծառայողների բարի ցանկությունները, երիտասարդ սպային տրված մասնագիտական գնահատականները, որպեսզի յուրաքանչուրը պատկերացում կազմի, թե ո՞վ է մեր՝ բոլոր զինվորներիս սիրելին՝ հրամանատարի տեղակալ, կապիտան Ավալյանը:
ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
փոխգնդապետ, զորամասի հրամանատար
-Ես արդեն երկար տարիներ ճանաչում եմ նրան: Ամենից առաջ նա պարտաճանաչ զինվորական է և ապա՝ իր մասնագիտության լավագույն գիտակ: Նա հասկանում է զինվորի լեզուն և կարողանում է իր մտահղացումներով առավել իմաստալից, հագեցած դարձնել նրանց օրն ու ծառայությունը:
ՎԱԼԵՆՏԻՆ ԲՈՒՌՆՈՒՍՈՒԶՅԱՆ
մայոր, հրամանատարի տեղակալ
-Նա իսկական ընկեր է: Իսկ զինվորական ծառայության մեջ հատկապես սա շատ կարևոր և մարդկային թանկարժեք որակ է: Դու կարող ես վստահ լինել, որ նա մինչև վերջ քեզ հետ կգա և քեզ երբեք մենակ չի թողնի…
ՍԱՄՎԵԼ ՄԱԹՈՍՅԱՆ
մայոր, զորամասի հրամանատարի տեղակալ
-Ես տարիքով ավագն եմ զորամասում, ասել է թե՝ շատ բան են տեսել իմ կյանքում և հասցրել եմ մարդուն գնահատել… Ավալյանը գործին նվիրված սպա է, արյունը եռում է նրա մեջ… Նա իրեն չի խնայում… Մեծ ծավալի աշխատանք է տանում: Նրա ամենադրական հատկանիշը ես համարում եմ իր գործին՝ իր կոչմանը անմնացորդ և անսահման նվիրված լինելը…
ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ավագ սերժանտ, զորամասի սերժանտական խորհրդի նախագահ
-Կապիտան Ավալյանը կարդացած սպա է, նրա հետ շատ հեշտ ու հաճելի է շփվելը: Նրա հետ ամեն զրույցից հետո հետդ մի լավ բան ես տանում՝ ջերմություն, գիտելիք, մարդկային զգացմունք, հրամանատարի, ավագ ընկերոջ ուշադրություն… Նրա օգնությամբ ու օժանդակությամբ եմ տպագրել իմ «20 տարի անց» ստեղծագործությունների ժողովածուն… Նրա անմիջական հրամանատարությամբ ենք զորամասային «Զրահ» ամսագիրը տպագրում, թողարկում համանուն ռադիոկայանը…
Նյութը պատրաստեց զորամասի սերժանտական խորհրդի փոխնախագահ, ավագ սերժանտ Հայկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ազգային բանակ