Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔ



ՌԴ Մշակույթի տանը Հայրենական պատերազմի մասնակիցների համար հաճախ են կազմակերպվում Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներ: Վերջինը Լենինգրադի պաշտպանության հերոսական օրերին էր նվիրված։

Մշակույթի տան աշխատակիցները մանրամասն ներկայացրին քաղաքի պաշտպանության համար անձնվիրաբար պայքարած հերոսներին, տվեցին շատերի անունները, չմոռացան նաեւ հայերին` ծովակալ Իսակովին, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին եւ մյուսներին: Սակայն ինձ՝ որպես պատերազմ տեսած մարդու, վետերանի, նախկին զինվորի, ցավ պատճառեց, որ չխոսեցին (կամ մոռացան) հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ Լենինգրադի պաշտպանության հերոս, գեներալ-մայոր Բենիամին Գալստյանի մասին: Հայ գեներալը, որ բանակի ռազմական խորհրդի անդամ էր, ինքն էր գնում շարքայինների, սերժանտների մոտ, մտնում էր գումարտակներ, վաշտեր եւ զրուցում էր զինվորների հետ… Զինվորի հետ զինվոր էր, հրամանատարի հետ` հրամանատար: Այդ պատճառով էլ նա զինվորների սիրելին էր եւ մեծ հարգանք էր վայելում ռազմաճակատում£ Նա ընկնում է քաջի պես` արկի հարվածից: Լուրը կայծակի պես տարածվում է ամբողջ ռազմաճակատով: Սգում էին բոլորը: Գեներալին հողին են հանձնում հրացանների համազարկով:

Լենինգրադի պաշտպանությանը նվիրված հուշակոթողների շարքում հիմա էլ կա մի համեստ հուշակոթող, որի վրա փորագրված է հայ ժողովրդի պանծալի զավակ, գեներալ-մայոր Բենիամին Գալստյանի անունը:

Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Պատմության էջերից


21/10/2015