ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. «ՄԻ´ ԽԱԲՎԵՔ»
Ելույթ ունենալով երկրի համալսարաններից մեկի ուսանողների առջև` ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը, ի դեպ, հունիսին թողնելու է այդ պաշտոնը, կոչ է արել պահպանելու զինված ուժերի մարտական հզորության բարձր աստիճանը և պաշտպանական բյուջեի կրճատման դեմ է արտահայտվել: Գեյթսը նշել է, որ ցանկացած պատերազմի ավարտին ԱՄՆ իշխանությունները փորձ են արել կրճատելու զինված ուժերը և նվազեցնելու դրանց մարտական հզորությունը` ենթադրելով, որ այլևս կարիք չի լինի կռվել համարժեք ուժ ունեցող օտարերկրյա թշնամու դեմ: Այնուհետև նշել է. «Բայց մի խաբվեք, զավթիչների, բռնապետների, ահաբեկիչների դեմ 21-րդ դարում միակ երաշխիքը ուժն է` ամերիկյան զինվորականների քանակը, հզորությունը և համատարած ներկայությունը»: Գեյթսի կարծիքով ամերիկյան հզորությունն ու ներկայությունը անհրաժեշտ են ոչ միայն Աֆղանստանում ռազմական օպերացիաների անցկացման, այլև առևտրային ուղիների, ռեսուրսների մատակարարների պաշտպանության, մասշտաբային պատերազմների հանգեցնող սխալները ուղղելու համար: Նշված խնդիրների լուծման համար նա առաջարկում է հրաժարվել ռազմական բյուջեի կրճատումից` անկախ երկրում առկա ֆինանսական դժվարություններից:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագրերի համաձայն` առաջիկա 12 տարիների ընթացքում երկրի ռազմական ծախսերը պետք է կրճատվեն մոտ 400 միլիարդ դոլարով: