ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
…Ես ծնվել եմ անժամանակ` երկունքի հանկարծակի ցավերից. ծնվել եմ, թե չէ, տատմայրս գլուխը ճոճել է անմխիթար, հոգոց հանել` ասելով, թե` երեխան անհաս է, թույլիկ, «երկար չի ապրի»: Բայց, հակառակ տատմոր կարծիքին, կամաց-կամաց պնդվել եմ, ուժ հավաքել մորս հերոսական ջանքերի շնորհիվ: Եվ ոչ ոք, ծնողիցս բացի, նույնիսկ երբեք ուշ չի դարձրել, որ ծննդյան օրից ի վեր ձախ թաթիկս միշտ փակ է եղել` ամուր բռունցք արած: Բացել եմ առանց կողմնակի միջամտության` բնազդորեն, քառասունքից էլ շատ հետո` մանկական տաշտակի մեջ լողանալիս: Նույն միջոցին էլ մայրս, անակնկալի եկած, զարմանքի ճիչ է արձակել` չհավատալով աչքերին: Ափիս մեջ` պստլիկ մատներովս մի շատ սիրուն-խայտաբղետ փետուր եմ ճմռել` հազիվ կալիբրիի թևի չափ: Մորս ապշեցրել է անսովոր չափսի և գույնի փետուրի հայտնվելը իմ ձեռքում, քանի որ մեր տանը բոլոր բարձերը սպիտակ սագի փետուրով էին լցված: Եվ նա այդպես էլ ոչ մի պատկերացում չունենալով անհայտ ծագման բմբուլի ի հայտ գալու մասին, տարակուսանքից և, իհարկե, «խայտառակության ամոթից» գաղտնի էր պահել արտասովոր գտածոն օտար աչքից, քանի որ վախեցել էր քաղքենիների բերանի ծամոնը դառնալուց: Նույնիսկ իր ամուսնուց` հորիցս էր գաղտնի պահել: Մինչև որ մի օր ինձ գրկած այցի էր գնացել իր հեռավոր ազգականներից մեկի տուն, որտեղ Մագդա անունով մի կին էր ապրում, որ մանկությունից կույր էր, բայց փոխարենը մարդկանց գլխի գալիքը կանխատեսելու և զանազան հրաշալի ու անհավանական մեկնություններ անելու բացառիկ շնորհով էր օժտված բնությունից: Մայրս, ի վերջո, պատմել էր նրան իր «անտանելի հոգսը», աղի արտասուք էր թափել, մանավանդ որ իր անհաստատ բնույթով հակված էր սնահավատության` կատարվածի մեջ չարի խառնակչությունը տեսնելու: Պայծառատես կույրը ազդեցիկ հորդորով հանգստացրել էր մորս, ապա բարեկամաբար էլ խորհուրդ տվել փակի տակ` մութ տեղում պահել «հրեղեն մասունքը» (այդպես էլ ասել էր` «հրեղեն»), որ հանկարծ ուրիշի ձեռքը չընկնի կամ, որ ավելի վատ է, քամու բերան… Խեղճ մայրս անորոշության ահից լավ չէր հասկացել կույր Մագդայի խրատի «ծիսական իմաստը» և խնդրել էր իր ազգականուհուն բացել չակերտները մատչելի լեզվով, ու հենց տեղում էլ արյունը ջուր էր կտրել լսածից:
Պայծառատես կույրի մեկնության իմաստը հետևյալն էր. ինձ հետ կատարվածը ոչ թե չարի խաղք էր կամ խարդավանք, այլ երկնային նախանշան, որ խորհրդանշում էր ՏԱՐԵՐՔԸ տիեզերական, որին էլ հպատակ էր լինելու իմ անհանգիստ, փոթորկուն կյանքի ուղին` հակասական և անկասելի: Թեթևաթռիչ, ինչպես փետուրը, բայց և անկանխատեսելի` կատաղի, ամենակուլ քամիներից քշվելու մահացու վտանգներին ենթակա, որից խույս տալու ճար, այնուամենայնիվ, կար, գոյություն ուներ աշխարհի երեսին: Եվ այդ միակ հնարն այն էր, որ երբևէ ինչ-որ տեղ, օտար մի վայրում` հեռու, թե մոտիկ, մի ինչ-որ ժամանակ անց ինձ իմ ճանապարհին հանդիպեր ՆԱ` իմ «ԵՐԿՎՈՐՅԱԿ ՀՈԳԻ» կեսը, ով, ինչպես և ես, ՓԵՏՈՒՐՈՎ էր ծնվել` թռչնակերպի համաստեղության նշանի տակ, ում հետ միավորվելու, մեկ միասնություն կազմելու դեպքում է, որ հնարավոր կլիներ խուսափել դժոխային քամիներից…Ում կողքին հավերժ կխաղաղվեր իմ թափառական-տարաբախտ հոգին:
Ինչպես գուշակել էր Մագդա անունով կույրը, ես դատապարտված էի անվերջ երկրեերկիր թափառումների, անհույս փնտրտուքի, քանի դեռ չէի հանդիպել իմ հարազատ ԿԵՍԻՆ, որ կար, ապրում էր անշուշտ իմ երևակայությունից, իմ երազներից դուրս` իրական աշխարհում, Երկիր մոլորակի անսահմանության մեջ: Ամենակարևորը և ցավալին այն էր, որ ինքն էլ կարող էր չիմանալ իր պատկանելության` իր նախասահմանության առեղծվածի մասին: Գուցե երբեք էլ չիմանար… Ահա թե ինչ էր կանխատեսել կույր գուշակուհին, որի խորհրդով էլ մայրս երկար տարիներ փակի տակ էր պահում հրեղեն մասունքը` դնելով ամուսնական զարդատուփի մեջ` մութ մի անկյուն, մինչև որ վրա կհասներ ժամը…
Մայրս հավատացած էր, թե ինձ ոչինչ հայտնի չէ փետուրի գոյության մասին` նրա կախարդանքի մասին, որ կարող էր անկառավարելի, անգամ մահաբեր փորձությունների պատճառ դառնալ իր առեղծվածային ծագմամբ ու տարերքի ուժով, ինչը և պատմել էր քրոջը, իսկ ես ականջ էի դրել նրանց գաղտնի խոսակցությանը: Եվ այն օրից սկսած՝ ինքս էլ կարծես շարունակ տարված եմ եղել այդ չարագուշակ զարդատուփի խորհրդավորությամբ, որ ընդունակ էր հոգիների ավերածության, միայն թե չգիտեի` ինչու, ինչի համար… Մորս վաղաժամ մահից հետո այն որոշ ժամանակ մորաքրոջս մոտ էր, ավելի ուշ ես «տիրոջ իրավունքով» հետ պահանջեցի և միշտ ինձ մոտ էի պահում` ուր էլ գնայի, աշխարհի որ կողմում էլ լինեի` համոզված, որ իմ ձեռքում հայտնված երկնային նշանի զորությամբ հազարավորների շարքերում մի օր անպայման կհանդիպեմ ՆՐԱՆ ու սրտիս զարկերից կհասկանամ, որ վերջապես հասել եմ երանելի հանգրվան, որտեղ կարող եմ հանգիստ շունչ առնել… Եվ ես հայտարարում եմ` կատարվեց, ես գտել եմ ՔԵԶ: Դու ես այն մարդը, որին ձգտել է հոգիս, ում սիրում եմ ամեն ինչից առավել` փետուրով, թե առանց փետուրի: Դրա համար էլ զարդատուփը հանգիստ խղճով թողնում եմ քեզ. թող այն քեզ հաջողություն բերի, իսկ ինձ` այնքան սպասված խաղաղություն, որովհետև վստահ եմ, գիտեմ` գտնվում եմ ապահով, հարազատ ձեռքերում: Եվ հիշիր, Սոլոմոն, ես ինքս իմ կամքով զրկում եմ ինձ քեզնից, քո ներկայությունից (որքան էլ տեսնում էի, հասկանում հրաշալի, որ պատրաստ ես հետևելու ինձ, ուր որ կանչեի), որպեսզի ինքդ քեզ հետ` քո մտքերի, խղճիդ հետ մենակ մնաս և արդարացի վճիռ կայացնես: Եթե արժանի ես համարում, որ կողքիդ լինեմ, ուրեմն պահպանիր հրաշագործ մասունքը, և ես նորից կհայտնվեմ քո կյանքում` անբաժան: Եթե ոչ… Եթե ինչ-որ պատճառով իմ առաջարկը սրտովդ չլինի՞… Մեկ է` աչքի լույսի պես պահպանիր փետուրը բախտաբերի քամիներից, որովհետև, ասված է վաղուց, կկործանի ինձ էլ, քեզ էլ… Ախր, դու պետք է հասկացած լինեիր` ես ինքս ինձ չեմ պատկանում ամբողջովին: Ես ՀՐԵՂԵՆ ՏԱՐԵՐՔԻ ծնունդ եմ և սովոր չեմ հավերժ սպասելու… Տես` չսխալվես, սիրելիս: Ընտրությունը քոնն է… Առանց քեզ ես չեմ ապրի…»:
FFF
Վե՛րջ, ցնորքը ցնդե՛ց… Առայժմ այսքանը, ժուռնալի՛ստ, հը՜, ի՞նչ կասես, հավանեցի՞ր… Դե՜, ձայն հանիր, այստե՞ղ ես, թե չէ: Վաղուց չես երևացել մեր կողմերում,- խոսեց անմահ Շահնամեի հերոսի նման:
Ես էլ փառապանծ հերոսին վայել պատասխան տվեցի անհայտության վիհից, որի մեջ ինձ մխրճել էին զարմանքն ու հիացումը այս ՄԱՐԴՈՒ անկասելի-առեղծվածային ճակատագրերի հանդեպ, որը հեղաշրջելու (վերափոխելու) ահռելի, հրեղեն զորությամբ էր օժտված: Անկախ ամեն ինչից:
-Այստեղ եմ, Գեներա՛լ, այստեղ, այնտեղ և ամենուր… «Մինչև որ վրա կհասնի ժամը»:
-Ուրեմն հավանեցի՜ր:
-Մահու չափ… եթե կարելի է այդպես արտահայտվել:
-Էլ ինչո՞ւ այդքան մռայլ, ժուռնալի՛ստ:
-Ուրախության առիթ չեմ տեսնում, չէ որ հիմարին էլ հասկանալի է` ՓԵՏՈՒՐԸ ձեռքիցդ բաց ես թողել: Չես դիմացել գայթակղությանը` կախարդանքին և բաց ես արել «Պանդորայի արկղիկը», ինչի երեսից երկուսդ էլ մահվան դուռ եք հասել: Ախր, զգուշացնում էր պարզ և հասկանալի… Աչքի լույսի պես պահպանիր: Երկու դեպքում էլ…
ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Հոգևոր-մշակութային