Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵ՞Ս ԹԱՔՑՆԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻՆ



♦ Թշնամին փորձում է թաքցնել զոհերը:
♦ Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում «խաղաղապահներ բերել» տարածաշրջան:
♦ Ադրբեջանի նավթը կսպառվի սպասվածից 10 տարի շուտ:

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ

«Թշնամու կողմից առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է եւ կստանա անհամեմատ լուրջ պատասխան, եւ միանշանակ է, որ ադրբեջանցի ասկյարը մշտապես կլինի սարսափի ազդեցության տակ»,- վերջերս հայտարարեց ԼՂՀ ՊԲ Լրատվության ու քարոզչության բաժնի պետ փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Մինչ այդ համանման հայտարարություն էր արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Ոչ ոք չպետք է կասկածի, որ հայկական կողմն իր խոսքի տերն է. եթե թշնամին ատամները սեղմելով լռում է ու չի հրապարակում իր զոհերի թիվը, ապա չպետք է կարծել, թե նա «մարսեց» իր արածը: Ամենեւին. ինչքան էլ Ադրբեջանի իշխանությունը գաղտնի պահի իր կորուստները, դրանք քաջ հայտնի են հայկական կողմին: Այսպես, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը վերջին շրջանում զոհված իր զինծառայողներին հապճեպորեն հուղարկավորում է` փորձելով թաքցնել նրանց մահվան փաստը: Մասնավորապես, ադրբեջանական 2-րդ բանակային կորպուսի 181-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող Մուսա Ահմեդովի դիակը թաղելուց հետո հայտարարվել է, թե նա դասալիք է: Հուղարկավորումից հետո անհայտ կորած են հայտարարվել 1-ին բանակային կորպուսի 703-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողներ, դիպուկահար Էլնուր Մուբարիզօղլի Մամեդովը եւ Մամեդ Ռամիզօղլի Ազդալիեւը:
Նման փաստեր արձանագրվել են նաեւ նախկինում: Մասնավորապես, այս տարվա հունվարի 6-ին, ի պատասխան ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների, հայ-ադրբեջանական սահմանագծին սպանվել է Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի 161-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայող Ուլվի Իֆթիգարօղլի Հուսեյնովը, իսկ հունվարի 25-ին` նույն ԲԿ 190-րդ մոտոհրաձգային բրիգադի լեյտենանտ Զամին Ալլահվերդիօղլի Մամեդովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նրանց սպանվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել: Այս մասին հաղորդում է «Երկիր» թերթը (http://www.yerkir.am/am/news/ 7025.ht, http://www.news.am/arm/ reviews/1754.html):

ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Առիթ ունեցել ենք նշելու, որ Ադրբեջանը դիպուկահարների պատերազմ է սանձազերծում` հետապնդելով մի քանի նպատակ, այդ թվում փորձելով հոգեբանորեն ճնշել մեր զինվորին եւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատերազմը կարող է «բռնկվել ցանկացած պահի», այլ կերպ ասած` «ստատուս-քվոն այլեւս անհնար է պահպանել»: Հարց է ծագում` ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում իրավիճակը ներկայացնել որպես «պայթյունավտանգ»:
Վարկած. Ադրբեջանը փորձում է միջազգային զինված ուժեր` «խաղաղապահներ» հրավիրել տարածաշրջան եւ դրա համար առիթ ստեղծելու նպատակով փորձում է լարվածություն առաջացնել հայ-ադրբեջանական շփման գծում: «Ադրբեջանի Հանրապետությունը նպատակ ունի ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում արծարծել Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչն էլ ՆԱՏՕ-ին առիթ կընձեռի հայտնվելու տարածաշրջանում»,- օրերս Թեհրանի համալսարանում Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին` հավելելով, որ «Իրանը թույլ չի տա, որ իր սահմանի մոտ հայտնվեն ՆԱՏՕ-ի ուժերը»:
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգռված հակամարտության գոտում միջազգային ուժերի տեղակայումով: Բանն այն է, որ Ադրբեջանը ԼՂՀ վերաբնակեցումն արգելելու այլ ճանապարհ այլեւս չի տեսնում: Նրա աչքի առաջ ԼՂՀ ազատագրված տարածքներ են վերադառնում այդ հողերի իրական տերերը` հայերը, եւ եթե գործընթացը չդադարեցվի, ապա մեկ-երկու տասնամյակ անց հայերը լիովին կյուրացնեն այդ տարածքները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը նույնիսկ մտածել չի կարող այդ հողերը հետ ստանալու մասին: Ահա եւ փորձում է տարածաշրջան հրավիրել խաղաղապահների եւ «սառեցնել» վերաբնակեցման գործընթացը:
Ասվածի վկայությունն է այն նախանձելի օպերատիվությունը, որով Ադրբեջանի իշխող կուսակցությունն արձագանքեց Ղրղըզստանից 200 համշենահայ ընտանիքների` մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում վերաբնակվելու ծրագրի մասին մամուլում հայտնված տեղեկությանը: Ինչպես գրում է «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթը, հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ օրերս Հայաստան եւ Արցախ է այցելել Ղրղըզստանի համշենահայերի համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը` համշենցիների վերաբնակեցման հնարավոր վայրը` ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերից մեկը ուսումնասիրելու նպատակով:
«Մեր տեղն այստեղ է` Հայաստանում: Ճակատագրի բերումով մենք ավելի քան 250 տարի տեղից տեղ ենք քոչել` Աջարիա, Միջին Ասիա… Այժմ որոշել ենք վերջապես հանգրվանել հայրենի հողում: Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ապրի կոմպակտ, ոչ թե ցրված: Ղրղըզստանում մենք բոլորս միմյանց ճանաչում ենք` յուրաքանչյուր ընտանիքի: Եւ ես ուրախ եմ, որ վերաբնակվելով Ղարաբաղում, մենք բոլորս ապրելու ենք նույն գյուղում, դարձյալ միասին»,- ասում է համայնքի ղեկավարը: Միանգամայն հնարավոր է, որ Ղրղըզստանի համշենցիների օրինակին հետեւեն նաեւ Ռուսաստանում ու Ղազախստանում բնակվող համշենցիները («www.sobesednik. am»):
Այս տեղեկության հրապարակման հենց հաջորդ օրը «Ենի Ազերբայջան» կուսակցությունը բողոքի նամակ հղեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին` հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղում 200 հայկական ընտանիքների բնակեցումը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին»:

… ԵՎՍ ԵՐԿՈՒ ՊԱՏՃԱՌ

ԼՂՀ վերաբնակեցումը Ադրբեջանի շտապողականության միակ պատճառը չէ: Բանն այն է, որ Ադրբեջանի նավթը արագորեն սպառվում է: Ամենայն հավանականությամբ, նրա նավթահորերը կդատարկվեն սպասվածից մի 10 տարի էլ շուտ: Այս տարվա առաջին եռամսյակում նավթի արդյունահանումը նվազել է 304 հազար տոննայով, իսկ գազինը` ավելի քան 2 մլրդ խորանարդ մետրով: ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության պետական վարչության ամենամսյա զեկույցի համաձայն` 2012թ. Ադրբեջանում նավթի արդյունահանումը կնվազի 2.5%-ով: Իսկ «The Economist» թերթը վերջերս գրեց, որ ըստ որոշ տվյալների` «Ադրբեջանի նավթի պաշարները կարող են սպառվել արդեն 2028թ.»:
«Իմ կանխատեսումներով, եւս 5-8 տարի ածխաջրածիններից Ադրբեջանի ստացած եկամուտը իսկապես նշանակալի կլինի,- ասում է ռուս տնտեսագետ, քաղաքագետ Կոնստանտին Սիմոնովը:- Այդ ժամանակի ընթացքում Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որ լուծի Ղարաբաղի խնդիրը: Որովհետեւ այդ ժամանակահատվածում է, որ նրա տրամադրության տակ կլինեն ինչպես Եվրամիության, այնպես էլ Մոսկվայի դիրքորոշման վրա ազդելու ունակ կռվաններ»:
Երրորդ գործոնը, որն Իլհամ Ալիեւին ստիպում է Ղարաբաղի հարցում շտապել, երկրի ներքաղաքական անկայունության վտանգն է: Բոլորի համար ակնհայտ է, որ Ալիեւն այսօր վախեցած է. նա ամեն պահի հեղափոխություն է սպասում: Ըստ ընդդիմադիր մամուլի` նրա մերձավոր շրջապատը բաժանվել է թշնամական ճամբարների` այսպես կոչված ազատականների, որոնք նախագահին խորհուրդ են տալիս հանդուրժող լինել ընդդիմության նկատմամբ, եւ պահպանողականների, որոնք կարծում են՝ ընդդիմության պահանջներին ընդառաջելը միայն կուժեղացնի բողոքի ալիքը:
Միաժամանակ լուրջ խմորումներ են տեղի ունենում ուժային կառույցներում, ի մասնավորի` բանակում: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի դիրքերը թուլանում են: Վերջերս Ադրբեջանի նախագահի` անվտանգության եւ պաշտպանության գծով խորհրդական, գեներալ Վահիդ Ալիեւը ռազմական ոլորտի թերությունները վերացնելու եւ բանակային համակարգը վերակառուցելու թեմայով Ադրբեջանի բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ ժողով է անցկացրել, որի մասին տեղյակ չի պահել պաշտպանության նախարարին: Նույնիսկ երբ վերջինս ուշացումով տեղեկանալուց հետո ցանկություն է հայտնել մասնակցելու ժողովին, Վ.Ալիեւն ասել է` «Կարիք չկա»: Ուշագրավ է, որ նախարարի փոխարեն ժողովին հրավիրվել է միայն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Նեջմեդդին Սադըգովը, որը համարվում է նախարարի մրցակիցը:
Ներքաղաքական այսպիսի իրավիճակում Իլհամ Ալիեւի համար շատ կարեւոր է ժողովրդին արդյունք ցույց տալ, ուստի Ղարաբաղի հարցում սպասել նա այլեւս չի կարող: Որպես միակ գործելակերպ` մնում է դիպուկահարներին կրակելու հրաման տալը եւ, որպես հետեւանք, դիակներ թաքցնելը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


26/05/2011