ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
19
-Երկու դեպքում էլ ՀՈՒՅՍԸ մահամերձ էր, և Մարիայի ձեռնարկը իր ողջ զինանոցով դատապարտված էր չգոյության, որովհետև իրականում նա ինձ զրկում էր ընտրության հնարավորությունից, երբ անտանելի տառապանքիս հետ ինձ մենակ էր թողնում, ինչպես ինքն էր խոստովանում` հրաշալի գիտակցելով, որ «պատրաստ էի հետևելու իրեն, ուր որ կանչեր», որպեսզի հետո էլ աղիողորմ բացականչի` «Ես ինքս իմ կամքով զրկում եմ ինձ քո ներկայությունից», ինչ է թե՝ ձեռքս խոթի էդ անիծյալ «հրեղեն փետուրը», որ, չգիտես ինչու, դեռ կարող էր կյանքս փչացնել, եթե չպահպանեի «աչքի լույսի պես»… (Եթե առաջ այսօրվա խելքիս լինեի` հաստատ կմտածեի, որ ամբողջ քաշուկշռով մեկ մաքուր, դասական ցինիզմ է): Հեշտ է պնդել` հավատարիմ եղիր ինձ, և ես ընդմիշտ քոնը կլինեմ, սպասիր, և ես նորից կգամ, կողքիդ կլինեմ…մի օր…«Ուզում եմ իսկապես էլ արժանի լինել քեզ, թե որ թույլ տաս»… Համաձայնիր, ժուռնալի՛ստ, դժվար է ընտրություն կատարել ՀԵՏՈՅԻ և ՎԱՂՎԱ միջև, որովհետև այս երկուսի համարժեքը անորոշությունն է, խաբկանքը, որից էլ շատ արագ նվաղում է միամիտ դեռահասի սիրտը, որ, մայրական սիրուց ու գուրգուրանքից բացի, ոչ մի ուրիշ` մի այլ «կարգի» ուշադրության ու վերաբերմունքի երբևէ չի արժանացել, օր օրի ոտքի վրա մարում է հույսը խաբված լինելու գիտակցումից, որ հետզհետե վերաճում է վիրավորանքի… Այնքան ուժեղ, այնքան դաժան, որ ատելությունից սկսում ես մատներդ կրծել: Հիմա էլ երբեմն պարապությունից ծիծաղում եմ ինքս ինձ վրա, երբ հիշում եմ, որ իմ բախտը` իմ եղած-չեղածը, մի ինչ-որ աննշան, անհեթեթ փետուրից է կախված, որը ես չպահպանեցի:
-Նրանը` նույնպես,- ոչ պակաս անհեթեթ ճշտում մտցրի ինքնագոհ, քանի որ կամենում էի «հակառակորդ կողմին» ևս ներգրավել խաղի մեջ, ինչն ինձ համար, մի տեսակ, սկզբունքի հարց էր դարձել: -Ավելի շատ, քան քոնը:
-Իյա՞… հլա մի դեսը նայի, ժուռնալի՛ստ, չլինի՞ թե դարձի ես գալիս, ո՞նց կհրամայես հասկանալ, հը՞, ախր, ինքդ էիր կոկորդ պատռում, թե չես ընդունում, որ մեր բախտը տնօրինող անտեսանելի, մութ ուժեր կան, որ զառանցանք է, հիվանդ մտքի մորմոք…Քո՞ խոսքերն են:
-Ես հիմա էլ նույն մտքին եմ,- հաստատեցի համոզված, որքան էլ, կամքիցս անկախ, «վատ շրջապատ» էի ընկել, սակայն ես ինձ դրանից վատ չէի զգում,- ոնց որ ասում են` ընկերոջը մենակ չթողնելու համար` համերաշխությունից դրդված:
-Շա՜տ զգացված եմ, բարեկամս, փրկեցիր. իսկ ես հավատում էի… Հիմա էլ հավատում եմ, դրա համար էլ հավատարիմ մնացի Մարիայի ամեն խոսքին, տառին և ոգուն, որ շարադրել էր նամակում, որից ես գիշեր-ցերեկ անբաժան էի, մինչև որ կատարելապես անգիր արեցի բոլոր դադարներով ու անցումներով հանդերձ: Հետո արդեն ցանկացած ժամանակ ինքս իմ հոգու հանգստության համար բերանացի արտասանում էի նամակի որևէ հատված պահպանիչ աղոթքի պես, երբ անդիմադրելի կարիք ունեի հոգատարության, քնքշանքի… Երբ կարոտից խենթանում էի, պատեպատ խփվում: Եվ կարծեմ նման անհավասարակշիռ մի պահի հերթական անտաշությունը թույլ տվեցի Մարգուշայի հանդեպ, ինչի համար զղջում եմ մինչ օրս: Ես նրան նորից անարգանքի պատին դեմ տվեցի ու մի լավ շշպռեցի «ինձ դավաճանելու և նամակը ժամանակին չհանձնելու համար»: Ասել է թե` քիթը ուրիշի գործերի մեջ խոթելու և ստրկամտության համար: Իզո՜ւր… Խոստովանում եմ, անտեղի նեղացրի աղջկան, մեղքն առա զուր տեղը. երբեք չեմ մոռանա նրա կատաղի-կրակոտ աչքերը, որոնք անզոր բարկության հետ մեկտեղ հրաշալիորեն ինչ-որ խորունկ, ներհուն ջերմություն էին ճառագում, որն էլ ինձ ավելի էր հունից հանում ատելության հասցնելու աստիճան, որովհետև հասկանում էի` իրավունք չունեմ… Մարգոն այս անգամ բերանս հիմնավոր փակեց, և ինչպես պարզվեց` մեկընդմիշտ. «Իսկ դու հիշո՞ւմ ես` ինչ վիճակում էիր հայտնվել, թե՞ արդեն ոտքի կանգնեցիր, և վերջ, գրողի ծոցը բոլորը… Ախր, դու նույնիսկ ինքնուրույն ջուր չէիր կարող խմել, էլ ուր մնաց… Ես երբեք էլ քեզ վատը չեմ ցանկացել, սիրելի Սողոմոն, և միշտ դժվար պահերին կողքիդ եմ եղել` ցանկացել ես, թե ոչ, սրտովդ է եղել, թե չէ… Տկարությանդ օրերին էլ կողքիդ էի, եթե, իհարկե, նկատել ես կամ դիտմամբ ինձ չարքի տեղ չես դրել… Անհամբեր սպասում էի, երբ կլավանաս, որ նամակը քեզ հանձնեմ, հակառակ որ՝ չպիտի տայի, ինչպես պատվիրել էին: Եվ հետո մայրդ կտրականապես դեմ էր. ես էլ հնազանդվեցի… համբերեցի, մինչև որ կառողջանաս… Աստված իմ, ի՞նչ եմ արել քեզ, որ այդքան ատում ես ինձ»,- հայացքը փախցրեց արագ և լացը զսպելով էլ թռավ-գնաց: Ես կասկածներ ունեի, թե Մարգոն գաղտնի նամակագրական կապի մեջ է Մարիայի հետ, թեպետ չէի կարող հաստատապես պնդել, դրանից էլ ներսս տակնուվրա էր լինում…
Մարգոյին էլ երբեք չտեսա` ո՛չ մեր տանը, ո՛չ էլ ուրիշ մի տեղ: Հետո՝ ավելի ուշ, մորիցս իմացա, որ ամռան վերջին նրանց ընտանիքը մեկնել էր Խարկով` մշտական բնակության: Ցավում եմ, որ այդպես էլ համարձակություն չունեցա ներողություն խնդրելու նրանից…
-Գոնե սիրո՞ւն էր,- վաղուց էի ուզում հարցնել, բայց ոչ մի կերպ չէր հարմարվում: Հարմարեցրի` «գոնե»:
-Հարցդ տեղին է, ժուռնալիստ, և նույնիսկ ժամանակին,- անմիջապես էլ «վրիպակը» աչքս կոխեց: -Սուրենյանցի «Շամիրամին» տեսե՞լ ես,- «հակընդդեմ հայցով» դահլիճ մտավ:
-Օ՜, -հիացմունքս հայտնեցի:
-Բա՜,- պարծեցավ տղայավարի,-հանկարծ մտքովդ չանցնի, թե ես էլ ինձ Արա Գեղեցիկ երևակայեցի, Աստված հեռու պահի փորձանքից: Ես կանացի սիրունության այդ տեսակը նկատի ունեմ (չէի կարող չվստահել նրա խոսքի ազնվությանը, բայցևայնպես ականջս մի ակնթարթ սնափառության սեթևեթ թրթիռ որսաց Սողոմոնի ձայնի մեջ, ինչը ամենևին էլ անպատիվ չէր անում նրան: Ընդհակառակը. նա՝ որպես հասուն տղամարդ, չէր կարող անտեղյակ լինել իր անուրանալի արժանիքներին: Նախանձելի արտաքին տվյալներ ուներ` ասիացու համեմատ զգալի բարձրահասակ էր, սլացիկ կազմվածքով, դեմքի վրա ամեն ինչ անհավանականորեն կանոնավոր էր, դուրեկան՝ հիանալիորեն ընդգծված բնությունից: Ուղղակի ապշել կարելի էր՝ նրան նայելու վայելքից: Չսիրահարվել նրան անհնար էր: Միակ անբնական, վայրենի «միջամտությունը» երեսի ահագին սպին էր, որի մասին ինձ ոչինչ հայտնի չէր: Միայն զգացվում էր, որ այնքան էլ հին չէ…): Ամիսներ անց իմիջիայլոց հետաքրքրվեցի մեր հին հարևանների մասին. գիտեի, որ մայրս երբեք չէր մոռանա ընտանիքի իսկական բարեկամներին և անպայման ջերմ հարաբերություններ կպահպաներ նույնիսկ երկու հազար մղոնի վրա: Չէի սխալվել. տեղեկությունները թարմ էին, վերջերս էր փոստային պատվերով խոսել մկրտության ավազանի քրոջս ընտանիքի հետ: Ամեն ինչ կարգին էր, բարեհաջող… Մարգուշան բժշկական ինստիտուտի նախապատրաստական բաժնում էր սովորում…
-Հավատարիմ մարդիկ քիչ են պատահում կյանքում, որդի՛ս,-ասաց մայրս անսպասելի. մի բան, որ երբևէ չէր արել, երբեք չէր փորձել «սրտիս դուռը» թակել:
-Թևավոր խոսք կա, գուցե լսել ես` «Սիրուններին սիրում են, հավատարիմների հետ` ամուսնանում»,- նորից աչքի ընկա:
-Կներես, ժուռնալի՛ստ, գլուխս լիքն է կենցաղային աղբով, ես ուզում եմ հասկանալ, գրողը ինձ տանի, ինչո՞ւ է այդպես անարդար… Ում սիրել ես, սիրում ես առաջվանից ավելի… հանկարծ դիմացդ է ելնում հոգեառի կերպարանք առած…
-Իսկ ում ատում ես, մի օր հանկարծ, պահապան հրեշտակի թևեր առած, թռչում է քեզ օգնության… Մի՞թե մոռացել ես` ինչ էր խրատում գնչուհի Սերան:
-Ի՞նչ էր խրատում…
-«Սատանան իր բարձը հոգով անմեղների գլխի տակ է դնում»,- պառավ կնոջ խոսքի սեփական տարբերակը առաջարկեցի:
-Հա՞ որ,- ցույց տվեց, որ չի մոռացել:
-Իմաստը նույնն է, «գլուխ» լինի, թե «սիրտ», երկուսից էլ ունես. երկուսն էլ` իրար թշնամի: ԳԼՈՒԽԸ կռվում է ՍՐՏԻ դեմ, սիրտը` գլխի: Քո կռիվը, Գեներալ, սեփական սրտի դեմ է, դարձյալ գնչուհու խոսքերն են, ես ուշադիր էի լսում… Դու հենց նոր մանկական հրճվանքով պատմում էիր, որ անգիր ես արել Մարիայի նամակի ամեն տառն ու ստորակետը, բայց էլի մոլորության գիրկն ես ընկել: Շփոթվել ես, չես հասկացել` ո՞ր կողմ գնալ, ո՞ւմ փեշը բռնել` սրտիդ ուզածի՞, թե՞ մտքումդ պահ տվածի: Ո՞վ էր քեզ փորձում փրկել «դժոխքի քամիներից», ինչից է, որ ափսոսանք ես ապրում… Գիտեմ, իմ գործը չի, բայց ես իմ նախապատվությունը տալիս եմ Մարգուշային, եթե անգամ իսկապես էլ «Շամիրամ» ծնված լինի… Եթե նույնիսկ ինքդ քեզ «հավատարմության երդում» ես տվել… Մի բան էլ. գրեթե համոզված եմ, որ Մարիան ամեն բան տեղը տեղին հաշվարկել էր, կանխազգացել իր «թունավոր պոչիկով», չէր կարող չզգալ…
-Օրինա՛կ,- հետաքրքրվեց զգուշավոր:
-Օրինակը մեկն է. նրա աչքից չէին կարող վրիպել Մարգոյի կամավոր «ստորանալու» անձնական շահագրգռությունները և էլի ուրիշ «մանր-մունր ծառայություններ», որոնք նա անում էր հանուն քեզ` քո ՓՐԿՈՒԹՅԱՆ£ Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Մարիան մինչև վերջ էլ իր ազդեցիկ ձեռքը աղջկա գլխից չի հեռացրել, որպեսզի ավելի ու ավելի սրի իրավիճակը: Հիմա եմ գլխի ընկնում…
ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Հոգևոր-մշակութային