Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐՏԻ ՉԱՓ ՓՈՔՐ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԱՓ ՄԵԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆ…



Հոկտեմբերի 24-ին Մուշեղ Գալշոյանի ծննդավայր Կաթնաղբյուր գյուղում բացվեց մեծ գրողի տուն-թանգարանը: Այն համընկավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, եւ դա պատահականություն չէ, քանզի Մուշեղ Գալշոյանի գրքերի («Կռունկ», «Բովտուն», «Ձորի Միրո», «Մարութա սարի ամպերը») հերոսները եղեռնից վերապրած Տարոն աշխարհի այն զավակներն են, որոնք գաղթ-կոտորածից հետո նոր բնակավայրեր կառուցեցին Արագածի փեշերին, Թալինի քարքարոտ հողերում: Եվ նրանց հետագա կյանքը ապացույցն էր մեր ժողովրդի հարատեւության, որովհետեւ բոլորս ականատես եղանք, թե ինչ քաջագործություններ կատարեցին եղեռնից վերապրածների զավակները Արցախյան գոյապայքարում։ Թանգարանի կառուցման մտահղացումը մեծ հայորդի, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանինն էր: Եվ ակամա մտաբերում ես մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի կտակը. «Եթե հայ ժողովուրդը կուզե ինձ պատիվ ընել, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնե ավեր դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ հիմնե փոքր ուսումնարան մը հայ մանուկներու համար: Այս է իմ ամբողջ բաղձանքը եւ բարոյական պահանջս հայ ժողովրդին»: Եվ մեծ հայորդու այս մտահղացումը մեծ Զորավարի կտակի իրագործումն է, որովհետեւ ինչպես բոլոր ելույթ ունեցողներն էին նշում` Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը կդառնա մի նոր Առաքելոց վանք, որտեղ դասը կվարեն մեր մեծերը` Մուշեղ Գալշոյանը, Խաչիկ Դաշտենցը, Հրաչյա Քոչարը, Հակոբ Մնձուրին, Համաստեղը: Տուն-թանգարանի բացման պատիվը տրվեց գրողի դստերը՝ Սիրանուշ Գալշոյանին, եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը որդիաբար վերջնական ավարտի հասցրեց տուն-թանգարանը: (Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի մտահղացումներից մեկն էլ Աշնակ գյուղի Գեւորգ Չաուշի անվան ֆիդայատունը հսկող արծվի քանդակի տեղադրումն էր, որը նույնպես ի կատար ածեց որդին):

Դիպուկ էր եւ պարտավորեցնող Երեւանի փոխքաղաքապետ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանի խոսքը. «Կարդացե՛ք Մուշեղ Գալշոյան: Կարդացեք եւ կզգաք սարսուռը հիշողության, սարսուռը անցյալի կարոտի, պատասխանատվությունը ներկայի ու գալիքի հանդեպ: Ահա՛ Գալշոյանը»: Ապա դիմելով մանկավարժներին՝ ասաց. «Կեցցե՛ այն դպրոցը, որն առաջինը կայցելի Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր, կեցցե՛ այն աշակերտը, որն առաջինը «Մամբրե արքան» կկարդա այստեղ»:

Գ. Շ.

Գրողի տուն-թանգարանի բացումը ինձ հիշեցնում է եկեղեցու օծման ծես, որովհետև, եթե եկեղեցին իր մեջ ամբարում է հույս, հավատ, լույս, միություն, ապա գրողի թանգարանը՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը, իր մեջ ամփոփում է նաև կորուսյալ հայրենիքի հիշողություն, պայքարի ոգի, պահանջ:

Ես երջանիկ եմ, որ Մուշեղ Գալշոյանի կրտսեր ընկերն եմ եղել: Երջանիկ եմ եղել վայելել նաև Անդրանիկ Մարգարյանի ընկերությունը£ Երկուսի պապերն էլ էրգիրը թողել ու եկել են այս ծանր հողի վրա տուն են կառուցել:

Մուշեղ Գալշոյանի ստեղծագործական կերպարը հեշտ չի միանգամից բացահայտել: Որքան ճիգ ու ջանք թափեց Գալշոյանը Դաշտենցի «Ռանչպարների կանչը» տպագրելու համար: Դա հսկայական երևույթ էր մեր գրականության պատմության մեջ: Կորուսյալ հայրենիքի մասին գրելիս հաճախ գրողները խորասուզվում էին նկարագրական խաղի մեջ, բայց Մուշեղի գրականության մեջ տեսա մի բան հավատամքի մասին` «Ով զարկվի՝ դավաճան է»: Սա նշանակում է, որ մարտիրոսվելը սուրբ բան է, բայց Ապրելը ավելի հզոր ուժ է: Սա ապրողների հավատամքն է, ապրելով երկիր շենացնել, ծաղկեցնել քարերը: Մուշեղ Գալշոյանը միայն հիշողության գրող չէր, նա գրում էր ժամանակի թերությունների, այլանդակությունների դեմ: Նա խիզախորեն ասում էր ճշմարտությունը: Մուշեղն այսօր ապրող գրող է, ֆիզիկականը հեռանում է, բայց հոգևորը մնում է հավերժ, նրա ստեղծածը այսօր ապրում է, շարժվում: Այս տուն-թանգարանը մեր բոլորի սիրելի տեղը պիտի լինի: Գրողները հեռանում են, բայց թողնում են իրենց նամակները` գրքերը, որոնք հրեշտակների պես պիտի թևեն մեզ վրա և արդարամիտ դարձնեն: Գրողը հենց այնպես աշխարհ չի գալիս: Նա գալիս է աշխարհը մաքրելու, կյանքը դարձնելու մարդավայել:

Հիշատակդ բարի, սիրելի՛ Մուշեղ:

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀԳՄ նախագահ

2001թ. Թաթուլ Կրպեյանի` Ազգային հերոսի ծննդյան օրն էր, և այս գյուղ էր այցելել մեր երջանկահիշատակ վարչապետը: Դիմելով բոլորին` նա ասաց. «Ինձ համար սոսկումով պիտի ընդունեմ այն օրը, եթե իմանամ, որ գալու է մի պահ, որ իմ երկրացիների` տարոնցիների մոտ պիտի խամրի անկախության ոգին: Ամենամեծ ցավը ինձ համար լինելու է դա»: Լավ գիտեր վարչապետը, որ այս տարածքը Մ. Գալշոյանի ծննդավայրի ամենասիրած տեղն է: Երկու գիրք ուներ սիրելի` Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և Գալշոյանի «Մարութա սարի ամպերը», քանի որ տեսել էր այդ գրքի հերոսներին, իրական կերպարներին: Եվ նպատակը մեկն էր, զգալով օրեցօր նոսրացող հիշողության վտանգը` ձեռնարկեց այս հուշահամալիրի ստեղծումը: «Ճարտարապետներից մեկը թող լինի մշեցի կամ սասունցի, որ հասկանա մեր բնության, այս քարերի մեջ ինչ կարելի է տեսնել, և ամենակարևորը, որ գոնե մեկ ու կես անգամ կարդացած լինի Մուշեղ Գալշոյան»: Այդպես էլ եղավ, ճարտարապետներից մեկը Ջուլհակյանն է, մյուսը՝ մեր լուսահոգի Ժան Էլոյանի որդին` Լևոն Էլոյանը: Ամեն գալուց վարչապետը այս տարածքին նայում էր այնպես, ինչպես կնայեր հարազատ տանը, ոչինչ չէր վրիպում իր աչքից: Եվ միակ բանը, որ այստեղ պիտի լիներ վայրի, կոշտ, քարեղեն, բայց շատ ճշգրիտ, ինչպես Գալշոյանն էր: Եվ դռները ինչպես Առաքելոց վանքի վարժարանինն էին, պիտի լինեին բաց՝ որպես հոգևոր կենտրոն համայն հայության համար: Եվ կայացավ այս ամենը: Սիրելի հայրենակիցներ, ես այդ որոշումը կբնորոշեմ այսպես. մարդկային սխրանք մեր վարչապետի կողմից, և անմիջապես զուգահեռ սկսեց Թալինի բերդի կառուցումը: Գիտեր` 2 ոգեղեն բան պիտի լինի այստեղ` մեկը Թալինի Բերդի վերականգնումն էր, մյուսը՝ ունենալ Գալշոյանի հուշահամալիր, որտեղ պետք է լիներ ողջ տարոնյան ոգին, հայ գրականությունը և Հայաստանը իր հպարտ ներկայով ու ապագայով: Կայացավ այս հուշահամալիրը, և խորին հարգանք ու երախտագիտություն մեր վարչապետին, նրա որդուն, որ որդիաբար, սրտացավորեն կանգնած է այս գործի կողքին, խորին հարգանք Գալշոյան ընտանիքին, տիկնոջը և 2 սիրասուն զավակներին, որոնք անմնացորդ նվիրվեցին այս աշխատանքին:

Այս համալիրը թող դառնա հոգևոր կենտրոն համայն հայության: Իր ոսկորներով Իսրայելյան Վրեժի, Թաթուլ Կրպեյանի հետ ամուր են պահում այս հողը: Բաց է դուռը Գալշոյանի, ինչպես ինքը կասեր՝ «Դռները բարությամբ բացեք, աղուհացով դիմեք ճամփեքին, մնացողը կյանքն է: Այնպես, ինչպես հայ գրականության ռահվիրաներից Պ. Սևակն է ամուր պահում իր թանգարանով, իր աճյունով Զանգակատունը, ինչպես Մինասն է Ջաջուռը պահում, Թումանյանի սիրտն է Դսեղը պահում, այնպես էլ Գալշոյանի հուշահամալիրը իր բաց դռնով պետք է պահի բոլորիս դեպի Հայաստան, դեպի հայրենիք, դեպի մարդը: Շնորհավորում եմ բոլորիս այս առիթով:

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆ
Երևանի փոխքաղաքապետ,
«Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԸ

…Հայրի՛կ, գաղթից հետո էդքան չարչարվեցիք, որ բնակություն հաստատեիք մի կարգին տեղ, Արարատյան դաշտ կար, Լոռի կար, հազար ու մի տեղ` ինչո՞ւ Թալին եկաք, ո՛չ հող կա, ո՛չ ջուր, քարից բացի բա~ն չկա: Հայրս մտածեց, մտածեց ու ասաց.

-Ըդպես էր պետք, մզի քար էր պետք, անտուն մարդուն հըմեն ինչից շատ քար է պետք, առանց քարի տուն չեղնա, էստեղ քար շատ կար:

Ես լռեցի, խոնարհեցի գլուխս: Հայրս ճիշտ էր:

♦♦♦

…Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը…

♦♦♦

…Հիմա նստած եմ գրասեղանի առջև, և դու, երկի՛ր Հայաստան, աչքերիս հայելու մեջ ես: Քո ձորերը` ոլորապտույտ, խորը, հիմա` լցված ձնհալի ջրերով: Ձորերը, որ այդպես` հազար տեղից, հազար թևերով գրկել են քեզ:

Ինքնաթիռը ամեն րոպե նոր բարձրություն էր վերցնում. Բազումի, Փամբակի, Գեղամա, Սևանի, Զանգեզուրի… քո լեռնաշղթաները թև թևի տված «Բերդ պար» էին բռնել արեգակի հետ, թաշկինակի փոխարեն ամպի ճերմակ ծվեններն էին խելահեղ թափահարում:

Բայց քեզ, Հայաստա՛ն, վերևից չպետք է նայել, կկոցում էի աչքերս, և դու երևում էիր ծայրից ծայր: Պետք է կանգնել ձորի ափին և գլխապտույտ ունենալ: Պետք է կանգնել քո սարի փեշին ու չտեսնել գագաթը: Պետք է կանգնել քո ծովի եզրին ու չտեսնել ծայրը: Քո ծաղկած ծիրանենու բունը մոտիկից պետք է տեսնել: Երբ քարով շաղված քո հողի վրա եմ` հորիզոնները այնքա~ն շատ են:

Ինքնաթիռում ես ավելի լավ հասկացա` «Դու՝ փոքր ու մեծ Հայաստան» բառերի իմաստը: Հասկացա, որ դու սրտի չափ փոքր ես, աշխարհի չափ մեծ:

♦♦♦

…Աշխարհի ամենամեծ կորուստ հողի կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է` երկրի ու հողի կորուստ է, ծանր կորուստ: Բայց հողն անմահ է, հողն ուրիշ տեր չի ընդունե, հողն իր տիրոջ հետ արնակից է ու իր արնակցին կսպասե, կսպասե ու օրերից մի օր կհանդիպին` հող, հողի կորուստ անդարձ կարուստ չէ:

♦♦♦

…Դավոն գնում էր, բայց կոպերը դեռ շոշափում էին արևը: Պատուհանից ներս ընկած լուսե թևը դեպի երկինք էր ձգում Դավոյին, և Դավոն գնում էր ձիու ականջը մտած, մերկացրած սուրը ճակատին: Դավոն սուրում էր դեպի բլրակը, թշնամու դիրքերը: Իրիկնապահին արևը բոցկլտում էր մեծ սարին, համբուրում ճակատը և աչքերի դիմաց կայծկլտացող կարմիր ու կանաչ պեծեր: Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լուսնի վրա փշրված արևը: Իմ գործն արդար է, և Մարաթուկն ինձ օգնական:

♦♦♦

…Հարութ, մարդ սպանելուց էլ հարկ է մարդ մնա… Հարութ, գառ, լսե ու մահան չանիս, վիզ չծռիս, մահ չընդունիս կամոք: Կռվի քու մահվան դեմ, հաղթ էդոր, կապրիս, չէ` մեռնել կա ու կա: Քու ձեռք ու ոտք կկապեն, սիրտ կապել չեղնի: Մահի դեմ կռվի ճար կգտնի չկապած սիրտ:

Հարութ, էն մարդ կամոք կընդունե մահ, ով վրեժ ու փափագ չունե:

Հարութ, աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժ հողի մեջ է: Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, թեկուզ զարկվի` անպարտ է, խլեցին` գերի է, գառ:

Պատրաստեց Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Հոգևոր-մշակութային


05/11/2015