Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵՑԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ



Մեկ ամիս է, ինչ Սիրիական ճգնաժամի շրջանակներում իր ուղիղ դերակատարությունն ունի Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն կարելի է նաև արձանագրել, որ ռազմական տեսանկյունից որևէ բեկում այստեղ դեռ չի նկատվում: Իրանի և Ռուսաստանի աջակցությամբ գործող սիրիական կառավարական բանակն այդպես էլ չկարողացավ որևէ նշանակալի հաջողությունների հասնել, իսկ «Իսլամական խալիֆայության» գրոհայիններն արդեն հարմարվել են ռուսական օդուժի հարվածներին: Լուրջ փոփոխություններ ի հայտ են եկել միանգամայն այլ՝ դիվանագիտական դաշտում: Արևմուտքը կանգնեց փախստականների «ցունամիի» առջև և նահանջեց:

Ռուսական զինված ուժերի անմիջական մասնակցությունը Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում անսպասելի էր արևմտյան տերությունների համար, թեև պաշտոնական Մոսկվան միշտ էլ հայտարարում էր, որ սատարում է գործող նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգին՝ որպես ահաբեկիչների դեմ պայքարող միակ ուժ: Թեև ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բազմիցս են հայտարարել «Իսլամական խալիֆայության» նկատմամբ իրենց անհանդուրժողականության մասին, բայց իրական պատկերն ամբողջովին այլ է. եզակի չեն դեպքերը, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները օդապարիկներով օգնություն են իջեցնում ոչ միայն «ԻՊ» դեմ պայքարող քրդերին, այլ նաև՝ հենց իսլամիստներին: Ավելին, վերջին ամսվա ընթացքում ահաբեկիչների սպառազինությունը թարմացվել է մասնավորապես բրիտանական արտադրանքով: ԱՄՆ-ի կողմից «Իսլամական խալիֆայության» դեմ հակաահաբեկչական կոալիցիային միանալու՝ Ռուսաստանի բոլոր առաջարկությունները անտեսվում էին, իսկ հումանիտար ու մշակութային աղետը դառնում էր անդառնալի:

Մոսկվայի անմիջական մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ պատերազմին որոշակի փոխում է իրավիճակը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև ամբողջ աշխարհում: Արևմուտքում չէին սպասում Ռուսաստանի կողմից միայն ռազմական անմիջական մասնակցությանը: Սիրիայի հարցում բանակցությունները մեկնարկել էին դեռ գարնանը, Մոսկվան ակտիվ մասնակցություն է ունեցել նաև «Արևմուտք-Իրան» բանակցությունների հաջողությանը: Սակայն ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ էլ Բրյուսելում չէին հանդուրժի ռուսական գեթ մի ստորաբաժանման ներկայությունը Միջերկրական ծովի ափերին, եթե Եվրոպան չողողվեր փախստականներով:

Կարելի է փաստել, որ միջնադարյան ժողովուրդների մեծ գաղթից հետո առաջին դեպքն է, երբ Եվրոպայի էթնո-կրոնական և մշակութային քարտեզը կարող է լրջագույն փոփոխությունների ենթարկվել: Եվ եթե արևմտյան գերտերությունների վարչակարգերը կարողացան անսասան մնալ տնտեսական խորագույն ճգնաժամերի պատճառով բռնկված սոցիալական ելույթների պայմաներում, ապա ազգային ինքնապաշտպանության հողի վրա մեծացող դժգոհությունները կարող են հանգեցնել ներեվրոպական քաղաքացիական պատերազմի: Նման պայմաններում արևմտյան գերտերություններին ոչինչ չէր մնում, քան կանգնեցնել փախստականների հոսքը Մերձավոր Արևելքում իրավիճակի փոփոխության միջոցով: Եվ հիմնականում այդ պատճառով Բրյուսելում և ավելի քիչ Վաշինգտոնում հանդուրժեցին ռուսական զորքերի մուտքը Սիրիա: Ավելին՝ Մոսկվայի ձեռքերը արձակելու համար արևմտյան դերակատարները լրջագույն զիջումների գնացին նաև Ուկրաինայի հարցում, հանդուրժելով երկրի հետագա ֆեդերալիզացումը, ինչին շուրջ երկու տարի ձգտում էր Ռուսաստանը:

Կրեմլը լրջագույն հաջողություններ ունեցավ նաև դիվանագիտական դաշտում: Հոկտեմբերի 30-ին Վիեննայում կայացած գագաթնաժողովում ընդունվեց Սիրիայի ապագայի մասին 19 երկրների միասնական հռչակագիր: Ըստ փաստաթղթի՝ Սիրիան մնալու է աշխարհիկ և միասնական, իսկ մինչև ազգային նոր իշխանությունների ձևավորումը անցումային կառավարության կազմում կլինի նաև Բաշար ալ Ասադը: «Իսլամական խալիֆայություն» կազմակերպությունը հայտարարվեց ահաբեկչական արդեն իսկ Մոսկվայի, Վաշինգտոնի, Լոնդոնի, Թեհրանի և գագաթնաժողովի մյուս մասնակիցների իրավահավասար ստորագրություններով: Փաստացի՝ հռչակագրով Ռուսաստանը Արևմուտքից Սիրիայում ռազմական գործողությունների «կանաչ լույս» ստացավ:

Ներկայումս պարզ է դառնում, որ թեև քաղաքական որոշումը կայացված է, բայց իրավիճակը դեռ երկար ժամանակ կմնա անփոփոխ: Սիրիայում տեղակայված է ավելի քան 4-հազարանոց ռուսական զինուժ, որը դեռ չի ստացել խաղաղապահի կարգավիճակ: Չի բացառվում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Մոսկվան կփորձի խաղաղապահ առաքելության մանդատն առաջին անգամ տրամադրել ՀԱՊԿ-ին, մանավանդ, որ Հայաստանում այս տարի ընթացած զորավարժանքների ժամանակ ՄԱԿ-ի և արտասահմանյան այլ դիտորդները փաստեցին կառույցի հավաքական խաղաղապահ ուժերի բարձր պատրաստվածությունը:

Քիչ նշանակություն չունի նաև Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դերակատարությունը հիմնահարցի շրջանակներում: Եթե Թեհրանի և Մոսկվայի դիրքորոշումները համահունչ են, յուրահատուկ են Անկարայի, Թել Ավիվի և Էր Ռիադի նկրտումները: Սաուդյան Արաբիան այդպես էլ չհասավ հակաիրանական դաշինք ստեղծելու իր գաղափարի իրականացմանը:

Իսրայելը, որը սկզբում հովանավորում էր իր ոխերիմ թշնամի Ասադների դեմ «իսլամականների» գործողությունները, ևս հայտնվեց աննախանձելի վիճակում: Ռուսաստանյան օդուժի հարվածներից փախչող գրոհայինների զգալի մասը հաստատվեց հարևան Հորդանանում և արդեն լրջահույն վտանգ դարձավ հրեական պետականության համար՝ Պաղեստինի հարցում որևէ լուրջ իրադարձությունների պարագայում: Այդ է պատճառը, որ Իսրայելը ստիպված եղավ սահմանափակվել միայն հակաիրանական հայտարարություններով՝ փաստացի հանդուրժելով Իրանի մասնակցությունը Սիրիական կարգավորման գործընթացում:

Այսպիսով՝ Սիրիայում իրավիճակը կարող է փոխվել միմիայն 2016 թվականին սպասվելիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այն ժամանակ միայն պարզ կդառնա, թե ովքեր են իրականում կանգնած «Իսլամական խալիֆայության» թիկունքին և ինչ նպատակներով:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Տարածաշրջան


11/11/2015