Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿԵՏԸ «ԱՂՈԹԱՐԱՆՆ» ԷՐ



Ռոբերտի հետ ծանոթացա ընկերոջս տղայի բանակ զորակոչվելու օրը: Քչախոս դուրս եկավ: Բայց հենց իմացավ, որ զինվորական եմ, անմիջապես ասես գլխիվայր փոխվեց, ինչպես ասում են՝ լեզուն բացվեց…

-Թեև տասը տարի է անցել իմ զորացրումից, սակայն բանակային կյանքի անցուդարձը մինչև հիմա թարմ է հիշողությանս մեջ,- ասաց ու շարունակեց:- Ամիս չկա, որ բանակային չորս ընկերներով` ես, Էդիկը, Արսենն ու Գագոն չհավաքվենք ու չվերհիշենք բանակային կյանքի անցուդարձը, զանազան պատմություններ, դրվագներ… Տասը տարի է անցել, բայց մինչև հիմա էլ այդ հիշողություններն իմ առօրյայի անբաժանելի մասն են կազմում:

Երբ զորակոչվեցի, կարելի է ասել, արդեն կազմակերպված ու գիտակից մարդ էի: Մինչև զորակոչվելս հիմնականում շփվում էի տարիքով ինձնից մեծ, արդեն ծառայած ու զորացրված տղաների հետ: Մի խոսքով, բանակում ծառայած տղաներն իմ աչքում բոլորից մի գլուխ բարձր էին երևում…

Ոգևորված պատմում էր Ռոբերտն, ու ես նրան չէի ընդհատում, որովհետև զգում էի, որ նա խոսում է իրեն շատ հարազատ թեմայից և թանկ հուշերից, նաև հասկանում էի, որ հանձին ինձ՝ զինվորականիս, նա գտել է նրան, ով ամենից լավ կհասկանա իրեն:

…Զորակոչվեցի ուսումնական զորամաս, ծառայեցի մոտոհրաձգային գումարտակում: Ուսումնական զորամասում ինձ շնորհվեց կրտսեր սերժանտի կոչում, և ես զորքեր ոտք դրեցի արդեն որպես կրտսեր հրամանատար: Հաջորդ մեկ ու կես տարին ծառայեցի մեր հարավային սահմանները պահպանող զորամասերից մեկում… Հիշում եմ առաջին անգամ «պոստ» բարձրանալս: Այնքան ձյուն էր եկել, որ ես այդքան ձյուն չէի տեսել կյանքում: Մեզ տեղափոխող մեքենան կես ճանապարհին «լռվեց», և մենք ուսապարկերով, զենք-զինամթերքով զինված, մնացած ճանապարհը ոտքով հաղթահարեցինք: Մինչև գոտկատեղերը հասնող ձյունը մի կողմից, ոսկորներդ թափանցող լեռնային ցրտաշունչ քամին՝ մյուս, գրեթե անհնարին էին դարձնում վերելքը: Բայց մենք բարձրացանք և կեսօրին արդեն դիրքերում էինք:

Ես շարունակում էի լսել նոր ընկերոջս, ու ինչպես ասում են, ձեռքի հետ էլ ուսումնասիրել նրան: Ամենից առաջ ինձ գրավում էր նրա անմիջականությունը. պատմում էր երեխայի ոգեշնչվածությամբ: Իմ գլխի ամեն հաստատական շարժում նրան ավելի էր ոգևորում: Եվ աշխատում էր ավելի անմոռաց հուշերով «սիրտը թեթևացնել»…

…Ի՜նչ ծառայություն էր: Զինվորական ծառայություն ասելով՝ ես իմ ծառայությունն եմ հասկանում, իմ ծառայությունն եմ հիշում` «Աղոթարանում»: Իսկ մեզ համար այն ժամանակ աշխարհի ամենաբարձր կետը «Աղոթարանն» էր… Հիշում եմ, այն «չարաճճիությունը», որ հենակետի տղաներով կատարեցինք Ամանորի գիշերը: Որոշեցինք խարույկ վառել և այդպես նշել Նոր տարին: Խարույկի գործը գլուխ բերեցինք մեզ մոտ եղած հնամաշ ավտոդողերից մեկը վառելով… Կրակը երկինք էր հասել՝ լուսավորելով շուրջբոլորը: Եվ դա մենք հենց այնպես չարեցինք: Դա մեծ խորհուրդ ուներ. նախ՝ որպեսզի մերոնք ներքևում տեսնեն, որ մենք կանգնած ենք, և իրենց լիարժեք ապահով զգան, և ապա՝ ադրբեջանցիները տեսնեն, որ իշխող բարձունքներում հայ զինվորն է կանգնած, և սսկված մնան…

Գեղեցիկ էր պատմում Ռոբերտը, շատ պատկերավոր… Ես որ նման շատ պատմություններ էի լսել, կլանված հետևում էի նրա խոսքին… Ինձ զարմացնում էր, որ նման առնական, ջլապինդ երիտասարդը այդպես նուրբ հոգի և դիտողականություն կարող է ունենալ, այդքան սիրել բանակն ու ապրել բանակային հուշերով: Թվում էր՝ պատմածը նրա կյանքի միակ ու լավագույն հուշերն են: Որքա՜ն էի սխալվել… Պարզվում է, որ Ռոբերտը բանակից զատ պատմելու շատ բան ուներ… Ես հետո, նրանից բաժանվելուց հետո միայն կիմանամ, որ զրուցակիցս կամ իմ նոր ընկերը՝ Ռոբերտ Մարտիրոսյանը, Հայաստանի չեմպիոն է ու սպորտի վարպետ, որ նա 2010 թվականից որպես մարզիչ աշխատում է մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականում, առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, որ նրա սաներից ութամյա Էդիկ Բաղդասարյանը դարձել է Հայաստանի պատանիների հաղթող՝ հաջողությունը կրկնելով նաև երկրորդ մեծահասակների կարգում, իսկ Արթուր Դավթյանը 2012 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ է՛լ ավելի բարձր նվաճում է արձանագրել՝ դառնալով երրորդ մրցանակակիր «նժույգ թափքերում», իսկ «հենացատկերում» նվաճելով ոսկե մեդալ: 2015 թվականին Վրաստանի Հանրապետությունում կայացած միջազգային մրցաշարում երիտասարդ մարզչի սաները` Օգսեն Քալաշյանն ու Հովհաննես Հակոբյանը, զուգափայտի և պտտաձողի վարժություններում գրավում են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը…

…Անկեղծորեն խոստովանեմ, որ այս ամենն իմանալուց հետո Ռոբերտը՝ որպես մարդ ու քաղաքացի շատ ավելի բարձրացավ իմ աչքին, և շատ ավելի արժևորվեցին նրա բանակային պատմությունները, որոնք նա պատմում էր այդպես անկեղծ ու ոգևորված…

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Ճակատագրեր


11/11/2015