ՄԵՐ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ
Մեր բանակի հզորությունը տեսնելու, հզորությանը համոզվելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել: Տեսել եմ մեր նորագույն ռազմական տեխնիկան, թե ինչպես են զինծառայողները կիրառում տարբեր զինատեսակներ: Տեսել ու զգացել եմ սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական բարձր ոգին, անկոտրում կամքը: Բայց երբեք այդքան վստահ չեմ եղել բանակի հզորության հարցում, այդքան պարզ չեմ գիտակցել ժողովրդի ու զինվորականի միասնականության ուժը, ինչպես բերդավանցի երկու գյուղացիների հետ հանդիպման օրը, երբ, ընդ որում, բանակի մասին ոչինչ չխոսվեց…
…Դիրքեր բարձրանալիս երկու նախրապանի հանդիպեցինք: Դեռ հեռվից նկատել էին մեր զինվորական մեքենան, կանգնել ու սպասում էին: Զինվորականներին այստեղ շատ են հարգում, անպայման ուզում են խոսք ու զրույցի բռնվել: Հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բադալյանի հետ էինք: Ներկայանում են՝ Անդո և Հենդո: Հարցուփորձ ենք անում գյուղի վիճակի, այս տարվա բերքի մասին: Անդո պապն ու Հենդո պապը խոսում են հին ու նոր ժամանակներից, գյուղացու չարքաշ կյանքից:
-Չենք դժգոհում, հանգիստ մեր գործն ենք անում: Ա՜յ էն ծառերը տեսնո՞ւմ եք, շատ լավ բերք են տալիս: Թշնամու դեմ դիմաց է, բայց, երբ պետք է, գնում եմ, խնձոր հավաքում: Կովերն էլ հաճախ անցնում են այդ կողմ, գնում եմ, ետ բերում: Թուրքը ինձ հո չի՞ կարող արգելել: Ես գյուղացի մարդ եմ, հողի բերք ու բարիքից պետք է օգտվեմ: Հողակտորս էլ ա՜յ էն կողմում է, մեր հենակետից անմիջապես հետո: Ինչ էլ լինի, ես իմ հողն եմ մշակում: Առանց հողի ապրել չի լինի: Ուզում ա՝ կրակեն, ուզում ա՝ չէ: Ես մեր զինվորների ցավը տանեմ:
Անդո պապը ցույց է տալիս իր հողամասը, իսկապես, հենակետի տարածքին շատ մոտ է: Քչերը կհանդգնեին այստեղ հող մշակել: Բայց նա մշակում է, քիչ հեռու նաև գյուղացիների կովերն է արածացնում: Սահման է, մի քանի րոպե հետո չգիտես, թե ինչ կարող է լինել: Բայց նրանց պետքն էլ չէ: Որովհետև սահմանին մեր զինվորներն են կանգնած, և հենց նրանց շնորհիվ է, որ գյուղացին այդքան վստահ ու համարձակ է, ամեն վայրկյան իր թիկունքին նրանց հզոր ու տաք շունչն է զգում:
Արդեն ուզում էինք հրաժեշտ տալ, երբ երկուսը միաբերան կարծես գոռացին՝ «Էս ո՞ւր, հեսա տղերքը գալիս են, հաց ու գինի են բերում, մի կտոր հաց կերեք, մի բաժակ խմեք մեր զինվորի կենացը, նոր գնացեք»: Մերժեցինք, շտապում էինք, բայց մինչև հիմա ափսոսում եմ, որովհետև դաշտի, նախրապանի հացը պետք է, որ շատ համով լինի:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ