Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՆ ԵՎ ՆՐԱ ՅՈԹ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ



Պաբլո Պիկասոն ծնվել է 1881 թվականին Իսպանիայի հարավում՝ Մալագայում: Հայրը՝ Խոսե Ռուիսը, գեղանկարիչ էր: Ընտանիքը տեղափոխվում է Բարսելոն, որտեղ Պաբլոն առանց դժվարության դառնում է տեղի գեղարվեստի դպրոցի սան: Սակայն, ինչպես ասում են, մեծ նավին մեծ նավարկություն է պետք: 1897թ.-ին մեկնում է Մադրիդ՝ Թագավորական ակադեմիայում սովորելու: Ի դեպ, առաջին իսկ օրից ակադեմիան հիասթափեցնում է ապագա հանճարեղ գեղանկարչին. նա ավելի շատ հաճախում էր Պրադո թանգարան, քան դասերի:

Կանայք և սերը մեծ տեղ են զբաղեցրել հանճարեղ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի կյանքում: Նրանք նկարչի շուրջ պտտվում էին, ինչպես թիթեռները՝ մոմի բոցի: Իսկ նրանցից յոթը հսկայական ազդեցություն են թողել Պիկասոյի և նրա ստեղծագործական կյանքի վրա: Մինչդեռ նկարիչը չի երջանկացրել նրանցից և ոչ մեկին: Նա ոչ միայն նրանց «հաշմում» էր իր կտավներում, այլև հասցնում հուսահատության, խելագարության, ինքնասպանության դուռը:

Ֆերնանդա Օլիվիեն Պիկասոյի «Պառկած մերկ կինը» կտավում (1906 թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ՖԵՐՆԱՆԴԱ ՕԼԻՎԻԵ

1900թ.-ին փախչելով մտերիմ ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանության տխուր մտքերից, Պիկասոն հայտնվում է Փարիզում և իր նման աղքատ նկարիչների հետ սենյակ է վարձում Ռավինյան հրապարակի խարխուլ ու հին շենքերից մեկում: Հենց այստեղ էլ Պիկասոն հանդիպում է Ֆերնանդա Օլիվիեին կամ «Չքնաղ Ֆերնանդային»: Այդ երիտասարդ, մութ անցյալով (տնից փախել էր մի քանդակագործի հետ, որը հետագայում խելագարվում է) և բավականին խախուտ ներկայով կինը բնորդուհի էր), մի քանի տարով դարձավ Պիկասոյի սիրուհին ու ստեղծագործական ոգևորության աղբյուրը: Նրա հայտնվելով՝ ավարտվում է Վարպետի, այսպես ասած, «երկնագույն» շրջանը (աղջամուղջային պատկերներ կապտականաչավուն տոներով), և սկսվում է տաք, մերկ մարմիններով հիանալու՝ «վարդագույն» շրջանը:
Կուբիզմը Պաբլո Պիկասոյին մեծ հռչակ է բերում: 1910թ.-ին նրանք արդեն տեղափոխվում են ավելի մեծ բնակարան, սակայն նրանց սիրավեպը մոտենում էր վախճանին: Պիկասոն ուրիշ կնոջ էր հանդիպել՝ Մարսել Ումբերին, որին Եվա էր անվանում: Ֆերնանդայից բաժանվում է բարեկամաբար՝ առանց աղմուկ-աղաղակի, փոխադարձ վիրավորանքների ու կշտամբանքների:

Մարսել Ումբերը Պիկասոյի «Վերնաշապիկով կինը՝ բազմոցին պառկած» կտավում (1913թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ՄԱՐՍԵԼ ՈՒՄԲԵՐ (ԵՎԱ)

Մարսել Ումբերի մասին քիչ բան է հայտնի, քանի որ նա վաղ է հեռացել կյանքից: Անվիճելի է նրա հսկայական ազդեցությունը Պիկասոյի ստեղծագործությունների վրա: Եվան պատկերված է «Իմ գեղեցկուհին» (1911 թ.) կտավում, ինչպես նաև «Ես սիրում եմ Եվային» գեղանկարների շարքում, որտեղ անհնարին է չնկատել այդ կնոջ փխրուն, համարյա թափանցիկ գեղեցկությունը:
Պիկասոյի՝ Եվայի հետ հարաբերությունների շրջանի կտավները աչքի են ընկնում յուրահատուկ կառուցվածքով, հյութեղ գույներով: Այս ամենը շատ կարճ է տևում. Եվան մահանում է 1915 թվականին: Պիկասոն չի կարողանում այլեւս ապրել այն տան մեջ, որտեղ նրա հետ էր ապրում: Նկարիչը մեկուսանում է մարդկանցից և համարյա մենակյացի կյանք վարում:

Օլգա Խոխլովան Պիկասոյի «Մորթե օձիքով կնոջ դիմանկարը» աշխատանքում (1923թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ՕԼԳԱ ԽՈԽԼՈՎԱ

Եվայի մահվանից որոշ ժամանակ անց Պիկասոն մտերիմ, բարեկամական կապեր է հաստատում գրող, նկարիչ Ժան Կոկտոյի հետ: Հենց նա է Պիկասոյին հրավիրում մասնակցելու Դյագիլևի «Շքերթ» բալետի բեմանկարների ստեղծման աշխատանքներին: 1917 թվականին Պիկասոն թատերախմբի հետ մեկնում է Հռոմ, որտեղ էլ ծանոթանում է բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ (Պիկասոն նրան Կոկլովա էր ասում): Չլինելով բարձրակարգ պարուհի, արդեն 27-ամյա Խոխլովան հեշտությամբ է թողնում բեմը՝ հանուն Պիկասոյի: 1918 թվականին նրանք ամուսնանում են: Խոխլովան փորձում է Պիկասոյին դարձնել սալոնային նկարիչ և օրինակելի ամուսին: Նա չէր հասկանում և չէր ընդունում կուբիզմը: Ուստի, Պիկասոն ստիպված է լինում հեռանալ ստեղծագործելու կուբիստական ոճից:
1921 թվականին ծնվում է նրանց որդին՝ Պաոլոն: Հայրական բնազդը քառասնամյա Պիկասոյին մղում է անընդհատ ու անվերջ կտավին հանձնելու կնոջն ու որդուն: Եվ, սակայն, որդու լույս աշխարհ գալն այլևս ի զորու չէր ամրացնելու նրանց ամուսնական կապերը: Նրանք գնալով ավելի էին միմյանցից հեռանում: Օլգան չի կարողանում «սանձել» Պիկասոյին: Նա իր կյանքի մնացած մասն անցկացնում է միայնության մեջ՝ տանջվելով խանդից, տառապելով ընկճախտից, սակայն այդպես էլ չի ուզում և չի հրաժարվում Պիկասոյի օրինական կնոջ կարգավիճակից:

Մարի-Թերեզ Վալտերը Պիկասոյի «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» կտավում (1932 թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ՄԱՐԻ-ԹԵՐԵԶ ՎԱԼՏԵՐ

1927 թվականին Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վալտերին: Պիկասոյի առաջարկը՝ բնորդել իրեն, աղջիկը չի մերժում, թեև Պիկասոյի անունը բոլորովին չէր լսել: Ընդամենը երեք օր անց Մարի-Թերեզը դառնում է նկարչի սիրուհին: Թեև Պիկասոն առանձնապես չէր բարձրաձայնում իր և անչափահաս սիրուհու հարաբերությունները, սակայն կտավները մատնում էին նրան: Պիկասոյի այդ շրջանի ամենից հայտնի՝ «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» աշխատանքը արվեստի պատմության մեջ մտավ որպես 100 միլիոն դոլարից բարձր վաճառված առաջին կտավը:
1935 թվականին ծնվում է նրանց դուստրը՝ Մայան: Պիկասոն փորձում էր ապահարզան ստանալ կնոջից, որպեսզի ամուսնանա Մարի-Թերեզի հետ, սակայն ապարդյուն: Պիկասոյի և Մարի-Թերեզի հարաբերություններն ավելի երկար են տևում, քան նրանց սիրային կապը: Անգամ բաժանվելուց հետո Պիկասոն նյութապես օգնում էր նրան ու դստերը: Իսկ Մարի-Թերեզը շարունակում էր հուսալ, որ մի օր Պիկասոն՝ նրա միակ և ամբողջ կյանքի սերը, կամուսնանա իր հետ: Նրա սպասելիքը այդպես էլ չի իրականանում: Նկարչի մահից մի քանի տարի անց Մարի-Թերեզը ինքնասպան է լինում՝ կախվելով սեփական տան ավտոտնակում:

Դորա Մառը Պիկասոյի «Լացող կինը» կտավում (1937թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ԴՈՐԱ ՄԱՌ

1936 թվականը Պիկասոյի համար նշանավորվեց փարիզյան բարձրաշխարհիկ մի կնոջ, լուսանկարիչ Դորա Մառի հետ ծանոթությամբ: Ծանոթությունը տեղի ունեցավ սրճարանում, որտեղ սև ձեռնոցներով աղջիկը դաշույնի ծայրով հարվածում էր ձեռքի մատների արանքներին: Աղջիկը վիրավորում է ձեռքը: Պիկասոն նրանից խնդրում է արյունոտված ձեռնոցն ու պահում ամբողջ կյանքում: Այսպես, ցավով ու արյունով է սկսվում նրանց սադոմազոխիստական հարաբերությունը: Հետո նա կասի, որ Դորան նրա հիշողության մեջ մնացել է որպես «լացող կին»: Նկարիչն այն կարծիքին էր, որ արցունքը շատ էր սազում նրան ու նրա դեմքը չափազանց արտահայտիչ էր դարձնում: Դորայի հանդեպ Պիկասոյի վերաբերմունքը երբեմն ավելի քան տարօրինակ դրսևորումներ էր ստանում: Այսպես, մի անգամ Դորան արցունքոտ աչքերով գալիս է Պիկասոյի մոտ և հայտնում մոր մահվան մասին: Պիկասոն նրա խոսքը կիսատ թողնելով՝ նստեցնում է մոլբերտի առջև և սկսում նկարել:
Պիկասոյի և Դորայի հարաբերությունների ընթացքում ֆաշիստների կողմից ռմբակոծվում է Գենրիկան՝ Բասկոնիայի մշակութային մայրաքաղաքը: 1937 թվականին ստեղծվում է ֆաշիզմը դատապարտող «Գենրիկա» վեհակերտ կտավը (3×8 մ): Փորձառու լուսանկարիչ Դորան վավերացնում է գեղանկարի ստեղծման զանազան փուլերը, իհարկե, միաժամանակ նաև վարպետին:
1940 թվականին ախտահարվում է «նրբազգաց ու քնքուշ» Դորայի նյարդային համակարգը: Վախենալով նյարդային պոռթկումից կամ ինքնասպանությունից՝ Պիկասոն Դորային տեղափոխում է հոգեբուժարան:

Ֆրանսուազա Ժիլոն Պիկասոյի «Կին-ծաղիկը» կտավում (1946 թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ՖՐԱՆՍՈՒԱԶԱ ԺԻԼՈ

1940 թվականների սկզբին Պաբլո Պիկասոն ծանոթանում է նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի հետ: Ի տարբերություն Պիկասոյի մյուս կանանց, նրան հաջողվում է երեք երկար տարի «խոր պաշտպանության» անցնել, ինչին հաջորդում է տասնամյա մի սիրավեպ՝ երկու երեխա և պարզ – հասարակ, մարդկային ուրախություններով լեցուն կյանք ծովեզերքին:
Պիկասոն Ֆրանսուազային իր սիրուհին և իր երկու երեխաների մայրը լինելուց բացի ուրիշ բան չէր կարող առաջարկել: Իսկ Ֆրանսուազային ավելին էր պետք՝ ինքնադրսևորում արվեստում: 1953 թվականին նա վերցնում է երեխաներին ու Փարիզ մեկնում: Շուտով նա հրատարակում է «Իմ կյանքը Պիկասոյի հետ» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվում է «Ապրել Պիկասոյի հետ» կինոնկարը:
Այսպիսով՝ Ֆրանսուազա Ժիլոն դառնում է առաջին ու միակ կինը, որին Պաբլո Պիկասոն չի ոչնչացնում ու այրում:

Ժաքլին Ռոկը Պաբլո Պիկասոյի «Մերկ Ժաքլինը՝ թուրքական գլխաշորով» կտավը (1955թ.):

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ ԵՎ ԺԱՔԼԻՆ ՌՈԿ

Ֆրանսուազայի հեռանալուց հետո 70-ամյա Պիկասոյի կյանքում հայտնվում է նրա նոր և վերջին սիրուհին, մուսան՝ Ժաքլին Ռոկը: Նրանք ամուսնանում են միայն 1961 թվականին: Պիկասոն 80 տարեկան էր, իսկ Ժաքլինը՝ 34: Ապրում էին աղմուկից հեռու՝ ֆրանսիական Մուժեն գյուղում: Ասում էին, իբր Ժաքլինն էր խուսափում այցելուներից: Անգամ երեխաներին տան շեմքից ներս չէին թողնում: ժաքլինը Պիասոյին պաշտում էր աստծո նման և իրենց տունը վերածել էր անձնական տաճարի:
Ժաքլին Ռոկը հենց այն ոգեշնչումն էր, որ Պիկասոյին չէր բավականացնում նախորդ սիրավեպի ժամանակ: Ժաքլինի հետ ապրած 20 տարիներից 17-ում Պիկասոն նրանից զատ ուրիշ ոչ մի կնոջ չնկարեց: Նրա վերջին գեղանկարներից յուրաքանչյուրը արվեստի եզակի գլուխգործոց է: Եվ ակնհայտ է, որ Պիկասոյի հանճարը խթանել է հենց երիտասարդ կինը: Նա էլ հենց Պաբլո Պիկասոյի կյանքի վերջին տարիները շրջապատել է ջերմությամբ և անձնվեր հոգատարությամբ:
Պիկասոն մահացել է 1973 թվականին՝ Ժաքլին Ռոկի ձեռքերում: Վարպետի գերեզմանին որպես հուշարձան տեղադրվել է նրա «Սկիհով կինը» քանդակը:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Հոգևոր-մշակութային


12/11/2015