ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՆԱԵՎ ՄԱՐԶԻԿ Է
Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ընդհանուր խնդիրները լուծելու համար դեռեւս 1996 թվականին պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի հրամանով համակարգի ներսում ստեղծվեց ֆիզիկական պատրաստության բաժինը, որը բաղկացած էր ֆիզիկական պատրաստության, սպորտի եւ մարզական աշխատանքների, նյութատեխնիկական բաժանմունքներից եւ գործավարությունից: 2014 թվականի վերահայտավորումից հետո այն վերանվանվեց որպես ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժին: Կազմավորման օրվանից բաժնի ղեկավարումը իրականացնում էր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, իսկ ներկայումս այն ղեկավարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
«Հայ զինվորի» հյուրասրահում ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետ, գնդապետ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է
-Պարոն գնդապետ, ֆիզիկական պատրաստությունը ԶՈՒ առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրներից է: Խնդրում եմ՝ նշեք ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի հիմնական խնդիրներն ու նպատակները:
-Ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի հիմնական նպատակը զինծառայողների ֆիզպատրաստության մակարդակի բարձրացումն ու առողջության ամրապնդումն է, ինչը իրականացվում է պլանային պարապմունքների, սպորտ-մասսայական միջոցառումների և ընթացիկ պարապմունքների միջոցով, ինչպես նաև՝ հանրապետական և միջազգային մրցասպարեզներում զինված ուժերը հավուր պատշաճի ներկայացնելը, ԲԿՄԱ-ի աշխատանքների ղեկավարումն ու հսկումը, զորքերում ֆիզիկական պատրաստության միջոցառումների կազմակերպման նկատմամբ հսկողության իրականացումը:
Խնդիրներից նշեմ զորամասերի հրամանատարների հետ համատեղ ֆիզպատրաստության նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու կատարելագործումը, ֆիզիկական պատրաստության կանոնակարգի և մեթոդական ձեռնարկների մշակումը, զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ֆիզիկական պատրաստության պետերի մասնագիտական գիտելիքները բարձրացնելու նպատակով հավաքների կազմակերպումը: Հարկ եմ համարում նշել, որ զորամասերում նյութատեխնիկական բազայի ստեղծման համար բաժինը զորամասերին ապահովում է համապատասխան մարզագույքով, որոնք մշտապես թարմացվում են, ինչպես եւ՝ շինանյութով, մարզական կառույցների նախագծման գծագրերով ու համապատասխան գրականությամբ:
-Խնդիրներից նշեցիք նաև ֆիզիկական պատրաստության կանոնակարգի և մեթոդական ձեռնարկների մշակման անհրաժեշտությունը…
-Այսօր մեր զինված ուժերն ունեն ֆիզիկական պատրաստության գործուն կանոնակարգ և լիարժեքորեն ապահովված են անհրաժեշտ մեթոդական ձեռնարկներով: Բաժնի կողմից ֆիզիկական պատրաստության պետերի և ստորաբաժանումների հրամանատարների համար հրատարակվել են «Օգնություն ֆիզպատրաստության պարապմունքի ղեկավարին», «Ձեռնամարտ», «Ֆիզպատրաստության և սպորտի պետերին» և «ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստություն» մեթոդական ձեռնարկները: Մոտ ժամանակներս տպագրության կհանձնվեն նաև «ՀՀ զինված ուժերում մարզական խաղերից, ռազմամարզական և մենապայքարային մարզաձևերից մրցումների կազմակերպումը» և «Վնասվածքների կանխարգելումը» ձեռնարկները:
– Բանակում գործո՞ւմ է մարզիկ զինծառայողներին սպորտային կարգ շնորհելու համակարգը:
– 2014 թվականին մեր կողմից մշակվեց ռազմամարզական դասակարգման մարզիկ զինծառայողներին և մրցավարներին կարգեր շնորհելու համակարգը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ազգային ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունքում ՊՆ մասնագետները կմասնակցեն տարբեր մրցավարական սեմինարների և համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու դեպքում կստանան մրցավարական կարգեր, ինչը կնպաստի մարզական միջոցառումների որակյալ անցկացմանը: Ի դեպ, մարզիկ զինծառայողներին սպորտային կարգ շնորհելու համակարգը գործածության մեջ դնելով՝ կտրուկ բարձրացել է զինծառայողների ձգտումը դեպի ֆիզիկական պատրաստությունը, սպորտը:
-Պարոն գնդապետ, զրույցի վերջում կխնդրեի՝ համառոտ ներկայացնել հատկապես վերջին երկու-երեք տարիներին միջազգային մրցումներում զինծառայող մարզիկների ունեցած հաջողությունները:
-Միջազգային ռազմամարզական ոլորտում ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը մասնակցում են ինչպես ԱՊՀ պետությունների, այնպես էլ միջազգային ռազմամարզական խորհրդի երկրների զինված ուժերի սպարտակիադաներին, առանձին մարզաձևերից առաջնություններին և միշտ էլ փայլուն արդյունքներ ապահովում: 2013 թվականին մեր ըմբշամարտի հավաքականը մասնակցելով ԻԻՀ կայացած զինվորականների 28-րդ առաջնությանը՝ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում նվաճել է մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում գրավելով 4-րդ տեղը, իսկ ազատ ոճայինները՝ մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ` թիմային հաշվարկում գրավելով 6-րդ տեղը: Միջազգային ռազմամարզական խորհրդի՝ ԱՄՆ-ում կազմակերպված զինվորականների աշխարհի 29-րդ առաջնությանը ըմբշամարտի մեր ընտրանին 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալներով թիմային հաշվարկում գրավեց 3-րդ պատվավոր տեղը: Ոսկե մեդալների՝ 66 կգ ու 74 կգ քաշային կարգերում, համապատասխանաբար արժանացան Գևորգ Սահակյանն ու Կարապետ Չալյանը, իսկ միակ արծաթն էլ մեր թիմին պարգևեց Նարեկ Սանոյանը:
2015 թվականի հուլիս ամսին ՀՀ ՊՆ հավաքականը մասնակցեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ռազմամարզական խաղերին և նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ: Ի դեպ, այս մրցմանը մեր երկրի ԶՈՒ հավաքականը ներկայացավ միայն երեք մարզաձևից:
ՀՀ ՊՆ հավաքականը 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 12-ը Հարավային Կորեայում մասնակցեց 6-րդ Զինվորական համաշխարհային խաղերին, որն անցկացվում է չորս տարին մեկ և հանդիսանում է ռազմամարզական ամենախոշոր միջոցառումը, եւ նվաճեց մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ` 110 երկրների մեջ գրավելով 48-րդ տեղը: Առաջին հայացքից արդյունքները գոհացուցիչ չեն, սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հավաքականը մասնակցել է 13 մարզիկով, իսկ մրցանակային տեղեր գրաված երկրները` 400, ամեն ինչ իր տեղը կընկնի: Միայն մեր Կարեն Ասլանյանի քաշային կարգում մասնակցում էին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ե՛ւ ոսկե, ե՛ւ արծաթե ու բրոնզե մեդալակիրները, ինչպես նաև Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնը:
2013-2014 թթ. ՀՀ ԶՈՒ Երևանում կազմակերպեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ըմբշամարտի և ձյուդոյի առաջնությունները, եւ մեր թիմերը թիմային հաշվարկում դարձան առաջնության հաղթողներ:
Հարցազրույցը Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ