Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ



108 դպրոցը, որտեղ պետք է հանդիպեի զինղեկ, գնդապետ Նիկոլայ Ավանեսյանին, Երևանի արվարձանային Սիլիկյան թաղամասում է: Երբ մեքենան մոտեցավ, նկատեցի կոկիկ, բարեկարգ դպրոցի շենքը: Բակում ինձ դիմավորեց բարեհամբույր դեմքով և զինվորական համազգեստով, ձիգ ու պատկառանք ներշնչող զինվորականը: Շենքը ներսից էլ բարեկարգ էր ու գեղեցիկ: Մինչև դասն սկսվելը մի քանի րոպե կա, և զինղեկն ինձ ուղեկցում է ՆԶՊ դասասենյակ: Ընդարձակ, լուսավոր սենյակի բոլոր անկյուններն ու պատերը կարծես խոսում են՝ ցուցապաստառներով և դիդակտիկ բոլոր անհրաժեշտ նյութերով: Սենյակի անկյուններում և պատուհանագոգերում փթթում են ծաղիկները: Մի անկյունում էլ «կանգնած» է հակագազով և դաշտային զինվորական համազգեստով մանեկենը: Իսկ զինղեկ Ավանեսյանը այնպիսի ոգևորությամբ է սկսում ներկայացնել իր «տնտեսությունը», որ ինձ ակամա զգում եմ նրա աշակերտներից մեկը: «Ահա, նայե՛ք, այստեղ էլ մեր զենքի պահոցն է»,- նրա հպարտությունն ակներև է: Փոքրիկ սենյակի պատերի յուրաքանչյուր թիզ մաքուր է, կոկիկ և ճաշակով է օգտագործված: Թվում է՝ մտել ես թանգարան, որը հենց նոր մանրազնին ստուգման է ենթարկվել: Բացում է ճաղավանդակը և անթաքույց հպարտությամբ հատ-հատ ներկայացնում պահվող զենքերը:

Թեև օրը կիրակի է, բայց դասասենյակում աշակերտները կազմ ու պատրաստ սպասում են զինղեկին: Շաբաթ-կիրակի օրերին այստեղ անցկացվում են Պատանի երկրապահ կամավորականների խմբակի դասընթացները: Հետևում եմ գնդապետ Ավանեսյանի խոսքին. թեև հրահանգները խիստ են, հատու, բայց զգացվում է՝ աշակերտները սիրում են իրենց ուսուցչին: Գնդապետը միջանցքում շարում է իր «զորքը», հրամանները կատարվում են արագ, աչք շոյող ճշգրտությամբ: Երբ դասն ավարտվում է, արդեն հաճույքով զրուցում եմ նրա հետ:

Ծնունդով ԼՂՀ Շահումյանի շրջանից է: Պատերազմի տարիներին եղել է Շահեն Մեղրյանի՝ սպառազինության գծով տեղակալը: Պատերազմի ավարտից հետո ծառայել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության ավագ սպայի պաշտոնում, իսկ 1996 թվականին տեղափոխվել ԶՈՒ գլխավոր շտաբ՝ զորքերի ծառայության ռեժիմի վարչություն, զբաղեցնելով բաժանմունքի պետի պաշտոնը:

-Հեշտ չէ ավարտական դասարանների աշակերտների հետ աշխատելը: Ինչպե՞ս զորացրվելուց հետո որոշեցիք խաղաղ կյանքը փոխարինել զինղեկի պատասխանատու և լարված աշխատանքով:

-2001 թվականին զորացրվելուց հետո ինձ առաջարկեցին դպրոցում նախնական զինվորական պատրաստություն առարկան դասավանդել, ու ես մեծ սիրով համաձայնեցի: Քանի որ ծառայել եմ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում, իմ կապը դպրոցի հետ մշտապես եղել է: Հիմնականում այցելել եմ սահմանամերձ գոտիների դպրոցները, օրինակ՝ Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Պառավաքար գյուղեր: Զորամասային զինվորների, դպրոցների աշակերտների հետ շփումների ընթացքում տեսել եմ առկա խնդիրները, որոշ դեպքերում օգնել դրանց լուծմանը: Դե, իհարկե, զինղեկի աշխատանքը հեշտ չէ, ինչպես ցանկացած աշխատանք, որին պատասխանատվությամբ ես մոտենում: Մեր դպրոցի շրջանավարտ երիտասարդը այնուհետև ծառայելու է ԶՈՒ-երում և ոչ միայն որպես շարքային զինվոր: Ես շատ շնորհակալ եմ իմ այն աշակերտներից, որոնք դիմում են ռազմական ուսումնարաններ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ և արտերկրի ռազմական հաստատություններ: Այս պահին երեք շրջանավարտ ունեմ, որոնք սովորում են մեր ռուհերում: Կավարտեն և ծառայության կնշանակվեն զորքերում: Շատ զգացված եմ, որ նրանք չեն մոռանում և անընդհատ կապի մեջ են ինձ հետ…

-Պաշտպանության նախարարի որոշմամբ՝ Ձեզ թույլ է տրվել դասավանդելու միաժամանակ երկու դպրոցներում: Սա աննախադեպ երևույթ է:

-Արդեն աշխատում էի 108 դպրոցում, երբ ինձ հրավիրեց նաև թիվ 60 դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանը: Կարգապահության առումով այստեղ բարձիթողի վիճակ էր: Աշակերտները մատների արանքով էին նայում ՆԶՊ առարկային:

Ազատ ելումուտ էին անում, դասի ժամանակ հեռախոսազրույցներ ունենում: Մի խոսքով, կարգապահությունը շատ ցածր մակարդակի վրա էր, ՆԶՊ դասընթացների մասին խոսելն էլ ավելորդ էր: Եղավ պաշտպանության նախարարի հրամանը, թույլտվություն ստացա միաժամանակ երկու դպրոցում աշխատելու: Աշխատանքի անցա, և կարճ ժամանակում հաջողվեց արմատախիլ անել տարիների ընթացքում ձևավորված արատավոր բարքերը: Մինչ օրս աշխատում եմ այս դպրոցում և հպարտանում եմ սաներովս…

-Ճի՞շտ է, որ տնօրենի խնդրանքով երբեմն Ձեր մեքենան կանգնեցնում եք դպրոցի բակում, անգամ, եթե ինքներդ այնտեղ չեք լինում:

-Այո՛,- պատասխանում է ժպտալով,- գիտեք, սա կարմիր լույսի ազդանշանի նման է. զգաստացնում է դպրոցի աշակերտներին:

-Պարոն Ավանեսյան, Դուք երկու տարի անընդմեջ ճանաչվել եք մեր հանրապետության լավագույն զինղեկը: Պատմեք, խնդրում եմ, այդ մրցույթի մասին:

-Կրթության և գիտության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների և մշակույթի նախարարների, ոստիկանապետի և նախարարի կողմից համատեղ հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր տարի մրցութային կարգով որոշվում է տարվա լավագույն զինղեկը: Հաշվի են առնվում բազմաթիվ չափորոշիչներ. կենսագրական տվյալներից սկսած՝ մինչև տարվա ընթացքում այլ մրցույթներում գրաված տեղերը, տվյալ կրթահամալիրից բուհեր և ռուհեր ընդունվածների թիվը և այլն: Դասալսումներ են անցկացվում, ստուգվում են սաների զինվորական պատրաստվածության մակարդակը, դասասենյակի համալրվածությունը և այլն: Հիմք ընդունելով վերոհիշյալ բոլոր ցուցանիշները՝ ինձ երկու տարի անընդմեջ (2013 և 2014թթ.) ՀՀ լավագույն զինվորական ղեկավար ճանաչեցին: Բացի այս, գնահատելով տարիների աշխատանքս, պաշտպանության նախարարի հրամանով ինձ շնորհվեց պահեստազորի գնդապետի կոչում, որի համար շատ շնորհակալ եմ:

-Գիտեմ, որ հաճախ շնորհակալական նամակներ եք ստանում զորամասերից: Ի՞նչ զգացողություններ եք ունենում:

-Այո՛, ստանում եմ և անասելի հպարտություն եմ ապրում իմ սաների համար: Պաշտպանության նախարարությանը ենթակա զորամասերից ինձ հեռախոսազանգով են շնորհակալություն հայտնում: Իսկ, օրինակ՝ Մովսես Հակոբյանից, երբ նա դեռ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարն էր, ստանում էի գրավոր շնորհակալագրեր, հավաստագրեր. դրանցից մի ամբողջ տրցակ ունեմ, խնամքով պահում եմ: Այո՛, իմ սաներից շատերն են կամավոր ընտրել ԼՂՀ-ում ծառայությունը… Սա շատ կարևոր է ինձ համար. դրանով ապրում եմ:

– Ինչպե՞ս եք կարողանում աշակերտների հետ շփվելիս պահպանել խստության և մտերմության ճիշտ հարաբերակցությունը:

-Ասեմ, որ միշտ էլ եղել եմ շատ խիստ: Իսկ եթե խիստ չեղար, եթե ատամներդ հաշվեցին… դու՝ որպես զինվորական ղեկավար, անելիք չունես: Ես պատժելու իմ միջոցներն ունեմ… (ժպտում է): Շատ հարցերում էլ իհարկե հումորն է օգնության գալիս: Մի հաջող կատակով կարելի է թե՛ լարվածությունը լիցքաթափել, թե՛ աշխուժացնել լսարանդ: Իհարկե՝ որպես զինվորական ղեկավար, խիստ եմ, բայց դրանով հանդերձ սիրում եմ բոլորին, և իրենք, կարծում եմ, դա զգում են:

-Ինչպե՞ս կգնահատեք ՆԶՊ գործող ծրագիրը: Արդյոք լիովին համապատասխանո՞ւմ է առարկային ներկայացվող պահանջներին:

-Ծրագիրը լավն է, գրեթե իդեալական: Բայց, այդուհանդերձ, կնշեմ որոշ բացթողումներ, որ նկատել եմ իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում: Համաձայն ծրագրի՝ մենք պետք է շատ կանգ առնենք կրակայինի, շարայինի և մարտավարության վրա: Սակայն, իմ կարծիքով, այս դասաժամերից մի քանիսի ժամաքանակները բավարար չեն անհրաժեշտ հմտությունները ձևավորելու համար: Օրինակ՝ շարային կանոնադրությանը հատկացված է երեք ժամ: Կրթության ազգային ինստիտուտում ես առաջարկությամբ հանդես եկա, որ հատկացվի 6 ժամ: Բացի այդ, ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրում ներառված է «Ռազմարվեստի պատմությունը», որից շատ թեմաներ պատմության դասաժամերին այսպես թե այնպես անցնում են: Կարծում եմ, որ սրա փոխարեն կարելի էր լուծել իմ նշած ժամաքանակների հարցը:

-Բացի ծրագրի հետ կապված խնդիրներից, էլ ի՞նչ խնդիրներ կնշեք:

-Շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր հանրապետության բոլոր դպրոցները շուտափույթ ապահովվեն ուսումնական զենքով: Այս պահին երկու դպրոց գիտեմ, որտեղ աշակերտները զրկված են զենքին անմիջականորեն ծանոթանալու հնարավորությունից: Ինչպե՞ս են անցկացվում այստեղ ՆԶՊ դասաժամերը, եթե զենք չկա, փամփուշտներ չունեն… Իսկ իմ սաներն, օրինակ, անհամբեր սպասում են, թե երբ պիտի կրակայինի ժամը լինի, որ քանդեն, հավաքեն զենքը, պահեստատուփը լիցքավորեն: Զինվորական նորմացույցի պահանջներից էլ գրեթե կրկնակի արագ են կատարում այս գործողությունները:

Մեկ այլ կարևոր խնդրի մասին էլ կուզենայի խոսել: Դպրոց-բանակ հարաբերությունների զարգացման շրջանակներում մենք այցեր ենք կազմակերպում զորամասեր: Սակայն ունենք աշակերտներ, որ վճարունակ չեն: Պաշտպանության կամ կրթության և գիտության նախարարությունների կողմից շատ մեծ օժանդակություն կլիներ, եթե համապատասխան վարչությունները այս առիթների համար ավտոբուսներ տրամադրեին:

♦♦♦

Գնդապետ Նիկոլայ Ավանեսյանից բաժանվելիս ակամա փորձում եմ վերհիշել իմ դպրոցի զինվորական ղեկավարին: Բայց, ավաղ, ո՛չ նրա անունն եմ կարողանում մտաբերել, ո՛չ էլ դասաժամերի հետ կապված որևէ հիշարժան դեպք: Միաժամանակ մտածում եմ, թե որքան կհեշտանար մեր զորամասային սպաների աշխատանքը, եթե բանակ զորակոչվող բոլոր նորակոչիկները ունենային պատրաստվածության նույն բարձր աստիճանը, ինչպես Նիկոլայ Ավանեսյանի սաները: Իսկ մինչև այդ, եկող ամիս կամփոփվեն «Հանրապետության լավագույն ՆԶՊ առարկայի ուսուցիչ» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա էլ կընտրվի 2015 թվականի լավագույն զինղեկը: Եվ թեպետ Նիկոլայ Ավանեսյանի համար երրորդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվելը պատվախնդրության հարց է, այդուհանդերձ, կցանկանայի, որ այս տարվա մրցույթում նրա կողքին շատ արժանավոր մրցակիցներ լինեին, չէ՞ որ դրանից կշահեն թե՛ բանակը, թե՛ դպրոցը և թե՛ մեր հասարակությունը:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/11/2015