Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ



ՀՀ վետերանների միավորման խորհրդում միջոցառում էր՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում հայտնված անչափահաս գերիներին: ՀՀ վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը իր զեկուցման մեջ նշեց, որ Մեծ Հայրենականի տարիներին բռնազավթված Եվրոպայի համակենտրոնացման ճամբարներում մոտ հինգ միլիոն երեխա է եղել, որոնցից մոտ երկու միլիոնը զոհվել է: Եվրոպական ճամբարների գերիների մեջ նաեւ հայ երեխաներ են եղել:

Մեծ Հայրենականի անչափահաս հայ գերիներից, որ Խորհրդային տարիներին 50 հոգի էին, այսօր ողջ են 19-ը: Միջոցառմանը ներկա էին 13-ը: Նրանք պատմեցին, վերհիշեցին իրենց կյանքից դառը, տխուր ու ցավալի դրվագներ:

ԱՆՆԱ ՄԱԶՄԱՆՅԱՆ. «Հայրս թաղված է Գերմանիայում, մայրս` Հայաստանում: Ծնվել եմ Կրասնոդարում, 1942թ.: Ինձ ծնողներիս հետ 1943թ. տարել են Գերմանիա: Ես փոքր եմ եղել, ոչինչ չեմ հիշում, այն, ինչ պատմում եմ, մայրիկիս պատմածներով է: Հետո ազատվեցինք, եկանք հայրենիք, ուր մեզ նոր փորձություն էր սպասվում.1950 թվին մեր ընտանիքն աքսորեցին Սիբիր»:

ԱՆԳԵԼԻՆԱ ՍՐԱՊՅԱՆ. «Ծնվել եմ Կիրովականում, 1931թ.: Ընտանիքով 1940թ. օգոստոսին գնացել էինք հորս ազգականների մոտ, որոնք ապրում էին Ռուսաստանի Նովոռոսիյսկի շրջանում: Պատերազմի առաջին իսկ ամիսներին մեր ընտանիքը գերի ընկավ: Մեզ տարան Գերմանիա: Հայրս զոհվեց Նովոռոսիյսկի պաշտպանության ժամանակ: Հետո մեր բանակը հաղթեց, մենք էլ ազատվեցինք գերությունից: 1945թ. սեպտեմբերին Թամանյան դիվիզիայի զորքի հետ գնացքով վերադարձանք հայրենիք»:

ՆԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ. «Ես 13 տարեկան էի, երբ 1943թ. մեր ընտանիքը Կերչից տարան Գերմանիա: Չեմ կարող նկարագրել, թե ինչ դաժան օրեր ապրեցինք, ինչեր տեսանք՝ սով, համաճարակ: Մեզ աշխատեցնում էին դաժանորեն: Օր չկար, որ մահ չլիներ: Ամերիկյան զորքը մեզ ազատեց 1945 թվականին»:

Իրենց կյանքի տխուր ոդիսականի մասին պատմեցին նաեւ Վարվառա եւ Մնացական զույգերը, Լյուդմիլա Զախարյանը:

Դաժան բան է պատերազմը. նա չի ճանաչում ո՛չ մեծ, ո՛չ մանուկ…

Կորչի՛ պատերազմը:

Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի
2-րդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Ճակատագրեր


18/11/2015