ԹԵՀՐԱՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Մերձավոր Արևելքում Թեհրանի դիրքերի ամրապնդումը խոչընդոտելու նպատակով Հյուսիսային Իրանում փորձում են վերակենդանացնել «Հարավային Ադրբեջան» ռազմաքաղաքական արկածախնդրությունը:
Վերջին շաբաթների ընթացքում թուրքերով բնակեցված իրանական հյուսիսարևելյան նահանգներում բախումներից զոհեր եղան, և ադրբեջանական լրատվամիջոցները լծվեցին Իրանում ֆաշիզմի առկայության մասին քարոզարշավին: Իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման հետևում կանգնած են ոչ միայն Բաքվի գործող իշխանավորները, այլ նաև՝ տարածաշրջանային այլ խաղացողներ, որոնք ցանկանում են այստեղ ապակայունության նոր շրջան ստեղծել:
Նոյեմբերի 14-ին նախատեսված էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման առաջին այցը Եվրոպա՝ Իտալիա, Ֆրանսիա և Վատիկան: Այցի ընդհանուր խորհուրդը համահունչ էր մերձավորարևելյան տարածաշրջանում առկա իրավիճակին: Սիրիայի հարցում եվրոպական գերտերությունների տրամադրվածությունների փոփոխությունները, Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմավորում ճանաչելը թուլացնում են քրիստոնյաների և մահմեդականների միջև համաշխարհային կոնֆլիկտ ստեղծելու ջատագովների ձայները: Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների անարդյունավետությունը տեսնելով՝ նույն ուժերը փորձում են իրենց մարդկանց միջոցով հակաիսլամական տրամադրվածություն և կրոնական հողի վրա բախումներ ստեղծել դեպի Եվրոպա փախստականների հոծ խմբերում: Եվ Հռոմ Իրանի նախագահի այցելության նպատակներից մեկն էլ հենց միջկրոնական լարվածության բացառումն էր: Այս պատմական այցը հետաձգվեց Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:
Իրանը կրկին սկսել է լրջորեն խանգարել Մերձավոր Արևելքում իսլամական դրոշի տակ իրենց աշխարհաքաղաքական նկրտումներն իրականացնողներին: Նախ՝ Իրանի և Եգիպտոսի շնորհիվ այդ ուժերին չի հաջողվում Սիրիական ճգնաժամը դարձնել ոչ միայն միջկրոնական, այլ նաև՝ միջդավանական: Իրանը վերջին ամիսներին դարձավ տարածաշրջանային լրջագույն կարգավորող և զսպող գործոն, ինչը չի մտնում «Արևելյան Մեծ պատերազմ» հրահրելու ծրագրի շրջանակներում, առավել ևս, որ Թեհրանը սատարում է ոչ միայն տարածաշրջանի շիա ազգաբնակչությանը, այլ նաև եզդիներին և այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Բացի այդ, պատժամիջոցների վերացման դեպքում իրանական գազի և նավթի վերադարձը միջազգային շուկա կարող է լրջորեն էժանացնել էներգակիրների գները: Դրանից դրդված՝ Իրանի հակառակորդները փորձեցին Թեհրանի դեմ օգտագործել «Հարավային Ադրբեջան» խաղաքարտը:
«Հարավային Ադրբեջան» արտահայտությունը ի հայտ է եկել դեռ 20-րդ դարի սկզբներին՝ պանթուրքիզմի գաղափարախոսների ջանքերով: Պատմականորեն այս տարածքն ինքնին միշտ անվանվել է Ադրբեջան՝ որպես Ատրպատական երկրամասի անվան արաբականացված վերափոխում, իսկ Արաքսից հյուսիս ընկած տարածքները՝ Առան և Շիրվան: Ձգտելով Մեծ Թուրան ստեղծելու ճանապարհին երկրամասը պոկել Իրանից՝ 1918 թվականի մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի թուրք պատգամավորները հռչակում են Ադրբեջանի Հանրապետությունը իրականում ոչ իր տարածքում: Անդրկովկասի խորհրդայնացումից հետո անվանումը ոչ միայն պահպանվեց, այլև դարձավ Իրանի նկատմամբ տարածքային պահանջների կարևորագույն գործիք: 1945թ.-ին Ջաֆար Փեշավարիի գլխավորությամբ այստեղ հռչակվեց Խորհրդային Հանրապետություն, որը գոյություն ունեցավ երկու տարի: 1990-ականներին ադրբեջանական ազգայնականները կրկին բարձրացրին «Ադրբեջանի միավորման» գաղափարը, իսկ ալիևյան վարչակարգը այն դարձրեց Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը «վերադարձնելու» հետ զուգահեռ պաշտոնական դոկտրին: Ավելին՝ 2012 թվականին ադրբեջանական խորհրդարանում հայտնվեց երկիրը «Հյուսիսային Ադրբեջան» վերանվանելու նախագիծը, որը կասեցվեց միջազգային հանրության ճնշման տակ:
Թուրքական տարրերով բնակեցված իրանական հյուսիսարևելյան նահանգները Իրանի դեմ պատերազմի լավագույն հենակետ դարձնելու գաղափարը ոգեկոչվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրոք: ԱՄՆ այդ նախաձեռնությանը միացել էր նաև Իրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելը, որը մեծ գումարներ էր ներդնում Ադրբեջանի ռազմաարդյունաբերական ոլորտում և զինում վերջինիս հնարավոր պատերազմի համար: Կարելի է փաստել, որ Բաքվի ինտենսիվ ռազմականացումը տեղի է ունենում ոչ այնքան ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հիմնահարցը լուծելու, որքան Իրանից որևէ տարածք կորզելու համար: Բաքվում լավ գիտակցում են, որ Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ բազմազգ Իրանը պանթուրքիստների լավագույն թիրախն է:
Բացի Իսրայելից, Իրանի թուլացման և նույնիսկ կազմաքանդման գործում մեծ ներդրում ունի նաև Սաուդյան Արաբիան: Տասնամյակներ տևող մրցակցությունը, սաուդյանների դեմ Եմենում շիա բնակչության հաջողակ ինքնապաշտպանական պատերազմին օգնելը, Սիրիայի նախագահի սատարելն ու «Իսլամական պետության» դեմ ռուսաստանյան գործողություններին աջակցելը ստիպում են Էր Ռիադին խոցել, առայժմ անարդյունք, Իրանի պետականության աքիլլեսյան գարշապարը՝ ազգային խաղաքարտը: Իրանում շատ ուժեղ է ընդհանուր պետականության գաղափարը, և բոլոր ազգությունները լոյալ են կենտրոնական իշխանությունների հանդեպ:
Այնուամենայնիվ, Իրանի ամենաթույլ օղակը մնում է հյուսիսարևելյան նահանգների թուրքական և Պարսից ծոցի ափերին բնակվող արաբ ազգաբնակչությունը: Եվ եթե արաբները հիմնականում հանդես են գալիս զուտ կրոնա-մշակութային ինքնավարության պահպանման պահանջներով, ապա թուրքական տարրը օգտագործվում է հանուն պանթուրքական գաղափարախոսության:
«Իսլամական պետության» դեմ ռուսաստանյան զինված ուժերի գործողությունների պատճառով իսլամիստների պարտությունները, նրանց զանգվածային հոսքը դեպի արաբական այլ երկրներ և Եվրոպա, իսկ այս օրերին՝ նույնիսկ Ֆրանսիայի ակտիվացումը հակաահաբեկչական այս գործընթացներին անհանգստացնում են «ԻՊ»-ի հովանավորներին: «Իսլամական պետության» ներուժը նրանք փորձում են ուղղորդել մեկ այլ ուղղությամբ, և առավել հարմար թիրախը բազմազգ Իրանն է: Իսլամիստների միջոցով Իրանում զավեշտալի իրավիճակի ստեղծումը ձեռնտու է նաև հենց Բաքվին: Ադրբեջանում այսօր քիչ չեն «Իսլամական պետության» վարձկանները, ակտիվ են նաև իսլամիստական տարբեր կազմակերություններ: Նման կերպ ալիևյան վարչակազմը փորձում է երկրի ներքին խնդիրներով առաջացած դժգոհությունները, անհաջողությունները ղարաբաղյան ճակատում կոծկել՝ հասարակության հայացքն ուղղելով Իրանի հյուսիսային շրջաններին:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ