ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔԻ ԾԱՅՐԻՆ Է»
Ես չէի կարող անտարբեր մնալ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի նկատմամբ: 60 տարի զբաղվել եմ մեր զավթված Երկրի՝ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բանավոր նշխարները և Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների հուշ-վկայությունները կորստից փրկելով: Եվ այսօր, երբ արդեն ունենք Ազատ Արցախը, այլևս իրավունք չունենք խոսելու մեր ժողովրդի միայն մեծ ողբերգության ու կորուստների մասին:
Ուստի ես իմ աշխատության միջոցով նպատակ եմ ունեցել մարդկանց միջից արմատախիլ անելու այն մտայնությունը, թե իբր հայերը «ոչխարի պես մորթվել են ու նահատակվել»: Այնինչ, մեր ժողովրդի զավակները բազմաթիվ հայաբնակ վայրերում ինքնապաշտպանական մարտեր են մղել՝ Յոզղատի Ագդաղում, Սասունում, Մուշում, Շատախում, Վանում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռում, Ուրֆայում, ավելի ուշ նաև՝ Մարաշում, Այնթապում, Հաճընում և այլուր: Այս ամենի մասին ինձ պատմել են ցեղասպանության ականատես-վերապրողներն ու այդ հերոսամարտերի մասնակիցները:
Մուսա լեռան աչքի ընկնող մարտիկներից էր Եսայի Յաղուբյանը, որի մասին հերոսամարտի մասնակից Պողոս Սուպկուկյանը – Աշուղ Դևելին (ծնվ. 1887 թ.), իր սազի վրա նվագելով, վիպերգ է ձոնել և ինձ է հաղորդել: Իրենց հերոսությամբ աչքի են ընկել նաև կանայք, որոնք պաշտպանել են հայ կնոջ պատիվն ու արժանապատվությունը: Նրանց թվում էր Մանուշակ Նաշալյանը, որի մասին ևս երգեր է հյուսվել: Հիշենք Վանի հերոսամարտի ղեկավարներից Արմենակ Եկարյանին, Արամ Մանուկյանին, Շապին-Գարահիսարի հերոսամարտի ղեկավարներից Ստեփան Օզանին, Ուրֆայի հերոսամարտի կազմակերպիչ Մկրտիչ Յոթնեղբայրյանին, իսկ Խանում Քեթենջյանի քաջագործությունների մասին նույնիսկ թուրքերը հիացմունքով են արտահայտվել: Այդ հերոսները մեզ կյանքի դասեր են տվել և ուսուցանել արժանապատիվ ապրել: Ինչպես ասում են Մուսա լեռան դյուցազունները՝ «Ազատությունը զենքի ծայրին է»:
Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի մղած ինքնապաշտպանական մարտերը ծանր թեմաներ են, սակայն հպարտության զգացումով և արժանապատվությամբ են լցնում ամեն մի հայի սիրտն ու հոգին:
Մուսա լեռան հերոսամարտը ուսանելի պատմական դաս դարձավ նաև Արցախյան հերոսամարտի համար, որը մեր օրերի Մուսա լեռն է: Ազատ ու Անկախ Արցախը մեր պահանջատիրության առաջին հանգրվանն է:
Պատրաստեց Հ. ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից