ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ
ՄԻՆԱՍՅԱՆ ԺՈՐԱ ՎԱՀԱՆԻ
Ծնվել է 1935թ. ապրիլի 18-ին, Մասիսի շրջանի Այնթապ գյուղում` աշխատավոր գյուղացու ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո մեկնել է խորհրդային բանակ: 1957թ. աշխատանքի է ընդունվում «Էրեբունի» օդանավակայանում` որպես ավիաշարժիչների վերանորոգող: Հետագայում սովորում է Եգորովսկի ավիատեխնիկական ուսումնարանում եւ 1970թ. ավարտելով այն` վերադառնում է Երեւան:
Զոհվել է 1991թ. հունիսի 14-ին կենդանաբանական այգու մոտ` Շահումյան անհրաժեշտ բեռներ տեղափոխելու ճանապարհին: ԼՂՀ նախագահի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Աճյունն ամփոփված է Եռաբլուրում:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայում Ժորային ճանաչում են բոլորը: Շատերը նրան Շվիկ էին անվանում: Այդ մականունը նրան դեռ երիտասարդ տարիներից են տվել: Ժորան ավելի շատ սուլում էր, քան խոսում: Նա իր երգը, իր զգացմունքներն արտահայտում էր ցածրաձայն` քթի տակ մեղմորեն սուլելով:
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ
Ծնվել է 1964թ. փետրվարի 20-ին, Երեւանում` մանկավարժի ընտանիքում: 1970-80թթ. սովորել եւ գերազանց ավարտել է Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը: 1981թ. ընդունվել է ուկրաինական ԽՍՀ Վոլչանսկ քաղաքի օդաչուական ուսումնարանը, 1984թ. ավարտել, ապա գործուղվել է Գրոզնի: 1986թ. վերադարձել է Երեւան եւ աշխատանքի անցել «Էրեբունի» օդանավակայանում: Զոհվել է 1991թ. հունիսի 14-ին: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Աճյունը ամփոփված է Եռաբլուրում:
Կարենը մեծ հայրենասեր էր, ոչ ոք Կարենին չէր ստիպում, որ թռչի Արցախ եւ վտանգի երիտասարդ կյանքը: Նրա նշանաբանն էր. «Շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիքդ մի տուր թշնամյաց…»: Այդ նշանաբանով էլ թռավ Հայաստանի սահմանամերձ գոտիները, թռավ Լեռնային Ղարաբաղ, Շահումյան, անհրաժեշտ բեռներ, կամավորական ջոկատներ տեղափոխեց տարբեր անձնակազմերի հետ, այնտեղից սրտի ցավով դուրս բերեց տնավեր շահումյանցիներին, գետաշենցիներին, վիրավոր ու զոհված ազատամարտիկներին: Մի անգամ հերթական մարտական առաջադրանքը կատարելուց հետո Կարենը տուն էր մտել, բռնել գլուխը ու բարձրաձայն լաց եղել…Հանգստանալուց հետո մորը պատմել էր. «Գիտե՞ս, մամ ջան, Թաթուլ Կրպեյանն է զոհվել, մենք ենք բերել նրան…»:
Կարճ ապրեց Կարենը, շատ կարճ, երբ դեռ նոր էր բոլորել իր ծաղկուն 27-րդ գարունը…
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ՄԵՍՐՈՊԻ
Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 24-ին, Ալավերդի քաղաքում` բանվորի ընտանիքում: 1968թ. հաճախել է Ալավերդու թիվ 2 դպրոցը: 1975թ. ընտանիքով տեղափոխվել է Երեւան: Ավարտել է Երեւանի թիվ128 դպրոցը եւ երկու տարի աշխատել «Երազ» գործարանում: Խորհրդային բանակի կազմում ծառայել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Զորացրվելուց հետո ընդունվել է Կրեմենչուկի քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային-օդաչուական ուսումնարանը: 1991թ. վերադարձել է Հայաստան եւ աշխատանքի անցել Երեւանի «Էրեբունի» քաղաքացիական ավիացիայի օդանավակայանում: Զոհվել է 1992թ. սեպտեմբերի 29-ին, Շահումյանում մարտական առաջադրանք կատարելիս: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Հրայրը սիրում էր բոլոր ծանոթ- բարեկամների հոգսը իր վրա վերցնել, օգնել նրանց եւ ուրախանալ, երբ տեսնում էր արդյունքը: Տարիքից անհամեմատ լուրջ էր եւ շատ համեստ, խուսափում էր գովեստներից: Նա երկար ժամանակ զբաղվել է պարաշյուտային սպորտով: Չունենալով երաժշտական կրթություն` շատ լավ նվագում էր դաշնամուր եւ մի քանի փողային գործիք:
Հրայրի մանկությունը անցել է Լոռվա գեղատեսիլ բնության գրկում: Ժամերով նստել է քարափի ծայրին, հիացել Լոռվա վայրի գեղեցկությամբ, հիացմունքով դիտել թռչունների ճախրանքը: Հավանաբար հենց այդ պահերին է ծնվել օդաչու դառնալու նրա երազանքը…
Նա ամբողջ հոգով նվիրվեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի սուրբ գործին: Շատ կարճ ժամանակում ծանոթացավ լեռնային տեղանքով թռչելու գաղտնիքներին ու դարձավ ուղղաթիռի հրամանատար: Հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ դարանակալ թշնամին հրետակոծեց Հրայրի ուղղաթիռը, որը բոցավառվելով ընկավ Կիսս սարի մոտ…Մթագնեց երկինքը` սեւ ամպով ծածկելով սարը…Կտրվեց հրաշալի մարդու, մեծ հայրենասերի եւ վարպետ օդաչուի կյանքի թելը…31 գարուն ապրեց Հրայրը, բայց հասցրեց բարի անուն ու հեղինակություն թողնել…
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ